Tik-Tok-ամանիայի օգուտները

Tik-Tok-ամանիայի օգուտները

Կարծում եք՝ Փաշինյանն ինքնաբո՞ւխ է հայտնվել Tik-Tok-ում: Իմ կարծիքով՝ նրան համոզել են, խորհուրդ են տվել՝ միառժամանակ այնտեղ ակտիվություն ցուցաբերել եւ չծիծաղեցնել ֆեյսբուքյան ու մյուս սոցիալական ցանցերի համեմատաբար լուրջ օգտատերերին: Ֆեյսբուքում, օրինակ, ովքե՞ր են՝ լուրջ իրավագետներ, գիտնականներ, փաստաբաններ, գլխավոր խմբագիրներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, գործարարներ, արհեստավորներ… 

Իրոք մտածելու բան է՝ Նիկոլն ի՞նչ պետք է աներ նրանց մեջ, որ չխայտառակվեր: Եվ հետո՝ Նիկոլն էլ մարդ է վերջապես, ներքին էներգիա ունի, որ պետք է ծախսի ինչ-որ կերպ: Ու սրտացավ մարդիկ խորհուրդ են տվել, համոզել են, որ միառժամանակ դա անի Tik-Tok-ում, մինչեւ տեսնեն, թե ինչով է ավարտվում նրա վերջին օյինբազությունը, այսպես կոչված՝ խաղաղության քաղաքականությունը: Այս իմաստով՝ իմ խորին հարգանքն այն մարդուն կամ մարդկանց խմբին, որ Նիկոլին տարել են Tik-Tok: Երկար արեւ ունենաք: Բայց մի բան էլ խնդրեմ: Եթե կարող եք` Փաշինյանին համոզեք՝ հնարավորինս քիչ երեւա իրական, արտատիկտոկյան հարթակներում: ԱԺ է գնում, ՔՊ-ի փակ ու բաց նիստեր է անում, մարդ է ընդունում, մարդ է ճանապարհում, զանգեր կատարում, կառավարության նիստեր է վարում… Եվ այդ ամենը՝ տիկտոկյան տրամաբանության մեջ: Լավ չի: Էն բոլոր սխալ-մխալ բաները, որ հնչեցնում է Tik-Tok-ում, նույնությամբ բերում է իրական կյանք ու բոլորին խառնում իրար: Հասկանալի է, շուն-գել՝ վարչապետ է, հաճախ կատակի ենք տալիս, հիմարությունները սղղացնում զոմբիների հարթ ուղեղների վրայով, բայց ինչքա՞ն: Մենք էլ մարդ ենք, չէ՞, մենք էլ ներքին էներգիա ունենք ու պետք է մի տեղ ծախսենք: Ու պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե մի հրաշքով բոլորը որոշեն իրենց ներքին էներգիան ծախսել ոստիկանատներում՝ նռնակներով, փոցխով, եղանով-բանով: Ես հասկանում եմ, դժվար է ՔՊ-ի գլխին համոզել՝ քիչ շփվել ՔՊ-ի հետ: Բայց կարելի է, չէ՞, ԱԺ-ի հետ հարցուպատասխանի օրերն այնպես հարմարեցնել, որ Նիկոլը Հայաստանում չլինի կամ էլ, ասենք, խրված լինի պետության մասին Tik-Tok-յան լուրջ զրույցների մեջ: Ասելս ինչ է… ՀՀ վարչապետի սիրելի խորհրդականներ, աշխատակազմի ղեկավարներ, Tik-Tok-յան ակտիվիստներ, եթե մի լավ գործ եք անում, աշխատեք մինչեւ վերջ անել:

Այն էլ ասեմ, որ Նիկոլի Tik-Tok-յան ակտիվությունը կարող է վարակիչ լինել նաեւ մեր շատ պաշտոնյաների համար, ովքեր այս կյանքում իրենց տեղը ոչ մի կերպ չեն գտնում: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրինակ, բնատուր Tik-Tok-իստ է: Միայն Վահագն Խաչատուրյանը կարող էր մեր լուսավոր դարում զանգել «Յանդեքս» տաքսի ծառայություն եւ ավտոատվետչիկին մանրամասն բացատրեր, թե ինքը որտեղ է գտնվում այդ պահին: Թե բա՝ ես ԱԺ նախագահը չեմ, ես Հայաստանի Հանրապետության նախագահն եմ ու Գայի արձանի մոտ եմ… Ի՞նչ ասեմ, բռնվել էի համակարգչից, որ չընկնեմ… Ու էս մարդը գնացել էր Անգլիայի թագուհու թաղմանը: Ավելի լավ չէ՞ նրա համար էլ մի Tik-Tok բացեք: Նիկոլի հետ կասեն-կխոսեն, կշփվեն՝ օրները կանցնի:

Իսկ այժմ՝ երկու խոսք այն մասին, թե որքան վտանգավոր են Փաշինյանի հայտարարությունները, երբ դրանք արվում են Tik-Tok-յան հարթակից դուրս: Երկու դրվագ հիշեցնեմ: Մեկը մեծբրիտանացի լրագրողի հետ հարցազրույցից, մյուսը՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին արեւելումից: Հետո դրանք դնենք իրար կողքի ու տեսնենք՝ ինչ կստացվի: Եվ այսպես, Մեծ Բրիտանիայից ժամանած հայտնի լրագրողը, որի անունն առաջին անգամ էի լսում, Նիկոլին «անամոթաբար» մի այսպիսի հարց տվեց՝ Դուք կձերբակալե՞ք Վլադիմիր Պուտինին, եթե նա գա Հայաստան: Նիկոլը նախ փորձեց ցրել, բայց բան դուրս չեկավ: Մեծբրիտանացին ավելի համառ էր: Տեսնելով, որ էլ հնար չկա ցրելու, Փաշինյանը սկսեց լոլո կարդալ էս ժուռնալիստի գլխին, թե բա գիտեեեեեք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ մարդ բռնելու որոշումները ոչ թե վարչապետը, այլ դատախազը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու հակակոռուպցիոն մարմինն են կայացնում: Թե հիմա նրանք Պուտինին կբռնեն-չեն բռնի, չեմ կարող ասել: Եթե այդ պահին ուշադիր նայեիք Նիկոլին, ապա անպայման կտեսնեիք նրա թիկունքին աճած հրեշտակի թեւերը: Հավատաց մեծբրիտանացին Նիկոլին, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց ես հո լավ գիտեմ, թե որքան ժողովրդավար երկիր է Հայաստանը, եւ ով է Հայաստանում «ժողովրդավարական» որոշումներ կայացնողը:

Այս հարցազրույցից շատ չանցած՝ մեկ էլ Նիկոլը հայտնվում է ԱԺ-ում եւ ընդդիմադիր պատգամավորին հաթաթա տալիս, որ եթե նա շարունակի վարչապետին «ոչ պատշաճ» ձեւով դիմել, վատ բաներ կարող են լինել՝ գիտես, չէ՞, ինչ կարող է լինել: Թարսի պես էլ այդ նույն ընդդիմադիր պատգամավորին նոր էին ազատ արձակել բանտից: Իսկույն հարց առաջացավ մոտս՝ Նիկո՞լ, իսկ ի՞նչ կարող է լինել այդ պատգամավորի հետ, ինչո՞ւ ես սպառնում, իրավապահ մարմիններ չկա՞ն: Չլինի՞ վստահ ես, որ կհրահանգես, ու նրանք ամեն ինչ կանեն քո հրահանգով: Եվ, ուրեմն, ի՞նչ լոլոներ էիր կարդում օտարերկրացի լրագրողի գլխին, ի՞նչ ժողովրդավարությունից էիր խոսում:
Եվ, ավարտելով այսօրվա ասելիքը, կրկին դիմեմ Նիկոլ Փաշինյանին Tik-Tok ուղեկցած անձանց: Ինչքան հնարավոր է՝ շատ զբաղեցրեք Tik-Tok-ում, փորձեք կտրել իրավապահ համակարգի հետ նրա բոլոր կապերը: Այդ կապերը խիստ գրգռում են ժողովրդավարության բաստիոնի հպարտ քաղաքացիներին: Բանը հասել է այնտեղ, որ որոշ քաղաքացիներ իշխանությունից Փաշինյանի հեռացումը պայմանավորում են, օրինակ, ոստիկանության պահվածքով: Է՛լ ռումբ վերցնել, է՛լ ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվել… Սա շատ նուրբ պահ է, եւ, կարծում եմ, իրավապահներն էլ պետք է հետեւություններ անեն սրանից: Վաղն իսկապես Նիկոլը կարող է չլինել: Ու ի՞նչ, Նիկոլի կերած բողկերի համար իրավապահնե՞րն են պատասխան տալու: