2018-2024

2018-2024

Ձեզ թվում է՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը չունեի՞ն ադմինիստրատիվ եւ ուժային ռեսուրսներ, չունեի՞ն ֆեյսբուքյան բանակներ ու ֆեյքեր պահելու հնարավորություններ, իրենց ծառայող լրատվամիջոցներ եւ մտավորականներ: Չկայի՞ն ստրկամիտ մարդիկ, ովքեր միշտ վախենում են իշխանությունների, վերեւների կամքին ու կարծիքին դեմ գնալ: Այն ժամանակ պետական հիմնարկներում եւ կառավարման ոլորտում աշխատող մարդիկ չէի՞ն վախենում կորցնել իրենց գործն ու եկամուտը, զրկվել փափուկ կյանքից եւ տարբեր արտոնություններից: Անշուշտ՝ կային, բայց նրանք հիմնականում լռում էին, իսկ մի մասը բացահայտ կամ թաքուն աջակցում էր փաշինյանական շարժմանը: Եվ անգամ ռուսական ընկերություններն ու Ռուսաստանից կառավարվող բիզնես շրջանակներն էին աջակցում ապրիլյան շարժմանը:

Թե ինչու` այլ հարց է, եւ այսօր դրան չեմ ուզում անդրադառնալ: Այլ ուզում եմ խոսել այն մասին, որ այդ մարդկանց քանակը 2018-ին բոլորովին փոքր չէր եւ հաստատ չէր զիջում այսօրվա քանակին: Բայց այսօր ուժայինների, պաշտոնը կորցնելուց սարսափողների, հող հանձնողներին աջակցողների շատ ավելի մեծ բանակ կա ասպարեզում` շատ ավելի ագրեսիվ բանակ, քան 2018-ին էր: Մի կողմից դա, իհարկե, խոսում է Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության օգտին, խոսում է այն մասին, որ ինչքան էլ իշխանափոխությունից տուժողների պոտենցիալ բանակը փոքր չէր, բայց շատ ավելի զուսպ էր, եւ այն իշխանությունն էլ շատ ավելի դեմոկրատ էր, քան փողոցից իշխանության եկած վայ-դեմոկրատների այս իշխանությունը, որը ոչնչի առաջ չի կանգնում` աթոռները պահելու համար: Եվ մի նյուանս էլ` ժամանակին ընդամենը երրորդ սրոկի գնացող Սերժ Սարգսյանին էր փորձում փոխել հասարակությունը, այսօր երկիրն անդունդ տանելու դեմն են փորձում մարդիկ առնել: