Փաշինյանն առաքելություն է փնտրում. եկեք օգնենք նրան

Փաշինյանն առաքելություն է փնտրում. եկեք օգնենք նրան

Փաշինյանը ՔՊ-ականներին հանգամանորեն բացատրում է, որ խաբելու, ստելու, այսօր մի բան ասելու, վաղը դրա ճիշտ հակառակն ասելու, խոսքից թռնելու մեջ ոչ մի վատ բան չկա, ինքն ամբողջ կյանքում այդպես է ապրել: Գյումրիում ՔՊ ակտիվի, իրականում՝ երիտկարիերիստների հետ հանդիպման ժամանակ, ստից չամաչելու մաստեր կլասի մասնագետ Փաշինյանն ասում է. «Մեզ շատ են ասում, որ որոշակի մեր մոտեցումները, որոշ դրվագներում մեր խոսույթները, մեր ասածները փոխվում են, ժամանակի հետ եւ ժամանակի ընթացքում, եւ կա էդպիսի բան: Երեկ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպման ժամանակ ես այս հարցը բարձրացրեցի, ասացի` իրոք կա այդ երեւույթը, եւ մենք պետք է այդ երեւույթին առերեսվենք: Հիմա ի՞նչ ա սա, արդյոք սա անսկզբունքայնությո՞ւն է, արդյոք քաղաքական անողնաշարությո՞ւն է, սա արդյոք դիմադրողականության բացակայությո՞ւն է, եւ բնական է` այդ հարցը մենք՝ ինքներս, մեզ տալիս ենք, եւ իմ պատասխանը «ոչ»-ն է: Դա ընդամենը քաղաքականության որդեգրում է փլուզվող աշխարհում, Հայաստանի Հանրապետությունը նոր պայմաններում առավել մրցունակ դարձնելու»:

Մի ամաչեք ստից, մի ամաչեք, որ մեզ մեղադրում են անվերջ մարդկանց խաբելու համար, համարեք, որ դա սովորական բան է, դա քաղաքականության որդեգրում է, դա իշխանության մեր բանաձեւն է, մեր հիմնական գաղափարախոսությունը: Քանի դեռ կարելի է խաբել, քանի դեռ այդ խաբեությունն անցնում է, ուրեմն ինչո՞ւ չխաբել: Ինչպես ցանկացած բանախոս, Փաշինյանը կարող է իր օրինակը բերել. տեսեք` ինքն ամբողջ կյանքում խաբել է, ու կարծես թե ոչինչ, դրա արդյունքում միայն հաջողություններ է գրանցել, նույնիսկ վարչապետի պաշտոնին է հայտնվել: Ուզո՞ւմ եք դուք էլ նույնքան հաջողակ լինել, բարձրանալ իշխանության բարձունքներով, ուրեմն ինձնից օրինակ վերցրեք: Եթե ձեզ ինչ-որ մեկը դեմ կտա ձեր սուտը, կապացուցի, որ դուք խաբեբա եք, ինչ-որ անիմաստ բառեր կամ բառակապակցություններ օգտագործեք, օրինակ՝ «քաղաքականության որդեգրում»: Ասեք, որ դա արել եք հանուն Հայաստանի Հանրապետության: Խոստացել էինք ժողովրդավարություն, բայց բանտերը լցված են քաղբանտարկյալներով` նորմալ է, խոստացել էինք պայքար կոռուպցիայի դեմ, բայց կոռուպցիայի մակարդակով գերազանցել ենք բոլորին` շատ լավ է, խոստացել էինք արդարադատություն, բայց մարդկանց առանց դատի տարիներով զրկում ենք ազատությունից, հրաշալի է, խոստացել էինք խաղաղություն եւ անվտանգություն, բայց բերել ենք պատերազմ ու ավեր` հիասքանչ է, սա է հենց քաղաքականությունը՝ իմ պատկերացմամբ, սա է մեր իշխանության իրական դեմքը: 

Փաշինյանը շրջանառության մեջ է դնում մի այլ կարեւոր թեզ եւս՝ «կործանվող աշխարհ»: Նա ուզում է իր կողմնակիցներին ու հասարակությանը համոզել, որ պետք չէ շատ վատ զգալ, որ ինքը պլանավորված եւ հետեւողականորեն ոչնչացնում է Հայաստանը, որովհետեւ միայն Հայաստանը չէ, որ ոչնչանում է, այլ ամբողջ աշխարհն է փլուզվում: Եթե ամբողջ աշխարհն է փլուզվում, Հայաստանի փլուզումն օրինաչափ է, դա նշանակում է, որ Հայաստանի փլուզման մեղավորն ինքը չէ, դա համաշխարհային միտում է, ինքը հո ամբողջ աշխարհի վարչապետը չի՞, որ կարողանար աշխարհը փլուզել: Ես հոգեվերլուծաբան չեմ, բայց առանց դրա էլ պարզ է, որ Փաշինյանն անընդհատ ուզում է փախչել Հայաստանի կործանման պատասխանատվությունից եւ դրա համար ինքն իր ներսում ինչ-որ մեղավորներ ու պատճառներ է փնտրում, բնականաբար՝ իրենից դուրս, իրեն արդարացնելու, իր վրայից պատասխանատվությունը գցելու համար: Սա նման է այն հանցագործի վարքին, ով հանցագործություն կատարելուց հետո սկսում է ինքն իրեն ու քննությանը համոզել, որ ինքը ոչնչում մեղավոր չէ, մեղավոր են այն արտաքին գործոնները, որոնք իրենց դրդեցին գործել այդ հանցագործությունը, եւ ընդհանրապես՝ աշխարհում բոլորը հանցագործներ են` իրենից շատ ավելի մեծ հանցագործներ, բայց, չգիտես ինչու, միայն իրեն են բռնել:

Գյումրիում Փաշինյանը մի այլ բացահայտում էլ արեց. պարզ տեքստով ասաց, որ ՔՊ-ն չունի առաքելություն, եւ իրենք տեւական ժամանակ փնտրել են, թե, լավ` ո՞րն է ՔՊ-ի առաքելությունը, ի՞նչ է իրենց ուզածը, եւ ահա՝ ինչ-որ պատասխան ինքը գտել է, թեեւ այնքան էլ վստահ չէ, որ դա հենց այն է, ինչ պետք է: «Երկու-երեք ամիս քննարկել ենք հետեւյալ հարցը, թե որն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն էս նոր իրադրության մեջ, փոփոխվող իրադրության մեջ, եւ որն է մեզնից յուրաքանչյուրի առաքելությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ: Եվ, անկեղծ ասած, նախորդ շրջանի քննարկումների արդյունքում պատասխանների մի քանի տարբերակներ եղել են սեղանին, բայց դրանցից որեւէ մեկն ինձ խորքի մեջ համոզիչ չի թվացել, եւ այն պատասխանն էլ, որ հիմա կառաջարկեմ, դրանում էլ լիարժեք եւ ամբողջապես համոզված չեմ. մեր առաքելությունն է՝ առաջնորդել եւ ապահովել մեր ժողովրդի եւ մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան եւ ապահովել այդ իրական Հայաստանի երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումը»:

Ազատ, արդար եւ ժողովրդավարական Հայաստան կառուցելու առաքելությունը, որի խոստումներով Փաշինյանը բռնազավթել էր իշխանությունը, այլեւս չկա, որեւէ մեկը դրան չի հավատում: Իրենք էլ են մտածում՝ բա լավ, մարդկանց հիմա ինչո՞վ խաբենք, ի՞նչ ասենք` ինչո՞ւ են իշխանության, մտածում են ու չեն կարողանում գտնել, որովհետեւ մարդկանց ասելու, խոստանալու բան չունեն: Ինքը պատահաբար մի բան է հորինել` պատմական Հայաստանից անցում իրական Հայաստան, բայց դե՝ այդ կուտն էլ կարող է մարդիկ չուտեն, որովհետեւ կարող են ասել, որ մենք ունեինք իրական Հայաստան, մենք ապրում էինք իրական Հայաստանում, իսկ դուք եկաք ու կործանեցիք իրական Հայաստանը, ձեր գործունեության արդյունքում է, որ իրական Հայաստանը կտոր առ կտոր վերածվում է պատմական Հայաստանի: 

Իսկ եթե Փաշինյանը շատ է ուզում ձեւակերպել իր եւ ՔՊ-ի առաքելությունը, ապա կարող ենք օգնել իրեն. քո առաքելությունը Հայաստանը թշնամուն մաս-մաս հանձնելու գնով ողորմելի իշխանությունդ եւ գոյությունդ երկարաձգելն է, ուրիշ առաքելություն դու չունես, իմաստ էլ չունի մյուսներին տանջել ու պահանջել, թե` եկեք, մեզ համար առաքելություն մոգոնենք:

Ավետիս Բաբաջանյան