Խորհրդավոր ութ րոպեի վերաբերյալ առասպելի վերջը

Խորհրդավոր ութ րոպեի վերաբերյալ առասպելի վերջը

Վերջապես կյանքի կոչվեց ռուսատյացների երազանքը․ Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող ինքնիշխան Հայաստանը Նիկոլի ջանքերի շնորհիվ դարձավ ԱՄՆ-ի բարեկամը: Չէ, էս ինչ եմ գրում, այսօրվա Հայաստանը պակաս ինքնիշխան է, քան Խորհրդային Հայաստանն էր, եւ ոչ թե դարձավ ԱՄՆ-ի բարեկամը, այլ բռնեց Թուրքիայի ենթակա պետության վերածվելու ուղին: Ինչն էլ արձանագրվեց Միացյալ Նահանգների կողմից՝ ի դեմս պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մ. Միլլերի հայտարարության, ըստ որի, ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի «արդյունավետ դերը» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Վերջինս նաեւ ավելացրել է, որ Վաշինգտոնն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության հաստատման ուղիղ բանակցություններին:

Իսկ ես կավելացնեի՝ ուղիղ բանակցություններ Թուրքիայի վերահսկողության ներքո: Դա է, չէ՞, այդ երկրի «արդյունավետ դերը»: Միլլերի նշված հայտարարության համար հիմք են ծառայել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Ադրբեջանում արած հայտարարությունները։ 
Սակայն Ֆիդանի խոսքում որեւէ նորություն չկար: Նախօրեին նա Բաքվում հայտարարել էր, որ Անկարան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Եվ եթե Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, ապա Թուրքիան էլ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: Ինչպես տեսնում ենք, ասվածն ընդամենը թուրքական խոսույթի կրկնություն է, ինչը հնչում է Փաշինյան Նիկոլի հրամանատարությամբ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից այս կողմ Անկարայում կամ Բաքվում եւ կամ որեւէ այլ մայրաքաղաքում: Հայտարարությունների այս տրցակում միակ նորությունն այն էր, որ Ֆիդանի խոսքին անմիջապես արձագանքել եւ միանշանակ հավանություն է տվել ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցը:  

Այս համատեքստում ինչպե՞ս կարող ենք չհիշել «պրոֆեսոր» Արա Պապյանին, ով տարիներ շարունակ քարոզում էր խորհրդավոր 8 րոպեանոց որոշման վերաբերյալ թեզը: Ըստ որի՝ հենց այդքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Կոնգրեսում որոշում կայացվի, եւ Հայաստանը հռչակվի ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ական դաշնակից: Կյանքը ցույց տվեց, որ չկար ո՛չ Կոնգրեսի եւ ո՛չ էլ ութ րոպեի անհրաժեշտությունը: Ընդամենը պետք էր պետքարտուղարության մամլո խոսնակի ձեւաչափով հայտնել ամբողջ աշխարհին եւ հատկապես Նիկոլին ու պապյանականներին, որ Հայաստանն այսուհետ հանգիստ կարող է վերածվել թուրք-ադրբեջանական տանդեմի պրոտեկտորատի (այլ երկրի կառավարման ներքո գտնվող երկրի): Ինչի համար սրտանց «շնորհավորում» եմ թե՛ Նիկոլին եւ թե՛ պապյանականներին: Մի խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր ահագին ջանքեր թափեցին, որպեսզի արեւելյան հայությունը կարծեցյալ «ռուսահպատակից» վերածվի իրապես թրքահպատակի:

Եթե հիշում եք, Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի վերջին հրամանագրից հետո որոշ ՔՊԿ-ականներ խորհուրդ էին տալիս նրան ինքնասպանվել: Ինչը, բնականաբար, արդար չէր, քանի որ դրանից շատ ավելի վաղ Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչել երբեմնի «դուխով» Նիկոլը: Բայց հասկանալի է, որ Նիկոլի ենթակա ՔՊԿ-ականներն այնքան «դուխով» չէին, որ ժամանակին նման խորհուրդ տային իրենց առաջնորդին: Ընդհակառակը, թութակի նման կրկնում էին Արցախի «պատկանելության» վերաբերյալ վերջինիս ազգակործան թեզը՝ մոռանալով, որ մի ժամանակ իրենց հայրենիքը նույնիսկ Ակնան էր: Նույնիսկ, քանի որ այդ ավերված քաղաքը հայրենիք չէր իրենց կողմից մերժված Սերժ Սարգսյանի համար: Դա, բնականաբար, ինքնահաստատման քայլ էր:

Ես ՔՊԿ-ական չեմ ու ըստ այդմ Պապյանին ու մնացած պապյանականներին նման կարգի խորհուրդ չէի տա: Ընդամենը կառաջարկեի մեղա գալ բոլոր այն անձանց առջեւ, ում նրանք խաբել են խորհրդավոր ութ րոպեի առասպելով: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ դուրս գալ քաղաքականությունից՝ երդվելով, որ այլեւս չեն մտնելու այդ ոլորտ: Երրորդ․ որպեսզի այդ եւ դրա նման այլ առասպելներ այլեւս երբեք չբարձրաձայնվեն, համապատասխան գրությամբ տախտակ փակցնել բոլոր այն կազմակերպության գրասենյակների մուտքի դռներին, որտեղ խոսվում էր ռուս-թուրքական վանդակի ու այդ վանդակից դուրս ինքնիշխանության աստիճանի ավելացման մասին: