«Հրապարակ». Երբ ասում ես՝ մեղավոր ես պատերազմում, նշանակում է ասում ես` Հայաստանն է մեղավոր

«Հրապարակ». Երբ ասում ես՝ մեղավոր ես պատերազմում, նշանակում է ասում ես` Հայաստանն է մեղավոր

«Ես չգիտեմ՝ կողմնորոշվելու տակ Փաշինյանն ինչ նկատի ունի, բայց խնդիրը հետեւյալն է․ պատերազմը, որը Հայաստանի դեմ սկսվել է 2016-ին, մինչեւ հիմա չի ավարտվել»,- ասաց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։ «Այո, այդ պատերազմում դրված է հենց Հայաստան պետության հարցը, հենց սա է ամենամեծ կոնցեպտուալ սխալը․․․ որ, կոպիտ ասած, իբր ղարաբաղյան հարց կար` Ղարաբաղը կզիջեինք, ու ամեն ինչ նորմալ կլիներ։ Ոչ, ամենասկզբից էլ մենք ասել ենք, որ Հայաստանի հարցն է դրված, եւ սա է պետք հասկանալ՝ կոնցեպտուալ իմաստով։ Երբ որ դու սա հասկանում ես, լրիվ այլ իմաստով քաղաքականություն ես կառուցում, բայց իրենց քաղաքականությունը կառուցված է այս սխալ հիմքերի վրա. տանք պրծնենք՝ շատ պրիմիտիվ ձեւակերպված, եւ որ հնարավոր է Ադրբեջանի հետ ինչ-որ սեպարատ համաձայնության, խաղաղության գալ եւ դրա միջոցով իբր Հայաստանի ինքնիշխանությունը եւ գոնե այդ 29 հազար քառակուսի կիլոմետրը պահել։ Ոչ, ախր ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ մնացած ներգրավված ուժերը չեն թաքցնում իրենց քայլերի հաջորդականությունը։ Դա միայն Ղարաբաղը չէ, դա միայն 29 հազար քառակուսի կիլոմետրը չէ»,- ասաց Տեր-Աբրահամյանը։

Այդ ուժերը հստակ խնդիր են դրել, օրինակ, Սյունիքի միջանցքը ստանալու, եւ իրենք չեն հրաժարվելու դրանից՝ կարծում է մեր զրուցակիցը: Առաջ են մղելու նաեւ ռեպարացիաների (վնասների) հարցը` Հայաստանից պահանջելով, որ այն փոխհատուցի։ Հրանտ Տեր-Աբրահամյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է. «Ես մեղավոր եմ ինձ զգում պատերազմի համար»։ Որպես անձ՝ նա կարող է իրեն մեղավոր զգալ, ընտանիքի անդամների ու ընկերների հետ այդ մասին կիսվել, սակայն չպետք է մոռանա, որ պետություն է ներկայացնում, եւ երբ հայտարարում ես, որ մեղավոր ես պատերազմում, դու ոչ թե քո անունից, այլ Հայաստանի անունից ես դա հայտարարում։ «Հայաստանն է մեղավոր պատերազմում՝ այդպես է ստացվում, որովհետեւ դու այս երկրի ղեկավարն ես»։

«Այդ քարոզչության նպատակն է՝ Հայաստանին մեղավոր հանել պատերազմում: Ադրբեջանն ագրեսիա, փաստորեն, չի իրականացրել՝ Հայաստանն է մեղավոր, եւ դրանից ի՞նչ է բխում՝ պետք է փոխհատուցես։ Փոխհատուցման փաթեթն իրենք հիմա պատրաստում են։ Փաշինյանն էլ դրանով լեգիտիմացնում է ռեպարացիաների պահանջը։ Եթե դու քաղաքական գործիչ ես ու դա չես հասկանում, ես չգիտեմ, ես ապշում եմ։ Ինձ համար էական չէ՝ կամա է անում, թե ակամա է անում, փաստացի արդյունքը դա է»,- ասաց «Մարտական եղբայրության» անդամը։ Նա նշում է, որ Ռուսաստանի համար Ադրբեջանի բանակը Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք է, սակայն ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալով՝ Հայաստանը ոչ մի հարց չի լուծում, եւ նույնիսկ ռուսական քաղաքականությունն էլ կարող է հրահրել, որովհետեւ իրենց «ալիբի» է անհրաժեշտ: Երբ մի օր Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, հայտարարեն, որ Հայաստանն ինքն է հրաժարվել Ռուսաստանից ու ռուսական աջակցությունից։ «Կողմնորոշվենք` չկողմնորոշվենք․ ի՞նչը կողմնորոշվենք։ Հայ ժողովուրդը վաղուց կողմնորոշված է` իր անկախությունն ընտրել է։ Ասում են՝ Անկախության հռչակագիրը պիտի փոխենք, որովհետեւ այնտեղ Ղարաբաղի մասին հիշատակում կա։ Լավ, Ղարաբաղի այդ հարցը մի կողմ թողնենք, փաստացի ինչի՞ց ենք հրաժարվում՝ Անկախության հռչակագրից, փաստը դա է ստացվում՝ անկախ նրանից, թե ինչ մոտիվացիայով։ Եվ ի՞նչ է դա ենթադրում, երկրորդ անկախության հռչակագի՞ր՝ դա այդպես չի լինում։ Այս պետությունն անկախ է, որովհետեւ կա Անկախության հռչակագիր։ Եվ եթե դու դրանից հրաժարվում ես, դա մեզ տանում է Հայաստանի Հանրապետության անկախության կարգավիճակի փոփոխության»,- ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ եթե Փաշինյանի հետ հանդիպման առաջարկ լինի, իրենք միանշանակ կհրաժարվեն այդ հանդիպումից։ Մենք հետաքրքրվեցինք՝ Դավիթ Սանասարյանը միաբանության անդամներից է եւ արտախորհրդարանական ուժերի հետ պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ, ինչպե՞ս է միաբանությունը վերաբերվում դրան, եւ արդյո՞ք Սանասարյանը կարողանում է Փաշինյանին հասցնել միաբանության տեսակետները: Տեր-Աբրահամյանն ասաց, որ Դավիթ Սանասարյանը Փաշինյանի հետ վերջին անգամ կա՛մ 2022, կա՛մ 2023 թվականին է հանդիպել։ «Ճիշտն ասած, մենք այդ հարցը ներսում քննարկել ենք, որպեսզի նման բաներն ավելի կարգավորված լինեն։ Ես՝ ինքս, դեռեւս 2022 թվականի սեպտեմբերին` փորձագետների հետ հանդիպում էր, կարծեմ, երկու անգամ գնացել եմ, հիմնականում մերժել եմ, բայց երկու անգամ գնացել եմ։ Հետագայում մենք թիմային որոշում ենք ունեցել, որ՝ առաջին. եթե նման առաջարկություններ լինում են, թիմային ենք որոշում, անհատական որոշումներ չեն լինում, եւ երկրորդը. որ հատկապես այս իշխանության ներկայացուցիչների հետ մենք այլեւս նպատակահարմար չենք գտնում` զուտ արդյունավետության տեսանկյունից»,- ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Նա անկեղծացավ, որ Սանասարյանի հանդիպումները Փաշինյանի հետ միաբանությունում հատուկ քննարկելու թեմա են դարձել։