Արդյոք դեպրեսիա ունեցող մարդկանց կարելի է աշխատել 

Արդյոք դեպրեսիա ունեցող մարդկանց կարելի է աշխատել 

Բրիտանացի հոգեբան Մաքս Փամբերթոնը Daily Mail պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ այն մարդիկ, որոնց մոտ ախտորոշված է թեթեւ եւ չափավոր դեպրեսիա եւ տագնապներ, կարող են աշխատել։ Ավելին, այդ մարդկանց համար աշխատանքը նույնիսկ օգտակար է, քանի որ աշխատանքը օգնում է նրանց հաղթահարելու այդ ախտանշանները։ Բժիշկը մանրամասնել է, որ վերոնշյալ ախտորոշում ունեցող մարդիկ մշտական աշխատանքային գործունեության մեջ ներգրավված լինելով, կարողանում են կարգավորել իրենց կյանքը, ձեռք բերել շրջապատում տեղի ունեցող հանդեպ վերահսկողության զգացողություն, իսկ դա օգնում է հաղթահարել ունեցած հիվանդագին ախտանշանները։

Բացի այդ, աշխատանքային պրոցեսի մեջ ներառվածությունը եւ ստացած արդյունքներից բավարարվածությունը նպաստում է, որ նվազի տագնապային զգացողությունները, էմոցիոնալ ֆոնն էլ դառնա ավելի ուղղագիծ։ Փամբերթոնը հավելել է, որ գործազրկությունն է, որ հաճախ դառնում է դեպրեսիայի առաջացման պատճառ։ Նա նշել է, որ բազմաթիվ հետազոտություններ կան արված, որոնք ցույց են տալիս, որ գործազուրկ մարդկանց մոտ դեպրեսիան ավելի հաճախ է առաջանում եւ զարգանում, քան այն մարդկանց, որոնք ունեն աշխատանք։

Բրիտանացի մասնագետն ընդգծել է, որ շատ մարդիկ, ովքեր ունեն դեպրեսիա, տարիներով անցկացնում են մեկուսացվածության եւ միայնության մեջ, վստահ լինելով, որ չեն կարողանա աշխատանքային հանձնարարություններ կատարել։ Մինչդեռ նման կենսակերպը վտանգավոր է, քանի որ խորացնում է եղած հոգեկան խնդիրները։ Իսկ ահա այն մարդիկ, որոնց մոտ ծանր դեպրեսիա է եւ վառ արտահայտված տագնապային վիճակ, աշխատանքային գործունեության մեջ ներառվածությունը պետք է լինի միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, նկատել է Մաքս Փամբերթոնը։