Զախարովան մեկնաբանել է Մերկելի՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ արված հայտարարությունները

Զախարովան մեկնաբանել է Մերկելի՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ արված հայտարարությունները
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից Հարավ-Կովկասյան տուրնեի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, առնչված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Ինչպես հայտնում է TACC լրատվական գործակալությունը, Զախարովան մասնավորապես ասել է․ «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի այն պետությունների կողմից, որոնք անմիջականորեն ներգրավված են կարգավորման գործընթացի մեջ։ Ամեն ինչ պետք է արվի այն բանի գիտակցմամբ, թե որքանով են արդյունավետ կարգավորման ձեւաչափերը։ Այս գործոնների ամբողջության մեջ պետք է դիտարկել նման հայտարարությունները»։



Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստակամ է աջակցություն ցուցաբերելու նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Համանման հայտարարությամբ կանցլեր Մերկելն հանդես էր եկել նաեւ Բաքվում։



Ըստ էության ՌԴ ԱԳ նախարարությունը շատ քաղաքակիրթ ձեւով եւ դիվանագիտորեն հասկացրել է Գերմանիային, որ իր մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կարող է լինել ոչ ավել, քան ԵԱՀԿ անդամ որեւէ պետության մասնակցությունը, իսկ արդեն ավելի ընդլայնված մասնակցությունը, որպիսին կարող էր ենթադրվել կանցլեր Մերկելի խոսքերից, կնշանակի նոր էլեմենտների ներմուծում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար ձեւավորված ՄԽ եռանախագահության ձեւարափում, ինչին Մոսկվան դեմ է եւ դեմ էր նաեւ շատ ավելի վաղ, երբ Անկարան էր ցուցաբերում ակտիվություն այս հարցում։