Տիգրան Ավինյանի «ակադեմիական քաղաքը»․ ծրագիր՝ առանց ֆինանսական հիմնավորման

Տիգրան Ավինյանի «ակադեմիական քաղաքը»․ ծրագիր՝ առանց ֆինանսական հիմնավորման

2023 թվականի սեպտեմբերի 17-ին երեւանցի ընտրողների 72 տոկոսի անտարբերության (մեր իրավիճակում՝ հանցավոր անտարբերության)՝ Երեւանի ընտրությանը չմասնակցելու արդյունքում, պարտությամբ հպարտ թավշյա թիմի ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը ստացավ քվեարկության մասնակիցների ձայների 32,3 տոկոսը (երեւանցի ընտրողների ձայների 9,15 տոկոսը) եւ դարձավ քաղաքապետ։ Երեւանցի ընտրողների 91 տոկոսը դեմ է Տիգրան Ավինյանին, բայց նա այսօր Երեւանի քաղաքապետն է։ 

Անցած սեպտեմբերից մինչ օրս ինչից ասես, որ չի խոսել 9 տոկոսանոց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մետրոյի նոր կայարան, ներքաղաքային ուղեւորափոխադրումների միասնական տոմսային համակարգ, կանաչ Երեւան եւ այլն։ Միայն խոսել է ու հիմա հասել է Կասկադ։ Մեր՝ երեւանցի հարկատուների հաշվին ապրող քաղաքապետարանի լրատվական ծառայությունը թողած, Տիգրան Ավինյանը նախընտրում է Facebook սոցկայքը, որտեղ անիմացիոն տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Կասկադը Երեւանի սիրտն է՝ շատ ավելի կարեւոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսին պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը: Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ»։

Ես հասկանում եմ, որ ամեն մարդ, անկախ ազգությունից, կարող է առաջարկ անել՝ ում ուզի, երբ ուզի, ինչ ձեւով ուզի։ Բայց առաջարկ ստացողը, առավել եւս՝ քաղաքապետը, պիտի գոնե մի քիչ մտածի առաջարկն ընդունելուց եւ այն քննարկման դնելուց առաջ։

Ի գիտություն Երեւանից անտեղյակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի․ Կասկադի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Երկար տարիներ մոռացության մատնված նախագիծը սկսել է իրականացվել 1970 թվականին՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի նախաձեռնությամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո նորից դադարել է։ Այսինքն՝ Կասկադի ծրագիր կա։ Մի կարճ ժամանակ թավշյա գլխավոր ճարտարապետ դարձած Արթուր Մեսչյանն ուզում էր ավարտել ծրագիրը, թավշյա քաղաքապետ եղած ժամանակ նման ցանկություն էր հայտնել Հրաչյա Սարգսյանը։ Հիմա էլ՝ Տիգրան Ավինյանը։ Բայց, ի տարբերություն իր նախորդի, Տիգրան Ավինյանը տեսանյութով է ներկայանում։ Ակնհայտ կեղծ տեսանյութով։ 

Լուսանկարում Կասկադի եւ հարակից տարածքի այսօրվա վիճակն է, մյուս լուսանկարները Տիգրան Ավինյանի տեսանյութից «ստոպ-կադրեր» են։ Ակնհայտ է իրական եւ ավինյանական կասկադների տարբերությունը։ Ու Տիգրան Ավինյանը չի ասում՝ ոնց է ծառերով «շրջապատելու» Կասկադը, եթե այն այսօր պաշարված է շինություններով, որքան գումար է պետք այդ շինությունների տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու, օտարելու, քանդելու, շինաղբը տեղափոխելու եւ նման «մանր-մունր» հարցեր լուծելու համար։ Մարդը հայեցակարգ է քննարկում։ Ինչպես իր շեֆն ակադեմիական քաղաքի հայեցակարգն է քննարկում՝ առանց տարածքը ուսումնասիրելու։
Տիգրան Ավինյանի հաշվարկը պարզ տեսանելի է․ երեւանցիների 91 տոկոսն անտարբեր է իր նկատմամբ, ո՛չ ասածն են լսում, ո՛չ գրածը կարդում, մեկ է` չեն կարդալու, կարելի է սուտ հերոսանալ, չեղած տեղից գլուխ գովել։ Բայց երեւանցի հարկատուների հաշվին ապրող քաղաքապետարանի կայքը թողած ու Facebook սոցկայքը նախընտրող Տիգրան Ավինյանը պիտի իմանա, որ Facebook-ներից բացի, կան լրատվամիջոցներ, որոնց առաքելություններից մեկն էլ բոլոր տրամաչափի ավինյանների սուտը, կեղծիքն ու լոպպազությունը բացահայտելն է։ Հենց դա ենք անում հիմա ու պնդում ենք, որ իրական վիճակից շատ ու շատ տարբերվող, առանց ֆինանսական հիմնավորման, եղած ծրագիրն անտեսելով նոր ծրագիր քննարկելն ու գլուխ գովելը պարզ խաբեություն է, լոպպազություն, շանտղություն։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ