Պաշտոնյաների տղաների բանակում չծառայելու մասին

Պաշտոնյաների տղաների բանակում չծառայելու մասին

Բոլորի նման ես էլ երբեմն անդրադառնում եմ պաշտոնյաների ու նրանց տղաների բանակում չծառայելու խնդրին։



Այլ հնչեղություն ունի, երբ հանրության մեջ ոչ հայտնի, որոշակի հնարավորության տեր մարդիկ իրենց տղաներին բանակից ազատում են, իսկ դրանք քի՜չ չեն, ու բոլորովին այլ հնչեղություն, երբ հայտնի պաշտոնյայի, մեծահարուստի տղա է զինվորական ծառայությունից ազատվում։



Որևէ պաշտոնյայի անուն անհատական նշելու անհրաժեշտությունը չեմ տեսել, հաշվի առնելով, որ երևույթը ընդհանուր է (Բացառությունները Կարմիր գրքում)։



Հանրության կողմից արձագանքներ եղել են ու շատ։ Արձագանքներն ընդհանրացրել եմ։



Հիմնականում մարդիկ այսպես են մտածում՝ պաշտոնյաների տղաները բանակում ծառայելուց ավելի շատ վնաս կտան․․․ Նկատի ունեն նրանց վարք ու բարքը, ապրելակերպը, հայրերի անուններով իրենց դրսևորելը։



Զինվորական ծառայության են մեկնում հիմնականում «մի հալի մարդիկ», երբ որևէ արտոնյալ է հայտնվում, ընդհարումն անպակաս է։ Այնպես որ ինչքան էլ հզոր կառույց լինի պաշտպանության նախարարությունը, միևնույն է, հեշտ չէ այդ հարցը կարգավորելը։



Հասարակության մեջ ընդգծված սոցիալական ու մտածելակերպի տարբերությամբ մարդկանց հեշտ չէ հավաքել մի տեղ ու ասել՝ գնացեք հանգիստ ծառայեք։



Հնարավոր կլինի, եթե հանրությունն ու պաշտոնյաները տեսնեն, իրենց մաշկի վրա զգան, որ օրենքը բոլորի համար հավասար խստությամբ է գործում։ Իսկ դրա համար կոնկրետ քայլեր են պետք, լուրջ քայլեր ու․․․ ժամանակ, որ մարդիկ համոզվեն գործի կատարման լրջությանը։



Մյուս մոտեցումն այն է, որ պաշտոնյան իր չծառայած տղայի համար գումար վճարի։ Բայց ինչքա՞ն վճարի, որ մարդկային կյանքին համարժեք լինի։ Նման բան հնարավո՞ր է։ Իհարկե, ոչ։ Մարդկային կյանքը, առավել ևս 18-20 տարեկան երիտասարդի կյանքը անփոխհատուցելի է։ Եվ շրջանառվող գումարները՝ պաշտոնյաների տղաների չծառայելու դեպքում, ծիծաղելի թվեր են։ Ծիծաղելի՝ տվյալ մեծահարուստի կամ պաշտոնյայի կարողությունը հաշվի առնելով։



Հարկավոր է խփել պաշտոնյայի կամ մեծահարուստի գրպանին։ Ու խփել դաժան։ Այնպես, որ նա զգա իր գրպանի թեթևանալը։ Այլ ձև չկա։ Երբ առաջին գիծ է մեկնում իր տղայի փոխարեն մեկ ուրիշ երիտասարդ, երբ իր տղայի փոխարեն ուրիշն է կյանքը վտանգի տակ դնում․․․



Խոսքս առաջին գծի մասին է, պաշտպանական դիրքերում կանգնելու մասին է, որտեղից դեռ մինչև օրս որևէ պաշտոնյայի կամ մեծահարուստի զավակի «քիթն արյունոտվելու լուր չի լսվել», թող ոչ մեկինը չլսվի,  փոխարենը․․․ սոցիալապես անապահով․․․ Ուրիշ բառ լսե՞լ եք, ուրիշ բնութագիր․․․



Երկիրը պահելու խնդիրը միայն սոցիալապես անապահովի՞նն է։



Հասմիկ Բաբաջանյան