Եթե Ադրբեջանը ժողովրդավար լիներ

Եթե Ադրբեջանը ժողովրդավար լիներ

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայանալու փաստն ադրբեջանական կողմին առիթ է տվել եւս մեկ անգամ շրջանառելու «հայկական բանակին հասցրած ջախջախիչ հարվածի եւ դիվանագիտական հաջողության» առասպելը: Երեւում է, Իլհամ Ալիեւը մտահոգված է, որ տարիներ կամ գուցե տասնամյակ անց ինքն ստիպված է լինելու ադրբեջանական հանրությանը բացատրություն տալ «կայծակնային պատերազմի» ձախողման համար, ուստի շտապում է տպավորություն ձեւավորել, որ եթե նախկին նախագահին հրավիրում են խորհրդարանականների հարցերին պատասխանելու, ուրեմն «Հայաստանն այդ պատերազմը տանուլ է տվել»:

Ի՞նչ վերաբերմունք ունի ադրբեջանական հանրությունն Ապրիլյան պատերազմի նկատմամբ, հայտնի չէ: Ադրբեջանը բռնապետություն է, որտեղ նույնիսկ սոցիալական ցանցերում է գրաքննություն հաստատված: Բայց փաստերն, ինչպես ասում են, համառ են:2016 –ի ապրիլի 2-ի առավոտյան ժամերին ադրբեջանական մամուլը գրում էր, որ «եւս մի ցատկ, եւ մենք կտիրենք Սարսանգի ջրամբարին»: Տառացիորեն մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիեւը Թարթառից ետ է կանչել պաշտպանության նախարար Հասանովին: Դա նշանակում էր, որ ադրբեջանական բանակի հանկարծակի հարձակումը, մեղմ ասած, մատնվել է տեղապտույտի: Հաջորդ օրն Ադրբեջանի նախագահը հանդես եկավ «միակողմանի կրակը դադարեցնելու» մասին հայտարարությամբ, որն արժանացավ Էրդողանի սուր քննադատությանը: Նա պահանջեց ուղղում մտցնել՝ Ադրբեջանը կդադարեցնի մարտական գործողությունները, եթե հայկական կողմը համաձայնություն տա: Ակնհայտ դարձավ, որ պատերազմ սանձազերծելու որոշում Ալիեւն ընդունել է Էրդողանի հետ խորհդակցելուց հետո: Բայց քանի որ հայկական կողմը երբեք չէր համաձայնի Թուրքիայի միջնորդությանը, Ալիեւն ստիպված էր դիմել Մոսկվային:

Իրականությունը սա է, ինչպես եւ այն, որ հարձակման առաջին գիշերն Ադրբեջանը կորցրել է իր հատուկ նշանակության ստորաբաժանման բոլոր հրամանատարներին եւ անձնակազմի կեսից ավելին: Եթե Ադրբեջանը ժողովրդավարական երկիր լիներ, ապա կհետեւին պաշտոնանկություններ, կանցկացվեր հետաքննություն, մեղավորները կպատժվեին, իսկ գերագույն գլխավոր հրամանատարը խայտառակաբար կհեռացվեր: