Դեպի ուր է գնում ուկրաինական հակամարտությունը

Դեպի ուր է գնում ուկրաինական հակամարտությունը

Մինչ Շվեյցարիայում այս հանգստյան օրերին նախապատրաստվում են Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովին, Արեւմուտքում մտավախություններ ունեն, որ առաջիկա երկու օրերին ծավալուն կիբերհարձակումներ կիրականացվեն Շվեյցարիայի դեմ։ Ինչպես գրում է Neue Zürcher Zeitung-ը, այն պահից սկսած, երբ Շվեյցարիայի նախագահ Վլիոլա Ամխերդը հայտարարեց, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողով է անցկացվելու, Շվեյցարիան հայտնվեց Մոսկվայի հիբրիդային հարձակումների թիրախում եւ դարձավ «թշնամական պետություն»։

Պարբերականը հարց է բարձրացնում` ի՞նչն է այդքան զայրացնում ռուսական էլիտային, եւ ինչի՞ կարող է հասնել նմանատիպ կոնֆերանսը։ Եվ պատասխանում է, որ հնարավոր է ամեն ինչ՝ Շվեյցարիայի խայտառակվելուց ու ձախողումից մինչեւ Բյուրգենշտոկում խաղաղության գործընթացի մեկնարկ։ Պարզ է մի բան, որ Կրեմլում բավականին լարված են այս գագաթնաժողովի հետ կապված։ Շվեյցարական համաժողովի նպատակը մեկն է․ հնարավորիս շատ երկրներ ներգրավելով` հասնել կոնսենսուսի այն հարցի շուրջ, ինչն Ամխերդն անվանում է համապարփակ, արդար եւ ամուր խաղաղություն։ Ընդ որում, ակնկալիքները նվազագույնի են հասցված, այսինքն՝ գագաթնաժողովը կհամարվի հաջողված, եթե նվազագույն պարամետրերի շուրջ համաձայնություն կամ համախոհություն ձեւավորվի։

Դժվար է ասել՝ կհաջողվի, թե ոչ՝ այդ նպատակին հասնել,  որովհետեւ ՄԱԿ անդամ 193 երկրից մասնակցելու է 90-ից ավելի երկիր, կլինեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Չինաստանը չի մասնակցելու, եւ դա հատկապես ցավոտ են ընդունել Բեռնում, քանի որ շվեյցարական դիվանագիտությունը վերջին շրջանում հատկապես ակտիվ է աշխատել Չինաստանի հետ։ Բեռնում հասկանում են, որ եթե հնարավոր լիներ գոնե քիչ թե շատ նկատելի բարձրաստիճան պաշտոնյայի Պեկինից բերել գագաթնաժողովին, դա կարող էր Մոսկվայի վրա ճնշում լինել, եւ հնարավոր է, որ Մոսկվան լուրջ մոտենար հարցին ու դիտարկեր այն պարամետրերը, որոնք խաղաղության մասով առաջարկվելու է գագաթնաժողովի կողմից։ Ուշագրավ է այն, որ նախապես Պեկինը դրական ազդակներ էր ուղարկում, սակայն երբ Ռուսաստանի նախագահն այցելեց Պեկին եւ հանդիպեց Սի Ծինփինի հետ, ամեն բան փոխվեց։

Բեռնում մխիթարվում են նրանով, որ Հնդկաստանից պատվիրակություն է մասնակցելու։ Սակայն Նարենդրա Մոդին չի մասնակցելու, քանի որ վերընտրությունից հետո զբաղված է նոր կառավարության ձեւավորմամբ։ Ամենայն հավանականությամբ, գագաթնաժողովին չեն մասնակցի նաեւ Բրազիլիան եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը։ Սակայն ԲՐԻԿՍ-ի ոչ բոլոր երկրներն են մերժել գագաթնաժողովին մասնակցելը։ Ամեն դեպքում, հանգստյան օրերը լինելու են բավականին հետաքրքիր եւ ինտրիգային, թեեւ արդյունքների տեսակետից ամեն բան դեռ շատ անորոշ է։