Հրաժարվում են գործ հարուցել Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ

Հրաժարվում են գործ հարուցել Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ
Մենք գրել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանը հուլիսի կեսերին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին եւ Կառլոս Պետրոսյանին՝ Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, իսկ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ։ Մովսիսյանը, հիշեցնենք, անցնում էր Հոկտեմբերի 27-ի գործով ու որոշ ժամանակ նաեւ կալանավորված էր։



Երեկ հետաքրքրվեցինք Միհրան Մովսիսյանից՝ դատախազությունն իր դիմումին ընթացք տվե՞լ է, ի՞նչ նորություն կա այս գործից։ Պարզվեց՝ Մովսիսյանի դիմումն անհիմն են համարել ու մերժել քրգործ հարուցել։ Մովսիսյանն էլ դիմել է դատարան, առաջին ատյանի դատարանը եւս մերժել է նրան։ Հիմա գործը վերաքննիչ դատարանում է, որտեղ նոյեմբերի 14-ին նիստ է նշանակված։ Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ուրեմն դիմել եմ վերաքննիչ դատարան, քանի որ դատախազությունից հետո ՀՔԾ-ն էլ մերժեց, դիմեցի առաջին ատյանի դատարան, հիմա վերաքննիչ դատարանում է գործը։ Մերժման հիմքն օդից են հայտնաբերել՝ իբր ժամկետանց է, վաղեմության հարց է։ Բայց ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պարտադիր պետք է անցնեմ էս ատյանները, որ հետագայում դիմեմ Եվրոպայի մարդու իրավունքների դատարան»։



**-Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք այս հարցով դիմել դատարան։ Ինչո՞ւ նախկինում չէիք դիմում։**



-Էդ հարցը, միանգամից ասեմ, տեղին չէ, քանի որ երեւի ծանոթ եք իմ նախկին հարցազրույցներին, ես 18 տարի անընդմեջ դիմել եմ, ոչ թե սպասել եմ ինչ-որ հեղափոխություն կամ իշխանափոխություն լինի։ Ես դիմել եմ մշտական՝ էդ հարցի հետ կապված, թե՛ հանրապետության երկրորդ նախագահին, թե՛ երրորդ նախագահին, թե՛ բոլոր գլխավոր դատախազներին՝ սկսած Բորիս Նազարյանից, ավարտված Արթուր Դավթյանով։ Ինչպես նաեւ ԱԱԾ տնօրեններ Կառլոս Պետրոսյանին, Գորիկ Գուրգենիչին, էլ ո՞ւմ ասեմ՝ Կուտոյանին չեմ ասելու, որովհետեւ փողոցից նշանակված անձ էր, չեմ էլ դիմել։ Դա նշանակում ա՝ ես չեմ լռել, իմ իրավունքները պաշտպանելու համար ես մշտապես դիմել եմ համապատասխան ատյաններին, որոնք թաքցրել են նշված հանցագործությունը։



**-Դուք մեղադրում եք Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Կառլոս Պետրոսյանին։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դիմել եք իրեն, որպեսզի իր դեմ գո՞րծ հարուցեն։**



-Հա, ի՞նչ է եղել որ… ոչ թե դիմել եմ իրեն, այլ հանրապետության նախագահին, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։



**-Որ ի՞նչ անեին։**



-Որ քրեական գործ հարուցեին համապատասխան մարդկանց նկատմամբ, որոնք մեղավոր են իմ՝ այնտեղ գտնվելու պատճառով։



**-Իսկ կարծում եք՝ նման քրեական գործ կհարուցեի՞ն։**



-Հենց հիմա դրա պատասխանը Դուք Ձեզ տալիս եք, քանի որ հարց եք տալիս՝ ինչո՞ւ նախկինում չէիք դիմում։ Ես, լինելով մասնագիտությամբ իրավաբան, գիտեի, որ էսօրվա դրությամբ նման հարցեր կառաջանան, դիմել եմ։ Դիմել եմ բոլոր ատյաններին, ես ոչ մեկից ո՛չ քաշվածություն ունեմ, ո՛չ էլ վախի զգացողություն ունեմ։ Հասկանալի՞ ա։



**-Ձեր եղբոր՝ Շմայսի գործոնը Ձեզ չէ՞ր կաշկանդում**։



-Եկեք անձնական հարցերով չզբաղվենք, ես էն անձնավորությունը չեմ, որ նման հարցերի վերաբերյալ պատասխանեմ։



**-Այսինքն՝ Դուք ակնկալում էիք, որ նոր իշխանություններն ընթա՞ցք կտան Ձեր գործին։**



-Եթե նոր իշխանություններն ընթացք չտան, ես Եվրոպական դատարան եմ դիմելու, ոչ մի զիջում ոչ մեկի նկատմամբ չի լինելու։ Դրա համար էլ ես հիմա պարզ ասեմ, Դուք տեսնում եք՝ Մարտի 1-ի կապակցությամբ Վահագն Հարությունյանի նկատմամբ ինչ հարցեր են առաջացել։ Այսինքն՝ կա մեղադրանք, կա կալանք դատարանի կողմից, բայց, ցավոք սրտի, մենք տեսնում ենք՝ էդ անձնավորությունները կանխազգացում ունեն, թե ինչ ունեն, չեն գտնվում Հայաստանում։ Ես հիմա հայտարարությամբ եմ հանդես գալիս, մանավանդ, որ իմ ամբողջ նպատակը նրանում է, որ ես գիտեմ ոնց ա եղել էս ամեն ինչը, քանի որ իմ հետ ա եղել, Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ ա եղել, եւ Ջհանգիրյանը, որ էսօր ազատության մեջ ման ա գալիս, երբ գա ժամանակը, որ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, քրեական գործ կհարուցեն, ու մենք կտեսնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը եւս Հայաստանում չէ (նկատի ունի, որ կփախչի երկրից՝ Վ․ Մ․) ու տալիս է ինտերվյու Հայաստանից դուրս՝ մոռանալով, որ ինքը կողմնակի մարդկանց միջոցով Հոկտեմբերի 27-ի քննություն էր վարում։



**-Այսինքն՝ Գագիկ Ջհանգիրյանին ե՞ւս նախորդ իշխանություններն իրենց թեւի տակ են առել ու պաշտպանել։**



-Միանշանակ, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանն առաջին իսկ օրվանից Ազգային ժողովում ամպագոռգոռ հայտարարում էր՝ ես հեսա կասեմ ամեն ինչ, ու հրաժարվում էր։ Ինքը եղել ա Հոկտեմբերի 27-ի քննչական խմբի ղեկավար եւ մատների արանքով ա քննությանը նայել։ Չեմ բացառում, որ միգուցե ինքը նաեւ իր շահերն է պաշտպանում՝ ավելի շատ անձնական, քան կազմակերպիչներին բացահայտելն է, որը մինչ օրս բացահայտված չէ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**