Լավրովը եւ հայկական կապրիզները

Լավրովը եւ հայկական կապրիզները

Այսօրվա մեր հոդվածի խրթին նյութն ավելի պարզ մատուցելու համար ուզում եմ քեզ՝ սիրելի ընթերցող, սկզբում մի փոքր զարմացնել: Եվ, ուրեմն, չգիտես ինչու, ինձ թվում է, որ Լավրովի աղմկահարույց հարցազրույցը պետք է հեռարձակվեր փետրվարի 1-ին, բայց հետաձգվեց, որովհետեւ այդ օրը Երեւանում փակվում էր «Մալաթիա» տոնավաճառը, եւ վտանգ կար, որ հայերով կարող էինք կենտրոնանալ տոնավաճառի առեւտրականների խնդրի վրա ու նույնիսկ չնկատել Լավրովի հարցազրույցը: Ով՝ ով, բայց ռուսները նիկոլական Հայաստանը բոլորից լավ են ճանաչում: Ինչեւէ, Լավրովը ՔՊ-ին զրկեց Նիկոլի գործած խայտառակությունները Մալաթիայի շուխուրով ծածկադմփոց անելու հնարավորությունից: Բայց այստեղ ծագում է երկրորդ հարցը՝ ինչո՞ւ Լավրովի հարցազրույցը հեռարձակվեց հենց այն օրը, երբ Նիկոլը յուր հմայիչ տիկնոջ հետ մեկնեց Ղազախստան: Այս հարցի պատասխանը կարող է ոմանց զավեշտալի թվալ, բայց ճշմարտությունն այն է, որ հիմա էլ Լավրովը կիրառեց Նիկոլի թիմի մարտավարությունը՝ իր հարցազրույցով ստվերում թողնելով «Ղազախստանի ազգային հերոս» Նիկոլ Փաշինյանի՝ տառացիորեն աննպատակ մասնակցությունն այդ երկրում ԵԱՏՄ վարչապետների հավաքին:

Նիկոլական «ծելեներն» ինչ արին-չարին, կաշվից դուրս եկան, իրենց պատեպատ տվեցին, չկարողացան այնպես անել, որ հայ հանրությունը կենտրոնանա Միշուստին-Նիկոլ գյալաջիի վրա: Միշուստինը, թե բա՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աննախադեպ աճ է գրանցել, Նիկոլն էլ գլխով է անում՝ հա: Ապշել կարելի է այս «նորությունից», քանզի աշխարհում այսօր Ռուսաստանից բացի ուրիշ պետություն էլ չի մնացել, որի հետ Հայաստանը կարողանա առեւտրաշրջանառություն անել: Կարող եք նույնիսկ Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվել, թե ինչ անդորր է տիրում հայ-թուրքական ջերմացյալ ուղիների վրա: Հա, գալով թեմային, ասեմ, որ հայ հանրությունը, Նիկոլենց ընտանեկան այցը թողած, Լավրով էր քննարկում, այն էլ՝ մեծ պաթոսով եւ, ինչպես միշտ, տարբեր բանակների բաժանված: Մի մեծ խումբ այն կարծիքին էր, որ Լավրովը «դավաճան ա», «կապտուլյանտ», «հողատու» եւ այլն: Այս խմբից ածանցված մեկ այլ խումբ էլ համարում էր, որ Լավրովը ՀՀ նախկին ղեկավարներին տռաս հանեց, եւ հրճվում էին դրանից:

Ավելի ուշ Լավրովից գանգատվող մի հոսանք էլ ի հայտ եկավ, որ ավելի շատ վիրավորված էր ՌԴ արտգործնախարարի այն հայտարարությունից, թե հայերն օկուպացրել էին Ադրբեջանին պատկանող 7 շրջանները, որոնք Ադրբեջանը հետ վերցրեց: «Օկուպանտ» բառից էին նեղվել, հասկանում ես: Վերլուծաբանների եւ քաղաքագետների մի փոքրիկ խումբ կար միայն, որին հաջողվեց հենց նույն օրը հանրությանը մատուցել Սերգեյ Լավրովի դիվանագիտական մտքի նյուանսները: Իսկ Լավրովն այդ օրը մեկ հարցազրույցով բազմաթիվ «նապաստակներ» էր խփել, այդ թվում, 1՝ Նիկոլին, 2՝ Ալիեւին, 3՝ Նիկոլի եւ Ալիեւի արեւմտյան հովանավորներին, 4՝ հետխորհրդային տարածքների նկատմամբ հավակնություններ ունեցողներին, 5՝ Իրանը ռուս-իրանական առանցքից պոկել ցանկացողներին եւ այլն: «Նապաստակները» շատ են: Եվ այս ամենի ֆոնին՝ հեռավոր Ղազախստանում գտնվող Նիկոլ, որ համարձակվել էր Ալիեւի հետ Սոչիում երեւալ՝ Պրահայում սարքված խաղաղության պայմանագրի տեքստը ձեռքին:

Այո, Լավրովն ամենաշատը վրդովված էր Նիկոլից եւ դա նույնիսկ չէր էլ թաքցնում: Հիմա արդեն Փաշինյան Նիկոլը չի կարող ասել, որ հողերը տվել են նախկինները: Տասնամյակների բանակցությունների ընթացքում նախկինները ոչինչ էլ չեն տվել, թեեւ հասկանում էին, որ այդ հողերն իրենցը չեն: Ես այս հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ կմիացնեի նախկիններին: Ճիշտ է, նա ասում էր՝ Սերգո ջան, հողերը տանք, Արցախի հարցը լուծվի, որ դու լավ ապրես, բայց հող չտվեց, որովհետեւ հասկանում էր՝ դրանք Արցախի անվտանգությունն են, քանի չի լուծվել Արցախի հարցը: Եվ, ուրեմն, Նիկոլ Փաշինյան, հողերը տվել ես դու: Չգիտեմ՝ Ալիեւի հետ հանցավոր համաձայնության գալով, թե առանց դրա, դա արդեն էական չէ: Պատերազմով ես տվել, թեեւ կարելի էր առեւտրով տալ եւ ունենալ բոլորովին այլ պատկեր, քան ունենք: Այս հարցում էլ ես մեզ խաբել՝ հայտարարելով, թե արդյունքը նույնն էր լինելու:

Նիկոլին Լավրովը չի ներել Պրահայի թղթով Սոչի այցելելը, որի մասին ավելի վաղ ասել էր, թե դա «ուրիշ օպերա էր եւ ոչ թե քաղաքականություն»: Մինչ Սոչի այցելելն էլ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն այլընտրանք չունի: Հայերի վրա էլ մուննաթ էր գալիս՝ լավ, ե՞րբ պետք է այս պարզ բանը հասկանաք… Հրեն, Լավրովը հայերին հասկացրել է, Նիկոլ ջան, որ քո ասածներն անհեթեթություն են: Ադրբեջանը հետ է ստացել իր 7 շրջանները, եւ դրանով հարցը փակված է: Արցախը կապ չունի այդ շրջանների հետ, եւ Ալիեւը (հաջորդ նապաստակը) պետք է մոռանա Արցախի մասին: ՀՀ այսօրվա իշխանություններ, Ալմա-Աթայի հռչակագիրը կարող եք մտցնել ձեր մի տեղը, եթե մոռացել եք, թե ձեր նախնիներն ինչ վերապահումով են այն ստորագրել: ԽՍՀՄ-ի իրավահաջորդը եղել է ու կա Ռուսաստանի Դաշնությունը, եւ եթե դուք 30 տարի շարունակ համարվել եք Արցախի անվտանգության երաշխավորը, եւ ձեզ վստահվել է այդ կարեւոր գործը, դա չի նշանակում, որ Արցախը ձերն է, ու կարող եք «ռազբազարիտ» անել այդ տարածքը՝ այնտեղ ապրող ժողովրդի հետ միասին:

Եվ մինչ Միշուստինը պատրաստվում էր Ղազախստանում Նիկոլ խաղացնել, Լավրովը հայտարարեց, որ այսօր էլ Հայաստանում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու մասին փաստաթուղթը սեղանի վրա է, եւ դրանք կարող են տարածաշրջան բերվել 1-2 օրում: Մարդիկ գտնվեցին, որ ասացին, թե Լավրովը Նիկոլին «վախցնում ա»: Ոչ, հարգելիներս: Նիկոլին եւ մեզ վախեցնելու խնդիր Լավրովը չունի: Սա առաջին հերթին ուղղված է Իրանում՝ ՀՀ-ի քթի տակ, էշի հարսանիք սանձազերծողներին: Այո, 1-2 օրում ռուսական բանակը (գուցե հենց ՀԱՊԿ-ի դրոշով) կարող է հայտնվել իր դաշնակցի՝ Իրանի հետ սահմանին: Այստեղ արժե հիշել Սիրիայի՝ ՌԴ մեկ այլ դաշնակցի պատմությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանին Լավրովի հայտարարությունը վերաբերում է այնքանով, որ մեր հանճարեղ վարչապետը վերջապես հասկանա՝ չի կարելի եռացող կաթսա հիշեցնող տարածաշրջան հրավիրել պատահական դիտորդական ու քաղաքացիական առաքելություններ, որոնք աշխատում ու գործում են քո ռազմավարական դաշնակցին հակառակ եւ թշնամաբար են տրամադրված նրա դեմ:
Եթե ավելի խորը պեղենք, կտեսնենք, որ Լավրովն ուրիշ բաներ էլ է ասել իր հարցազրույցում: Օրինակ, մեզ ասել է, որ Նիկոլին պետք է դուք հեռացնեք, քանի դեռ ուրիշները չեն հեռացրել ու ավելի խայտառակ մեկին չեն դրել ձեր գլխին, Ուկրաինային տեսեք՝ ձեզ խղճացեք, հայեր: