Թեեւ արդեն երրորդ օրն է՝ Բագրատ սրբազանը ժողովրդի հետ ԱԺ-ի դիմաց է՝ Բաղրամյան պողոտայում, եւ մարդիկ պահանջում են արտահերթ նիստ հրավիրել՝ կառավարության հրաժարականի, Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով, եւ թվում է, թե իշխանության մեջ գտնվողները պետք է երկխոսության փորձեր անեն, փորձեն մեղմել լարված մթնոլորտը, սակայն գոնե Ազգային ժողովում ՔՊ-ականները ոչ թե ավելի մեղմացրել են իրենց հռետորաբանությունը, այլ ակնհայտ ծաղրանքով են խոսում սրբազանի, շարժման մասնակիցների, ընդդիմության եւ ժողովրդի մասին։ ՔՊ-ականների ցինիզմի գագաթնակետը ականջ ու լեզու կտրող պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ելույթն էր, ով երեկ «քուչի ժարգոնով» ծաղրում էր սրբազանին։ «Հեղափոխությունից հետո ասում էին՝ էս իշխանությանը մնաց մի ամիս, պատերի տակը խոսում էին՝ սպասեք 2 ամիս, հեսա էթում են տուն, 6 տարի անցել ա էդ ժամանակներից։ Հիմա ձեր տված 1 ժամն էլ, 2 ժամն էլ կամ 99 ժամը, 1 ամիս․․․, ինչքան ուզում եք, նստեք հաշվեք, դրանից մենակ ձեր ժամանակն ա գնալու: Մեր ժամանակը դրանից բացարձակապես չի պակասում, ասեմ՝ իմանաք։ Դուք կարող ա գիտեք՝ մենք լավ չենք հասկանում, 6 տարի ա՝ նույն բանն ասում եք, ասում ենք՝ չէ, ընգեր ջան, նյետ, ո՞նց ձեզ բացատրեմ։ Ձեր ուղերձի տեքստը ուղերձի տեքստ չի, է, ձերը չուղերձի տեքստ ա, ձեր չակնկալիքների պայքարի չուղերձի տեքստն ա ձերը, դուք էդ եք, դուք չընդդիմություն եք, չ-երով ինչ կա, դուք եք»,- ասաց ՔՊ-ականը։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավորի` Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ մտահոգություն չունի՞, որ իրենց խմբակցության պատգամավորների նման սանձարձակ պահվածքը կարող է էլ ավելի մեծ թվով մարդկանց բերել Բաղրամյան պողոտա, այդքան արխայի՞ն են: «Բայց դուք ինչո՞ւ եք դժգոհում, չե՞ք ուզում այդպես լինի։ Ես նման մտավախություն չունեմ»,- ասաց Աղազարյանը՝ շարունակելով․ «Նախ՝ ղալաթ են արել, որ Բաղրամյան վրաններ են տեղադրել։ Ինչի՞ համար են տեղադրել, թող ակադեմիայի բակում տեղադրեին, ինչո՞ւ են մարդկանց ճանապարհը փակում, դա ի՞նչ նպատակ է հետապնդում, օրինակի համար՝ դա լրացուցիչ ի՞նչ է տալիս։ Թող օպերայի հրապարակում անեին, ակադեմիայի հրապարակում թող անեին, ինչո՞ւ են փակել մարդկանց ճանապարհը»։
Դիտարկմանը, որ 2018 թվականին իրենք էլ Ֆրանսիայի հրապարակում էին վրաններ տեղադրել ու ոչ միայն Բաղրամյանը, այլեւ Մաշտոցի պողոտան ու Սայաթ-Նովան էին փակել եւ երկրի բոլոր մայրուղիները, Աղազարյանն արձագանքեց․ «2018 թվականին ամբողջ ժողովուրդը դուրս էր եկել պայքարի, համեմատում եք այս մի քանի հարյուր մարդկանց արկածախնդրության հե՞տ։ Ախր ո՞նց կարելի է համեմատել, դուք կարծում եք՝ նույն բա՞նն է»։ Հարցրինք՝ տեսե՞լ եք, թե կիրակի օրն ինչքան մարդ է մասնակցել հանրահավաքին։ «Տեսել եմ, իհարկե, տեսել եմ»,- պատասխանեց Աղազարյանը: Եվ ինչ` քի՞չ էր։ «Չէ, քիչ չէր, բայց ո՞ւր են իրենք հիմա»,- հարցին հարցով պատասխանեց Աղազարյանը։ Դիտարկմանը, որ մյուս մարդիկ էլ, ովքեր հիմա Բաղրամյանում չեն, գուցե լսեն, թե ինչպես են խոսում Արթուր Հովհաննիսյանն ու մյուս ՔՊ-ականները, եւ գնան Բաղրամյան, Աղազարյանն արձագանքեց․ «Դե, ես կարծում եմ, որ դա ձեր եւ «տերտեր Գապոնի» սրտով է նաեւ, հետեւաբար` եթե մենք սխալ քայլ ենք անում, ապա դրանից կօգտվեն մեր ընդդիմադիր գործընկերները: Է, թող օգտվեն, ի՞նչ կա այդտեղ անհանգստանալու։ Ես անհանգստություն չունեմ եւ գտնում եմ, որ իմ բոլոր գործընկերները շատ ադեկվատ են պահում իրենց` շարժմանը վերաբերող գնահատականներ տալիս, մասնավորապես՝ արկածախնդիր «տերտեր Գապոնի» հետ կապված գնահատականների առումով»։ Ապա հավելեց, որ «տերտեր Գապոնը Ռուսաստանում մի տերտեր էր, ով ժողովրդին տարավ արյունահեղության (խոսքը ռուս քահանա Գեորգի Գապոնի մասին է, ով 1905 թվականի հունվարի 9-ին մարդկանց պայքարն էր ղեկավարում, եւ եղավ հայտնի Արյունոտ կիրակին` մոտ հազար մարդ զոհվեց»։