Թող Պուտինին նայի ու սովորի

Թող Պուտինին նայի ու սովորի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսն եմ նայում ու ինքս ինձ մտածում՝ տեսնես Փաշինյանը նայու՞մ է, թե մանկապարտեզի կամ ջրագծի  բացում է անում։ Թե ինչու նման բան մտքովս անցավ, կասեմ պատճառը։ «Նյու Յորք Թայմս» ամերիկյան ամենատարածված թերթի լրագրողը թույլտվություն էր ստացել, որ հարցը բարձրաձայնի, մեկ էլ Պուտինը նկատում է, որ Չինաստանը նույնպես հարց ունի։ Նա ասում է, որ առաջինը թող Չինաստանի  ներկայացուցիչը հարցը տա։ Նույնիսկ այս սովորական հարց ու պատասխանի մեջ Պուտինն  օգտագործում է Ռուսաստանի դիվանագիտությունը՝ ի շահ իր բարեկամի, դաշնակցի։ Ընդգծու՛մ է դա։  

Այնքան նուրբ է ընդգծում, որ Չինաստանի լրագրողը  շոյվում է, իսկ ԱՄՆ-ի լրագրողը չի նեղանում, ասելով՝ դու հաջորդը կձևակերպես հարցդ։ Ինչ եմ ուզում ասել։ Նիկոլ Փաշինյանը ոչ բարեկամին հարգել գիտի, ոչ թշնամուն պատժել։ Բարեկամին վանում է իրենից՝ հնարավոր բոլոր միջոցներով։  Ո՞վ չի հիշում, երբ Պուտինը Հայաստան էր եկել՝ դիմավորելու չգնաց։ Այդ ժամանակ մեր մեծերն ասում էին՝ Նիկոլն իր հացը կերավ։ Նիկոլը ոչ միայն իր հացը, Հայաստանի գլուխը կերավ։ Այդ կետից սկսեք ու հասեք մինչև վերջին կետը։  

Ու տեսեք՝ տե՞ղ է թողել, որ Ռուսաստանը սրտացավ վերաբերմունք ունենա Հայաստանի հանդեպ։ Բարեկամը, դաշնակիցը Հիսուսը չի, որ միայն նեղության ժամանակ հիշես նրան, ու նա քեզ ների։ Հիմա թող նայի Պուտինին ու հասկանա, որ ՌԴ նախագահը իր բարեկամ երկրի  անգամ սովորական լրագրողի նկատմամբ ինչպես է վարվում, ինչ քնքշությամբ է ասում, երբ նա հարցը տալուց հետո կանգնած է մնում՝ նստեք, խնդրեմ։  Թող նայի ու սովորի, որ բարելակամի նկատմամբ բարեկամություն են անում, հետո պահանջում։ Որ իր դիվանագիտական գիտելիքների բացակայության պատճառով ոչ թե իրեն, այլ Հայաստանին է ոտի տակ տվել։ Շատ բան կա ասելու, բայց ճիշտ ժամանակին լռելն էլ դիվանագիտություն է։ Կասեմ միայն՝ թող Պուտինին նայի ու սովորի։