Հերքման հերքումը

Հերքման հերքումը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ այդ երկրի կողմից Ուկրաինա ռազմական արտադրանք ուղարկելու մասին լուրերը կեղծ են: Այդ կապակցությամբ թշնամի երկրից մեղադրանքներ են ուղղվել անանուն տելեգրամյան ալիքներին: «Հրապարակ»-ի կողմից այս տեղեկատվության հրապարակումը ստիպեց, որպեսզի փորփրեմ այդ անանուն (իրականում՝ անվանումներ ունեցող) ալիքները և դրանցից մեկում՝ «Ռիբար»-ում գտնեմ մեր թշնամիներին այդքան տհաճություն պատճառած նյութը: Ինչը ցույց կտա, որ կեղծ են ոչ թե սպառազինության փոխանցման վերաբերյալ լուրերը, այլ դրանց հերքումը: Ինչը մեզ համար նորություն չէ, և մենք դա բազմիցս ենք տեսել ու տեսնում:

Սակայն մինչ այդ հիշատակենք մի քանի ամիս առաջ տելեգրամյան նույն ալիքի կողմից 122 մմ-անոց արկերի թողարկման վերաբերյալ նյութը: Ուկրաինացի ինչ-որ ակտիվիստի գլուխ էր գովել, որ այդ գործը կազմակերպվել է «գործընկեր երկրներից» մեկում և համապատասխան կադրեր էր տեղադրել սոցցանցային իր էջում: Նկարներից մեկի միջոցով ալիքի խմբագրությունը պարզել էր, որ դա ադրբեջանական արտադրամաս է: Եվ, բնականաբար, նյութ էր տեղադրել իր էջում: Նախկինում, ի դեպ, ադրբեջանցիներն Ուկրաինա են ուղարկել նաև ականազերծման տեխնիկա: Ինչը ևս ներկայացվել է «Ռիբար»-ի կողմից: Սակայն մեծ ուշադրության արժանացավ միայն երկրորդ նյութը: Եվ այն հերքվեց ադրբեջանցիների կողմից. Իլհամը Նիկոլ չէ, որպեսզի թշնամանար ռուսների հետ: Եվ մի քանի ամիս անց բացահայտվում է ադրբեջանաուկրաինական ռազմական համագործակցության մեկ այլ օրինակ, որի մասին էր հենց «Հրապարակ»-ի հրապարակումը:

Ինչևէ, պարզվում է, որ ադրբեջանցիների կողմից կեղծ համարված տեղեկատվությունը այդ ալիքի խմբագրությունը բացահայտել է համացանցի ուկրաինական հատվածից: Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Կիևի տնտեսական դատարանը քննարկել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայցն ընդդեմ ներմուծում-արտահանում իրականացնող տեղական ձեռնարկություններից մեկի: Հայցապահանջը շուրջ 100 միլիոն գրիվնայի (210 հազար ԱՄՆ դոլարի) վերականգնման վերաբերյալ էր՝ զենքի մատակարարման պետական պայմանագրի խախտման առումով։ Ալիքը ներկայացրել է հայցապահանջի բովանդակության վերաբերյալ բավական մանրամասն տեղեկատվություն, թեև չի անդրադարձել հենց հայցի ճակատագրին: Բայց դա, հասկանալի է, նրան չէր հետաքրքրելու և չպետք է հետաքրքրի նաև հայ ընթերցողին: 

Ինչևիցե, ուկրաինական ընկերությունը պայմանագիր էր կնքել ադրբեջական ընկերության հետ 95 միավոր (այնուհետև ևս 40 միավոր) զենիթային սպառազինության մատակարարման վերաբերյալ: Առաքումն իրականացվել է ծովային բեռնարկղերով՝ «երրորդ երկրի» միջոցով, ինչը հանգեցրել է ժամկետների ավելացմանը: Խմբագրության ենթադրմամբ, երրորդ կողմ կարող էր լինել Թուրքիան: Իսկ վերջինս էլ բեռնարկղերը կարող էր ստանալ Նախիջևանից։ Չնայած մնում է հարցական, թե ինչպես է զենքը բուն Ադրբեջանից հասել Նախիջևան: Եթե, իհարկե, չի արտադրվել այդ երկրամասում: Խմբագրության կարծիքով, այս փաստը կարելի է համարել ադրբեջանցիների կողմից Ուկրաինային սպառազինություն մատակարարելու առաջին իրական հաստատումը։ Ի դեպ, պայմանագիրը կնքվել էր 2022 թվականի նոյեմբերի 2-3-ին, և այդ պայմանագրով նախատեսված 135 միավոր ապրանքն ամբողջությամբ ներկրվել է Ուկրաինա:

Բացահայտված տեղեկատվության լույսի ներքո ռուսական այդ տելեգրամյան ալիքը դնում է Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխահարաբերությունների հարցը: Թե որքան է այն վստահելի ու արդարացի: Եվ եթե ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը «գետանցման պահին ձիեր չփոխեր» (ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի թևավոր խոսքը), ապա ադրբեջանական վարքագիծը կարող էր օգտագործվել հօգուտ Հայաստանի: Սակայն վերը նշված անձի շնորհիվ ՌԴ-ի հետ մեր երկրի փոխհարաբերությունները հասցվել են համարյա թշնամականի, ու օգուտ քաղելու մասին մտածելը նույնիսկ անիմաստ է: