Դիմել եմ, բացատրել եմ, որ այդպես սխալ է, ասում են` մեր օրենքը սա է

Դիմել եմ, բացատրել եմ, որ այդպես սխալ է, ասում են` մեր օրենքը սա է

«Հրապարակի» զրուցակիցը «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն է:

- «Ֆոտոլուր»-ը լրատվական դաշտի այն միակ պրոֆեսիոնալ գործակալությունն է, որը տարիներ շարունակ բարձրորակ լուսանկարներ է մատակարարում լրատվական դաշտին` հեշտացնելով լրատվամիջոցների աշխատանքը: Սակայն վերջին տարիներին, հատկապես` վերջին ամիսներին, տպավորություն է, թե դուք ոչ ամեն տեղ մուտք ունեք, գուցե իշխանությունները խոչընդոտում են նաեւ ձեր աշխատանքին: Գրեթե բոլոր գերատեսչություններն իրենք են լուսանկարում իրենց միջոցառումները, տարածում այդ լուսանկարները` հաճախ թույլ չտալով, որ լրատվամիջոցները, մեր օպերատորներն ու լուսանկարիչներն անձամբ ներկա գտնվեն: Լուսանկարը, որն իրականությունն է արտացոլում, առաջին հայացքից թվում է` որեւէ վտանգ չպետք է ներկայացներ իշխանության համար, սակայն արի ու տես, որ այդպես չէ: Հավանաբար վախենում են, որ իրենց համար անցանկալի պահերը կֆիքսե՞ք:

- Այո, մեր նկարահանումները սահմանափակում են: Համարյա բոլոր իշխանական կառույցները մեր աշխատանքը սահմանափակում են:

- Ինչպե՞ս են սահմանափակում:

- Եթե իմանամ՝ միայն մեզ հետ են այդպես վարվում, պատերազմ կհայտարարեմ, բայց քանի որ բոլորի հետ են այդպես վարվում, դրա համար էլ լռում ենք: Իշխանական բոլոր կառույցներն իրենց համար անհատական լուսանկարիչներ են գտել, ովքեր զբաղվում են իրենց անձնական լուսանկարչությամբ: Չնայած մեզ հավատարմագրում են, ամեն տեսակի պրոցեսներն անցնում ենք, բայց դե դա էլ արդեն ո՞ւմ է պետք: Ամենաթարմ օրինակը` այսօր մի ամերիկացու հետ պետք է հանդիպում ունենար նախարարներից մեկը, ես զանգահարեցի, որ գնանք նկարելու, մեզ ասացին` ոչ, մենք ենք նկարելու: Դրվածքն այսպես փոխվել է: Ու բոլոր կառույցներն են այդպես` մեկը չէ, երկուսը չէ, բոլորը:

- Իսկ Ազգային ժողովում, կառավարությունում:

- Ազգային ժողովը նույնպես սահմանափակել է: Նկարում ենք ԱԺ նիստերն ընդամենը 30 րոպե` առաջին 30 րոպեն: Ուրիշ ոչ մի իրադարձություն նկարահանել մեզ չեն թողնում: Սա խոչընդոտ է մեր աշխատանքին, բայց իրենք ասում են` մեր որոշումն է, մենք այդպես ենք ցանկանում, իրենց կանոնակարգն է սա:

- Բայց իրենց լուսանկարիչները, դատելով մեր ստացած լուսանկարների որակից, հմուտ չեն, սարսափելի անորակ լուսանկարներ են մեզ ուղարկում, Դուք հետեւո՞ւմ եք նրանց աշխատանքին:

- Իհարկե, շատ անորակ են, բայց մի քանի հոգով ողջ նիստը նկարահանելու հնարավորություն ունեն: Լրատվամիջոցներ են լցնում իրենց անորակ նկարները: Սա էլ է մամուլի օրենքի կետի խախտում` մենք հավասար պայմաններում չենք աշխատում: Բայց հավատարմագրվելու դեպքում բոլորը պարտավոր են աշխատել հավասար պայմաններում: Մենք հավատարմագրված ենք ամեն տեղ, բայց մեզ համար այդ պայմանները չեն ստեղծում: Մարդիկ աշխատանքի են անցել, դա իմ գործը չէ, ի վերջո՝ երիտասարդն էլ կարող է հմուտ լինել, բայց նրանք ուղղակի նկարել չգիտեն: Խնդիրը հիմա այն է, որ կանոնակարգում նոր բան են հնարել, որ մենք միայն առաջին 30 րոպեն նկարենք: Ես դիմել եմ, բացատրել եմ, որ այդպես սխալ է, որ գուցե առաջին 30 րոպեի ընթացքում ոչինչ չի կատարվում, գուցե կարեւոր իրադարձությունները լինում են երեք ժամ անց, ասում են` ոչ, սա մեր օրենքն է:

- Առաջ նման բան եղե՞լ է:

- Ոչ: Մենք Ազգային ժողովի նիստը նկարում էինք առաջին րոպեից մինչեւ վերջ: Ես շատ եմ պայքարել այդ ամենի դեմ, բայց ոչինչ չի ստացվել, ձեռք եմ քաշել:

- Վերջերս ֆոտոլրագրողներից մեկի հետ միջադեպ էր տեղի ունեցել, արգելել էին Ազգային ժողով մտնել:

- Այո, բայց այդ միջադեպը դահլիճում չէր եղել: Դահլիճից դուրս ինչ-որ անվտանգության աշխատակցի էր նկարել, բայց հետո իրենց սխալը հասկացան: Պետք է կարողանան գնահատել լավ աշխատանքը, այսօր այնքան են արժեզրկել դաշտը, որ ամեն տեղից թռածը լուսանկարչությամբ է զբաղվում: Ի դեպ, մի բան էլ նշեմ՝ մեր լուսանկարները շատ-շատ են գողանում լրատվամիջոցները: Մենք փաստաբանական գրասենյակի հետ ենք այժմ աշխատում, որպեսզի այդ գողերին ջրի երես հանենք:

- Դատական հայցե՞ր եք ներկայացնելու:

- Անպայման: Կան ԶԼՄ-ներ, որոնք չեն բաժանորդագրվում մեզ ու մեր լուսանկարները գողանում են:

- Ո՞ր ԶԼՄ-ների մասին է խոսքը:

- 50-ից ավելի ԶԼՄ: Կարող եմ անուններ ասել, բայց իմաստ չկա, որ 50-ի անունն էլ նշեմ:

- Իսկ քանի՞ լրատվամիջոց է բաժանորդագրվել ձեզ:

- 15 լրատվամիջոց: Ավելի քան 50-ը գողանում են: Այդ 50-ից 10-ը եղել են մեր բաժանորդները, բայց հիմա մտածում են` ավելի լավ է գողանանք, էլ ինչի՞ փող տանք:

- Քանի՞ լուսանկարիչ ունեք այժմ:

- Երեք: Ես էլ եմ լուսանկարիչ, որ պետք լինի, ես էլ կնկարեմ:

- Իսկ առաջ քանի՞ լուսանկարիչ ունեիք:

- Առաջ էլ` երեք-չորս: Բավարար է:

- Փաստորեն, միայն ընդդիմադիր ուժերին, հանրահավաքներն եք կարողանում անխոչընդոտ լուսաբանել:

- Դե, այդպես է ստացվում, թեպետ մենք ո՛չ ընդդիմադիր ենք, ո՛չ իշխանական, բայց այնպես է ստացվում, որ ընդդիմադիր ենք, ընդդիմադիրներին հանգիստ լուսաբանում ենք, բայց այդ ընդդիմադիրը երբ դառնում է իշխանություն, մեզ ասում է` ցտեսություն:

- Իսկ նախարարություններն է՞լ են սահմանափակումներ կիրառում` ԱԺ-ի նման:

- Նայած ինչ միջոցառում է: Ենթադրենք, առողջապահության նախարարն ասուլիս է տալիս, գնում ենք, նկարում ենք, այդտեղ չկա սահմանափակում, հազարից մեկ ինչ-որ տեղ է գնում նախարարը, մեզ էլ կարող են հրավիրել: Օրինակ, նախագահական էլ ենք գնում` հազարից մեկ, եթե կանչում են, իրենց անձնական լուսանկարիչն այլ հնարավորություններ է ունենում, իսկ մերը սահմանափակ է լինում:

- Ի՞նչ առումով:

- Մեզ չեն թողնում մոտիկից նկարել կամ լավ դիրքից չեն թողնում: