Թունավորված, ախտածին ու անտիբիոտիկներով հարուստ սննդամթերք

Թունավորված, ախտածին ու անտիբիոտիկներով հարուստ սննդամթերք
Մինչ մեզանում դեռ շարունակվում է բանավեճը՝ կա՞ արդյոք Հայաստանում գենետիկորեն ձեւափոխված սնունդ եւ պլաստմասսե բրինձ, փորձագետները ներկայացնում են սննդի որակի վերաբերյալ այլ, բայց ոչ պակաս անմխիթար ցուցանիշներ. անտիբիոտիկներով ու հորմոններով բտված ու ախտածին ցուպիկներով հարուստ թռնչամիս, օրերով չթարմացվող ու իրենց չափերի համար շատ փոքր լողավազաններում պահվող ձուկ, սոյայով, օսլայով ու զանազան քաղցկեղածին նյութերով հագեցած միս պարունակող երշիկ (տարիներ առաջ ուսումնասիրված): Պատահական չէ, որ Հայաստանում շատերը, ովքեր առանձնատուն ունեն, սկսել են բակում հավ եւ անգամ ձուկ պահել: Նրանք էլ, ովքեր հնարավորություն ունեն, արտերկրից ժամանակ առ ժամանակ 1-2 կիլոգրամով չկեղծված թեյ, սուրճ եւ դեղամիջոցներ են բերում:



ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ **Դավիթ Պիպոյանը** ներկայացրեց Հայաստանում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում փորձաքննության արդյունքները։ Մասնավորապես՝ երշիկեղենի շուկայում իրականացված մոնիտորինգային ուսումնասիրության համաձայն (ընտրված է եղել 13 արտադրողների կողմից թողարկված երշիկեղեն՝ եփած, կիսաապխտած, հում ապխտած երշիկ, նրբերշիկ եւ «սարդելկա»)՝ եթե ոչ բոլոր նմուշներում, ապա մեծ մասի մոտ հայտնաբերվել է ալերգեն սոյայի առկայություն: Որոշ դեպքերում հայտնաբերվել է մակնշված բուսական սպիտակուց, թեեւ կոնկրետ նշված չի եղել, որ սպիտակուցը բուսական է: Երշիկեղենում հայտնաբերվել է նաեւ օսլայի առկայություն (խտություն հաղորդելու համար), ինչպես նաեւ՝ նատրիումի նիտրիդ՝ երշիկին կարմիր գույն հաղորդելու համար: Նշենք, որ սոյան համարվում է հավանական ալերգեն, ու եթե համապատասխան մակնշում էլ չկա, ստացվում է, որ այն թաքնված վտանգ է ալերգիկների համար:



Վերջին շրջանում շատերը նկատած կլինեն, որ խանութից գնված պանիրը, սերուցքը սենյակային ջերմաստիճանի պայմաններում որոշ ժամանակից հետո դեղնում են, սմքում, ու մակերեւույթին հայտնվում են յուղի կաթիլներ: Սա, ինչպես վկայում են համացանցում առկա նյութերը, սննդամթերքում բարձր քաղցկեղածին, սրտանոթային ու շաքարային դիաբետ առաջացնող հիվանդությունների ծագման տրանս-ճարպաթթուների առկայության նշան է:



ԳԱԱ ռիսկերի գնահատման կենտրոնն իրականացրել է պաղպաղակում նման տրանս-ճարպաթթուների մոնիտորինգ, սակայն, ինչպես նշեց կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, արդյունքները դեռ վերլուծված չեն եւ կհրապարակվեն 2018-ի հունվարին:



Ենթադրելի է, որ արդյունքները վատն են լինելու, քանի որ նրա եղբոր՝ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի տեղեկացմամբ՝ տրանս-ճարպաթթուների առկայության վերահսկողությունն առհասարակ դուրս է մնացել պետության քաղաքականությունից: Այն դեպքում, երբ եվրոպական երկրներում տրանս-ճարպերի բացահայտվելու դեպքում չի բացառվում նույնիսկ քրեական գործի հարուցումը:



Առնվազն կենցաղային մակարդակով քննարկումներում Հայաստանում վերջին շրջանում քաղցկեղի խիստ տարածվածությունը բացատրվում է վատորակ ու անառողջ սննդամթերքով եւ տարբեր՝ երրորդ երկրներից դուրս գրված, Հայաստան ներկրված ու մեքենաներից առատ ծուխ արձակող CO 2 գազի արտանետումներով:



**Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ**