Եթե առաջ մաքսայինում սպասում էին, որ ներկրողին հոշոտեն, հիմա շատ բան է փոխվել

Եթե առաջ մաքսայինում սպասում էին, որ ներկրողին հոշոտեն, հիմա շատ բան է փոխվել
_Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ։_



**-Պարոն Նուշիկյան, Հանրապետական կուսակցությունը, ըստ ամենայնի, կառաջադրվի ԱԺ արտահերթ ընտրություններում։ Շանսերը մե՞ծ են, կհաղթահարե՞ն 5 տոկոսը**։



-Դե, կարծում եմ՝ կհաղթահարեն, ինչո՞ւ չպետք է հաղթահարեն։



**-Դե, ասվում է՝ հեղափոխական էյֆորիա եւ այլն**։



-Դե, հեղափոխական էյֆորիան հո 100 տոկոսի մոտ չէ՞, ինչ է՝ 5-10 տոկոս չկա՞, որի մոտ այն չկա։



**-Դուք առաջադրվելո՞ւ եք պատգամավորի թեկնածու**։



-Իհարկե՝ չէ։



-Ինչու չե՞ք ուզում ՀՀԿ-ից առաջադրվել, թե՞ ինչ։



**-Չէ, կապ չունի, ընդհանրապես ցանկություն չունեմ։**



**-Հեղափոխությունից 6 ամիս է անցել, այս ընթացքում վերացա՞վ երկրում մենաշնորհը**։



-Համենայնդեպս… մենք ի՞նչ մենաշնորհ ունեի՞նք, որ… բնական մենաշնորհները հանած՝ մի երկու գերակա դիրք ունեցող կազմակերպություն կար, բայց, այո, այստեղ եւս ահագին դրական շարժ կա։



**-Գործարար Խաչատուր Սուքիասյանը համաձայն չէր այն դիրքորոշման հետ, որ երկրում տնտեսական քաղաքականություն չի տարվում՝ ասելով, որ մենաշնորհների վերացումը, ազատ մրցակցային պայմանների ստեղծումն ինքնին տնտեսական քաղաքականություն է։**



-Համաձայն եմ՝ դրական տեղաշարժեր կան․ կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծել եւ այլն, բայց սա բավարար չէ, որովհետեւ տնտեսությունը թույլ վիճակում է։ Պետք է ավելի երկարատեւ ու կոնկրետ քաղաքականություն եւ, իհարկե, բիզնեսի համար ավելի գրավիչ պայմաններ, որ ներդրումներ լինեն։ Եվ մի առիթով ասել եմ, նորից եմ ասում, որ ճիշտ կլինի, որ ներդրումների հետ կապված ամեն ինչ կենտրոնացվի մեկ կառույցում, որ ներդրողները կառույցի հետ գործ ունենան, որին դիմի իր բոլոր հարցերով ու խնդիրներով։ Ոչ թե առանձին-առանձին ներդրողն էս նախարարության հետ, էն… Ինչ վերաբերում է միտումներին, հույս ունենանք, որ ընտրություններին իշխող դաշինքը հանդես կգա ծրագրով, ու մենք ավելի կոնկրետ ծրագրեր կտեսնենք ու ներդրողների համար ավելի գրավիչ պայմանների մասին հայտարարություններ կլսենք։ Պետք է Հարկային օրենսգիրքը բարեփոխվի, հազար ու մի հարց կա, հո մենակ կոռուպցիայի դեմ պայքարելո՞վ չէ։



**-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում գործարարներն ամեն ամիս Բաղրամյան 26 ճամպրուկով փող էին տանում․ Դուք տանո՞ւմ էիք։**



-Ինչի՞ համար պետք է տանեի, նախ եւ բացի այդ, ես, օրինակ, կոնկրետ մարդու չեմ ճանաչում, որ տարել է։ Կարող է տարել են, բայցեւ շատ ու շատ մարդիկ գիտեմ, որոնց մասին վստահաբար կարող եմ ասել, որ չեն տարել։



**-Դուք խոշոր ներկրող եք, այս ընթացքում Ձեր կյանքում որեւէ բան փոխվե՞լ է։**



-Այդ առումով շատ բան է փոխվել․ մոտեցումները, գործարարներին արդեն ուրիշ ձեւ են նայում… եթե առաջ անհամբեր սպասում էին, թե գործարարը որտեղ, ինչում է սխալվելու, որ իրեն հոշոտեն, հիմա լրիվ այլ կերպ է, հիմա զգուշացնում են, մաքսային ձեւակերպումների մեջ է շատ բան փոխվել։



**Անի ՊԵՏՐՈՍՅԱՆ**