Ալեն Սիմոնյան, դու աշխարհաքաղաքական վերլուծություններ մի արա

Ալեն Սիմոնյան, դու աշխարհաքաղաքական վերլուծություններ մի արա

Մարդ ինչքան էլ բարձր կարծիքի լինի իր մասին, պետք է իմանա, որ կա մի սահման, որից այն կողմ ինքը չի ձգում: Անձամբ ես գիտեմ, որ չեմ կարող տոլմա փաթաթել, եւ չեմ փաթաթում: Ինձ չեն էլ խնդրում, որ փաթաթեմ, որովհետեւ վերջնական արդյունքը հայտնի է: Ասվածը, սակայն, չի վերաբերում ՔՊ-շնիկներին: Նրանց համար կարողության սահման գոյություն չունի: Որսորդներ կան, չէ՞, որ ասում են՝ նապաստակ խփելու մեջ ի՞նչ կա, «տուր ու քցի տոպրակը»: ՔՊ-շնիկները հենց այս տրամաբանությամբ են մոտենում հարցերին, այդ թվում՝ եւ աշխարհաքաղաքական:

Կներեք, այս թեմայով մի անեկդոտ հիշեցի: Պատմեմ, ու անցնենք Ալեն Սիմոնյանին: Ուրեմն մի սփյուռքահայ գալիս է Հայաստան՝ սրտի վիրահատություն անելու: «Զվարթնոցում» տաքսի է բռնում, գալիս են: Ճանապարհին սփյուռքահայը հիանում է նորություններով.
- Ի՜նչ աղվոր խանութներ են բացել…
- Այ ախպեր, էդ ի՞նչ խանութներ են որ, դու Մոսկվայի իմ խանութները պետք է տեսնեիր…
Սփյուռքահայը գլխով հավանության նշան է անում: Գալիս են.
- Ի՜նչ ժամանակակից ավտովերանորոգման կետ են բացել, երեւի սերվիսն էլ բարձր մակարդակի է…
- Այ ախպեր, էս ի՞նչ ա որ, դու իմ ավտոսերվիսը պիտի տեսնեիր Ռոստովում…
Այսպես խոսելով հասնում են Երեւան՝ սփյուռքահայը շարունակում է զարմանալ նորություններով, վարորդն էլ ամեն անգամ սեփական գործերն է գովում՝ բա դու գիտես՝ ես միշտ տաքսի՞ եմ քշել…
Տեղ են հասնում, սփյուռքահայը փողը հանում է, որ վճարի: Մի պահ հապաղում է.
- Լսիր, բարեկամ, իսկ դու պատահաբար սրտի գործողություն չե՞ս անում…
- Ճիշտն ասած՝ էդ մեկը չեմ արել, բայց որ մի անգամ տեսնեմ, դա էլ կանեմ:

Հա, Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ: Դուք կարող ա՞ գիտեք՝ ինքը միշտ ԱԺ նախագահ է եղել: Ախպեր, որ ինքը հայ-ռուսական հարաբերությունների մասնագետ էր, տենց մասնագետ Հայաստանում դեռ չկար: Նա այդ հարաբերությունների հատկապես հոգեբանական կողմի լավագույն գիտակն էր մեզանում: Բոլորը նրանից խորհուրդներ էին հարցնում, թե ինչ անեն, որ հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ հիմքերի վրա դրվեն, ճիշտ կառուցվեն: Դեռ լրագրողների մասին էլ չեմ խոսում: Ինչքան դժվար հարց կար, Ալեն Սիմոնյանին էին տալիս: Բոլորովին վերջերս էլ հարցրել էին.
- Պարոն Սիմոնյան, ինչո՞ւ Ռուսաստանը նոտա տվեց Հայաստանին, պատճառը, արդյոք, այն չէ՞ր, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանն ու Երեւանում Նոր Նորքի թաղապետը գնացին Բուչա եւ հակառուսական բաներ դուրս տվեցին այնտեղ:

Թվում էր՝ Ալեն Սիմոնյանը մեկ բառով կպատասխանի հարցին՝ այո: Բայց ոչ: Թե բա՝ «մեզ նոտա տալուց առաջ ռուսները թող իրենց գործողություններին նայեն 2020 թվականին»: Այնուհետեւ մտել է հայ-ռուսական հարաբերությունների հոգեբանության խորքերը. «Հայաստանը մշտապես իրեն հավատարիմ գործընկեր է պահել, երեխայի նաիվությամբ հավատացել է, մինչեւ վերջին պահը հույս է ունեցել, որ ՌԴ-ն ՀՀ-ին մենակ չի թողնի, որ ՀՀ-ին ու հայ ժողովրդին չի «քցի», ներողություն այդ բառի համար, բայց ՌԴ իշխանությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, մեզ թողել են միայնակ»:

Ի՞նչ ասեմ… Ես մի հիմար բնավորություն ունեմ, որ չեմ կարողանում լռել, երբ բնագավառի «խոշորագույն» դեմքերը սկսում են իրենց գլխից խոշոր հիմարություններ դուրս տալ: Տեսեք՝ համաշխարհային քաղաքագիտական միտքը դարավոր ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ պատերազմները սկսում, վարում եւ ավարտում են իշխանությունները: 2020 թվականին Ադրբեջանում Ալիեւն էր իշխանության, Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը (մի քիչ էլ՝ Ալեն Սիմոնյանը): Նույն թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ, որը տեւեց 44 օր: Հարց՝ իսկ ինչո՞ւ պատերազմ սկսվեց: Այս հարցի պատասխանը գիտեն միայն Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ նրանք էին բանակցում հարցի խաղաղ կարգավորման շուրջ: Պատասխանեք առաջին հարցիս, Ալեն Սիմոնյան, ինչո՞ւ պատերազմ սկսվեց: 

Երկրորդ․ պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանին ասվել է, որ մենք երկար ձգել չենք կարող: Ընդ որում, դա չի արվել հոգեբանության մակարդակում, այլ հստակ հաշվարկներով: Դուք ի՞նչ արեցիք, Ալեն Սիմոնյան: Դուք Նիկոլի հետ ճղճղացիք՝ հաղթում ենք: Կարո՞ղ եմ հարցնել՝ ինչների՞դ վրա էիք այդպես ճղճղում:
Երրորդ․ ասում եք, թե Հայաստանը մշտապես իրեն հավատարիմ գործընկեր է պահել, երեխայի նաիվությամբ հավատացել է, մինչեւ վերջին պահը հույս է ունեցել, որ ՌԴ-ն ՀՀ-ին մենակ չի թողնի, որ ՀՀ-ին ու հայ ժողովրդին չի «քցի», բայց ՌԴ իշխանությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, մեզ թողել են միայնակ: 2020-ին դուք էիք իշխանության, պարոն Սիմոնյան, եւ մինչ այդ հասցրել էիք ձեզ շատ վատ՝ ոչ որպես հավատարիմ գործընկեր պահել Ռուսաստանի հանդեպ: Չերկարացնեմ՝ հիշեք ՀԱՊԿ-ի եւ Յուրի Խաչատուրովի դեմ ձեր ցցուն արշավը մինչեւ 2020թ․ սեպտեմբերի 27-ը: Հարց՝ դուք, Նիկոլն էլ ձեզ հետ, իսկապե՞ս այնքան նաիվ էիք, որ կարծում էիք, թե ՌԴ իշխանությունը դա պետք է ներեր ՀՀ իշխանությանը:

Չորրորդ․ պնդում եք, որ ՌԴ իշխանությունը «քցեց» Հայաստանին եւ հայ ժողովրդին: Այստեղ մի շատ վիճելի հարց կա: ՌԴ իշխանությունը չէր կարող «քցել» հայ ժողովրդին, որովհետեւ, որպես օտար երկրի իշխանություն, որեւէ կապ չուներ հայ ժողովրդի հետ: Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը, չմոռանանք, Հայաստանի իշխանությունն է, եւ այդ իշխանությունն է մեղավոր, երբ որեւէ մեկը «քցում» է իր ժողովրդին: Սիրում եք, չէ՞, ասել՝ մեզ ժողովուրդն է քվե տվել: Բարի լինեիք՝ պաշտպանել այդ քվեն: Ինչո՞ւ թողեցիք, որ հայ ժողովրդին «քցեն»:

Հինգերորդ․ հայտնի է, որ ՌԴ իշխանություններն ուկրաինական ֆոսֆորային ռումբերի տարափի տակ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին առաջարկել են դադարեցնել պատերազմը, Շուշին պահել, վերջնականապես «չքցել» հայ ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը, սակայն, շարունակում էին ճղճղալ՝ հաղթում ենք, հօդս ենք ցնդեցնում, գյոռբագյոռ ենք անում… Նաեւ հայտնի է, թե այդ ընթացքում քանի ինքնաթիռ է ռուսական զենքով վայրէջք կատարել Երեւանում: Հիմա պատերազմի ելքը դնենք մի կողմ ու հարցնենք ապաշնորհ հրամանատարներ Նիկոլ Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին՝ արա, դուք այս ամենից հետո գնում եք ուկրաինական Բուչա ու հաթաթա եք տալիս Ռուսաստանի՞ն: Դուք ապո՞ւշ եք, թե՞ ձեր կողմից «քցված» ժողովրդին եք ապուշի տեղ դնում:

Վեցերորդ հարցը լրագրողներն են Ալենին տվել. «Ինչո՞ւ ՌԴ-ն միայնակ թողեց ՀՀ-ին»: Պատասխանը ցնցող է. «Որովհետեւ Ուկրաինայի պատերազմի նախապատրաստում էր գնում, ու մեծ գործարք տեղի ունեցավ, որի նպատակն էր՝ տարածաշրջանում հնարավոր սանկցիաները շրջանցելու հնարավորություն ունենալ։ Դա նաեւ գին էր հայերի համար, որովհետեւ հայերն ընտրել էին անկախ լինելու տարբերակը, հայերը պիտի պատժվեին»: Ասում էի, չէ՞, որ Ալեն Սիմոնյանը մեր թերեւս ամենահզոր աշխարհաքաղաքագետն է: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ գիտեին, որ Ռուսաստանը պատրաստվում է հատուկ գործողություն սկսել Ուկրաինայի դեմ: Ում պատմես՝ չի հավատա: Պուտինի մտքերը կարդացող աշխարհաքաղաքագետներ են հայտնվել Հայաստանում: Չեմ ասում՝ Բայդենի, Շոլցի, Մակրոնի… Հենց Պուտինի մտքերն է կարողանում կարդալ Ալենը: Բա սա ցնցող չէ՞: