Ինքնաբավ մարդ եմ, աթոռ փոխելու խնդիր չունեմ

Ինքնաբավ մարդ եմ, աթոռ փոխելու խնդիր չունեմ
ԱԺ ընտրությունների նախաշեմին առայժմ ներկուսակցական բանակցությունները, քննարկումները, կազմվող ցուցակները պարուրված են խորհրդավոր մշուշով եւ կգաղտնազերծվեն հաշված օրեր անց։ Նախկին խորհրդարաններում թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր կուսակցություններն իրենց ցուցակներում ընդգրկել են քաղաքագետների, փորձագետների, որոնք միջազգային կառույցներում չէին բախվում ՀՀ-ն ներկայացնելու խնդիրների հետ, կարողանում էին ճկուն գտնվել եւ կողմնորոշվել արտաքին քաղաքականության ոլորտում։ Թեւան Պողոսյանը ԱԺ պատգամավոր էր 2012-2017թթ․, իսկ անցյալ տարի, ապրիլին, կրկին չընտրվելով պատգամավոր, վերադարձավ փորձագիտական ոլորտ։ Նա նաեւ ՀՀ նախագահի խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե իրեն առաջարկ արվե՞լ է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող որեւէ քաղաքական ուժի կողմից՝ տեղ գտնելու կուսակցական ցուցակներում։ «Ո՛չ, չի եղել»,- շատ կարճ արձագանքեց մեր զրուցակիցը։



Հարցին, թե կցանկանա՞ր նորից լինել ԱԺ-ում, նա պատասխանեց․ «Ես ինքնաբավ մարդ եմ, զբաղվում եմ իմ աշխատանքով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ում։ Ցանկացած գաղափար էլ, որ ունենում եմ եւ համարում եմ շատ կարեւոր, գիտեմ, թե ինչպես պետք է տեղ հասցնել։ Դրա մեխանիզմներն ու խողովակները գիտեմ։ Աթոռ փոխելու խնդիր չունեմ։ Եթե լինի առաջարկ, ապա կքննարկեմ, բայց չկա առաջարկ։ Իսկ ինքս չեմ պատրաստվում որեւէ մեկին խնդրել»։ Ինչ վերաբերում է ապագա ԱԺ-ին, ապա Թեւան Պողոսյանը կարծում է, որ կլինեն քննարկումներ ծրագրերի եւ գաղափարների մասին, մարդիկ էլ կփորձեն գնահատական տալ, թե ում են վստահում։ «Թող ցանկացած քաղաքական ուժ ներկայացնի իր արժեքային դաշտը, իր տեսլականը, իր գործողությունների ծրագիրը, հանրությունն էլ կկարողանա ճիշտ ձեւով իր ընտրությունը կատարել, դրանից էլ կիմանանք, թե որ քաղաքական ուժն է վայելում հանրային վստահություն։ Հույսս այն է, որ քարոզարշավում մարդիկ կներկայացնեն իրենց ծրագրերը, մոտեցումները, իրենց նախընտրական ծրագիրը արժեք դառնա։ Նաեւ՝ այն թիմը, որն իր գործողություններով ենթադրենք Հայաստանը A կետից կհասցնի B կետին»,- նշեց Թեւան Պողոսյանը։ Հանրության մեջ որոշակի հիասթափություն առաջացրեց նոր Ընտրական օրենսգրքի չընդունումը, ընտրությունները հին Ընտրական օրենսգրքով անցկացնելը։ Թեւան Պողոսյանը կարծում է, որ այսօրվա Ընտրական օրենսգիրքը չի հակասում շատ գաղափարներ կյանքի կոչելուն, մասնավորապես՝ բանավեճեր անցկացնելուն։



Մեր զրուցակիցը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագիրը, որի երրորդ կետում գրված է, որ կողմերը պարտավորվում են անցկացնել կոռեկտ ընտրական գործընթաց։ Ըստ այդմ էլ՝ Թեւան Պողոսյանը կարծում է, որ այդ կոռեկտության հիման վրա կարող են բանակցել, պայմանավորվել, թե ինչ կանոններով կանցնի այսօրվա ընտրապայքարը։ Իսկ այդ դեպքում էլ, ըստ նրա, կարելի է անցկացնել բանավեճեր։ Հետաքրքրվեցինք, թե Թեւան Պողոսյանն ակնկալո՞ւմ է, որ հեղափոխական կառավարությանը ընտրություններից հետո կփոխարինի պրոֆեսիոնալ կառավարություն։ «Նայած, թե որ քաղաքական ուժը կհաղթի եւ ինչ ծրագիր կներկայացնի առաջիկա հինգ տարիների համար։ Եվ եթե հանրությունն իր քվեն տա, եւ որեւէ քաղաքական ուժ ձեւավորի մեծամասնություն, պետք է կյանքի կոչի իր նախընտրական ծրագիրը։ Եթե հանրությանը նրանք ներկայացնեն, որ իրենք պրոֆեսիոնալ կառավարություն չեն ձեւավորելու, սակայն հանրությունն իրենց քվե տա, ապա մենք ի՞նչ կարող ենք անել»,- նշեց մեր զրուցակիցը։



Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, 2007-2012թթ․ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում եւ մասնակցում է երկու խոշոր միջոցառման, որոնցից մեկը «Գլոբալ թինք թանք» 28-րդ գագաթնաժողովն է։ Նա տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ իրեն ոչ մի կուսակցության կողմից առաջարկ չի արվել՝ ընդգրկվելու որեւէ ցուցակում։