Ապաշնորհության հերթական վկայությունը

Ապաշնորհության հերթական վկայությունը

Մի քանի օր առաջ կարծիք էի հատնել, որ մեր գերիների մի մասին վերադարձնելը կապված է մյուս տարվա սկզբին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ: Ավելի քան երեք տասնյակ հայերին փոխանակելով ընդամենը երկու հոգու հետ՝ այդ երկրի ղեկավարը համապատասխան մեսիջ է հղում հանրությանը՝ մեկ ադրբեջանցին արժե ավելին, քան մեկ տասնյակ հայերը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե դա ինչ է նշանակում 30 տարի առաջ ջախջախված, իսկ Նիկոլի վարչապետության շնորհիվ վրեժխնդրության պահանջը բավարարած ադրբեջանցիների համար: Իսկ վրեծի զգացումն ադրբեջանցիների հոգում ներարկվել է հենց Իլհամի կողմից՝ ի տարբերություն թշնամուն այլևս թշնամի չհամարող և նրան չատող, երբեմնի  «դուխով» Նիկոլի: Այդ քայլով Իլհամն իրեն հավասարեցրեց Իսրայելի ղեկավարներին, որոնք մեկ կամ երկու իսրայելցի զինվորի փոխարեն բանտերից ազատում էին տասնյակ ու հարյուրավոր պաղեստինցիների: Չմոռանանք, որ նախքան Նիկոլին վարչապետ կարգելը մենք մեր բանակից «պահանջում» էին մեկ սպանված զինվորի փոխարեն այն աշխարհն ուղարկել թշնամու մի քանի զինվորականի:

Իմ լավ բարեկամներից մեկը կասկած էր հայտնել, որ գերիների մի մասի ազատումը կապված է ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու հետ: Ինչը, բնականաբար, հերթական արհավիրքն է լինելու, ու դրա բացասական ազդեցությունը Նիկոլը փորձում է նվազեցնել գերիներին վերադարձնելով: Դա ևս կարող է լինել, հատկապես որ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո մենք նրանից լավ նորություն այլևս չենք սպասում: Բայց մեր թշնամին, չգիտեմ՝ տվյալ դեպքում բարեբախտաբար, թե ոչ, բայց այդպես միագիծ չի մտածում: Ինքը գիտակցում է թե՛ նյութական և թե՛ ոչ նյութական ձեռք բերվածի նշանակությունը: Եվ ի տարբերություն ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի՝ կատարում է իր երկրի պետական շահերին համապատասխան քայլեր: Եվ ոչ թե գործում է Նիկոլի նման, որը պարտությունից հետո, հանուն սեփական իշխանության պահպանման, թարս նստել է հայտնի կենդանու վրա ու այնտեղի իջնելու ցանկություն չի դրսևորում:  
Ֆեյսբուքյան իմ գրառման հաջորդ օրը հայկական մամուլում հայտնվեց Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանած Ախունդով Հուսեյնի դիմավորման տեսագրությունից մի նկար: Որում երևում է, թե ինչպես են ադրբեջանական մամուլի ներկայացուցիչները շրջապատել այդ հակահերոսին: Որին, բնականաբար, իր երկրում դիմավորել են որպես հերոսի: Դա նկատել է նաև ամերիկյան հայտնի լրագրող Լինդսի Սնելը՝ X-ի իր միկրոբլոգում կատարելով հետևյալ գրառումը. «Հուսեյն Ախունդովը, ով անցել է Հայաստանի սահմանը, սպանել հայ քաղաքացուն և իր զոհի հեռախոսով տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսանյութը, Ադրբեջանում նրան դիմավորել են ինչպես  հերոսի»։ 
Կարծում եմ նաև, որ այդ հակահերոսին և նրա հետ եղած անձին փոխանակելու գաղափարը ծագել է ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում: Եվ ծագել է Իլհամի շրջապատում վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 6-ին հայկական մամուլում հաղորդում եղավ, որ Ախունդովի 20 տարվա ազատազրկման ժամկետը, զոհի հարազատների բողոքարկման հետևանքով, Վերաքննիչ դատարանի կողմից փոխարինվել է ցմահով: Իլհամը չէր կարող թույլ տալ, որպեսզի որևէ ադրբեջանցի ցմահ բանտարկված մնա Հայաստանում: Հենց դա էլ ստիպել է Ադրբեջանի նախագահի գրասենյակին կապվել ՀՀ վարչապետի գրասենյակի հետ և առաջարկել փոխանակման գաղափարը: Բայց քանի որ դիվանագիտությունն ու ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը կիլոմետրերով հեռու են միմյանցից, վերջինս չի կարողացել կյանքի կոչել «բոլորը բոլորի դիմաց» բանաձևը: Ինչը վերջինիս ապաշնորհության հերթական վկայությունն է: