Չի բացառվում, որ ՀՀԿ-ի նախընտրած նախագահի թեկնածուին առաջադրեն ուրիշ խմբակցություններ

Չի բացառվում, որ ՀՀԿ-ի նախընտրած նախագահի թեկնածուին առաջադրեն ուրիշ խմբակցություններ
Թե ով է 2018թ. ապրիլի 9-ից հետո զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, հետաքրքրում է ոչ միայն քաղաքական, այլեւ հանրային շրջանակներին։ 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով՝ 2018-ի ապրիլից երկիրն անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման, որտեղ պետության փաստացի ղեկավարումն իրականացնելու է ոչ թե ՀՀ նախագահը, այլ՝ վարչապետը։ Բայց մինչեւ խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունը, այդ նույն խորհրդարանը պետք է ընտրի հանրապետության նախագահ, որը թեպետ չի ունենալու գործող նախագահի լիազորությունները, սակայն համարվելու է պետության գլուխը, արտաքին աշխարհի համար ներկայացուցչական անձ եւ պակաս կարեւոր չէ, քան վարչապետի անձը։ 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով՝ հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Սա նշանակում է, որ նոր նախագահին խորհրդարանը պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին՝ մոտավորապես մինչեւ մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Ի դեպ, նախագահի թեկնածուի տարիքային շեմը նոր Սահմանադրությամբ բարձրացվել է՝ 35-ի փոխարեն հիմա նախագահ կարող է առաջադրվել 40 տարին լրացած, առնվազն վերջին 7 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընդ որում՝ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:



Նախագահի թեկնածուների պակաս այսօր էլ չկա. ամենահավանական թեկնածուն, ում անունը շրջանառության մեջ է արդեն մի քանի տարի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է համարվում, ում 70 տարին լրանում է նախագահի ընտրություններից օրեր հետո՝ մարտի 23-ին, եւ նա օրենքի ուժով պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը: Սակայն նա առողջական խնդիրներ ունի, բացի այդ՝ օրերս հրապարակայնորեն վստահեցրեց, թե չի ցանկանում այդ պաշտոնում աշխատել։ Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անունը, որի մասին մենք գրել ենք շաբաթներ առաջ։



Սահմանադրական փոփոխություններով՝ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կամ, պարզ ասած՝ 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր թեկնածու ներկայացնելու համար։ Ասել է թե՝ բացի ՀՀԿ-ից, նախագահի թեկնածու կարող է առաջադրել նաեւ 31 հոգանոց խմբակցություն ունեցող «Ծառուկյան դաշինքը»։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ «ԾԴ»-ն «Ելք» խմբակցության հետ քննարկում է միասնական թեկնածու առաջադրելու հարցը։ Երեկ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն այս առիթով հորդորեց ժամանակից առաջ չընկնել, դեռեւս նման քննարկումներ չկան դաշինքում եւ ընդհանրապես․ «Օրը կգա, ամեն ինչի մասին կիմանաք ժամանակին»։ Ճիշտ է՝ ոչ միասնական եւ ոչ էլ «Ծառուկյան դաշինքի» առաջադրած առանձին թեկնածուն չի կարող քվեարկության արդյունքում հաղթել, բայց այդ դեպքում ընդդիմությունը կարող է տապալել նախագահի ընտրությունը, առնվազն՝ ընտրության առաջին փուլում: Ըստ Սահմանադրության 125 հոդվածի 4-րդ կետի՝ հանրապետության նախագահն ընտրված է համարվում, եթե ստացել է պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի ձայները, այսինքն՝ առնվազն 79 ձայն: Խորհրդարանում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ունի 65 ձայն։ Երկրորդ փուլի համար պահանջվում է երեք հինգերորդի ձայնը, այսինքն՝ 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկի: Ի դեպ, կա նաեւ երրորդ փուլ, որի ժամանակ նախագահն ընտրված է համարվում ձայների պարզ մեծամասնության կողմ քվեարկությամբ։ Մեծ հաշվով՝ հանրապետական մեծամասնությունն է որոշելու, թե ով պետք է լինի 2018-ի նախագահը, սակայն, որպեսզի նախագահը չդառնա միայն մի քաղաքական ուժի ներկայացուցիչը, եւ խորհրդարանական ընդդիմությունը տապալված քվեարկություններով աշխարհին ցույց չտա, որ Հայաստանում նույնիսկ անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող նախագահի ընտրության հարցում ՀՀԿ-ն հաշվի չի նստում ընդդիմադիրների հետ, քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ նախագահի թեկնածուի հարցում իշխանությունը համաձայնության գա նաեւ «Ծառուկյան դաշինքի» հետ։ Ի վերջո, Սերժ Սարգսյանի՝ դեռեւս անցած տարի հայտարարած ազգային համաձայնության իշխանության ձեւավորումը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրությունների նախաշեմին:



Դրանից բացի, ՀՀԿ-ն թեեւ կարող է միայնակ ընտրել նախագահ, բայց նրան վերահսկել չի կարող: Նոր Սահմանադրությամբ՝ նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների երկու երրորդը՝ 70 պատգամավոր։ Ի դեպ, ուշագրավ է, բայց երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ, ասաց․ «Ի վերջո, չի բացառվում, որ մեր նախընտրած թեկնածուին առաջադրեն ուրիշ խմբակցություններ»։ Պատգամավորն ասաց, որ դեռեւս չեն քննարկել նախագահի թեկնածուի հարցը․ «Սահմանված կարգի համաձայն՝ կքննարկենք»։ ՀՀԿ-ում Էդվարդ Նալբանդյանի թեկնածության ընդունելի լինելու մասին հարցը ՀՀԿ-ական պատգամավորը համառորեն շրջանցեց՝ հիշեցնելով․ «Եթե հիշում եք՝ այս տարի ԱԺ նախագահի թեկնածության վերաբերյալ էլ շատ թեկնածուների անուններ էին շրջանառվում, բացի Արա Բաբլոյանից, դրա համար պիտի սպասեք։ Թեկնածուների թիվը շատ կա, բայց կոռեկտ չէ կարծիք հայտնել»։ Մեր ճշտող հարցին՝ այնքա՞ն էլ ընդունելի չէ այդ թեկնածությունը, որ կարծիք հայտնելուց պատգամավորը խուսափում է, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց․ «ՀՀԿ-ի տեսադաշտում թեկնածուների պակաս չկա, եւ այդ առումով կոռեկտ չէ»։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ի ընտրությամբ է լինելու ապագա նախագահը, իսկ ընդդիմության համաձայնության մասին արձագանքեց․ «Ընդդիմությունը դեմ կլինի, թող դեմ քվեարկի»։ Նալբանդյանի թեկնածության հարցը ՀՀԿ-ում չի քննարկվել, Գագիկ Մելիքյանն իր անձնական կարծիքն այդ թեկնածության վերաբերյալ կներկայացնի այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն քննարկի այն։ Դիտարկմանը՝ մի՞թե 10 տարի ԱԳ նախարար աշխատած մարդն այնքան մերժելի թեկնածու է, որ ՀՀԿ-ականը գնահատականներ չի ուզում շռայլել, Մելիքյանը հարցով պատասխանեց․ «Իսկ որեւէ մեկը նման բան ասե՞ց»։ Ընդունելի՞ է։ «Երբ հարցը կառաջադրվի, առաջարկություններ կներկայացվեն, մենք մեր կարծիքը կհայտնենք»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**