ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը փոխհատուցել է Գագիկ Հարությունյանի լավությունը

ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը փոխհատուցել է Գագիկ Հարությունյանի լավությունը

Հուլիսի վերջն արձակուրդային շրջան է, բայց ոչ մասնագիտական խորհուրդների համար, որոնք թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների պաշտպանություն են կազմակերպում։ Աշնանային զորակոչից առաջ, սովորաբար, պաշտպանություններն ավելի շատ են լինում, քան տարվա մյուս ամիսներին։ Դրանցից մեկն օրերս անցկացվել է Պետական կառավարման ակադեմիայի թիվ 041 մասնագիտական խորհրդում։ «Հանրային իրավունք» մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսություն պաշտպանեց «Բեգլարյան կլինիկայի» սեփականատիրոջ որդի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսա Արտաշես Բեգլարյանը, որը նախկինում ՊԵԿ օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ ՊԵԿ-ում կադրային փոփոխութունների և վերակազմավորումների հետևանքով նա կորցրեց պաշտոնը։ Մեր տեղեկություններով, Գագիկ Հարությունյանի փեսան թերի աշխատանք է ներկայացրել, չի կարողացել հարցերին պատասխանել հրապարակային պաշտպանության ժամանակ, բայց խորհրդի 9 անդամներից 8-ը կողմ է քվեարկել աշխատանքին։ Այժմ այն ուղարկվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը, որն աշխատանքի որակի ստուգման վերջին կետն է։ Հուլիսին ԲՈՀ-ը չի հաստատել կամ կրկնակի քննարկման է ուղարկել 21 թեկնածուական եւ դոկտորական աշխատանք։



Չհաստատված ատենախոսությունների թվում է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանի դոկտորական ատենախոսությունը, որը գիտական տարբեր պարբերականներից արտագրված հատվածներ է պարունակում։ Երեկ մեր թերթում հրապարակվել էր Մատենադարանի աշխատակից Արթուր Հովհաննեսյանի հոդվածը, որտեղ նա դիմել էր ԲՈՀ-ին՝ մատնանշելով Տեր-Ղեւոնդյանի խախտումները։ Հոդվածագիրը նաեւ նշել էր, որ Վահան Տեր-Ղեւոնդյանի դոկտորական ատենախոսությունը, որը նա պաշտպանել է մայիսին, այժմ գտնվում է ԲՈՀ-ում: Ի պատասխան, ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանը պարզաբանեց, որ Վահան Տեր-Ղեւոնդյանի ատենախոսությունը չի գտնվում ԲՈՀ-ում։ «Բարձրագույն որակավորման հանձնաժողովը չի հաստատել Վահան Տեր-Ղեւոնդյանի ատենախոսությունը նույն պատճառաբանությամբ, որը նշված է հրապարակման մեջ»։ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թեզի պաշտպանությունը կազմակերպվել է Պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհրդում՝ ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախագահությամբ։ Մինչեւ ԲՈՀ հասնելը, գիտական թեզերը 45-60 մասնագետներ են նայում՝ նախնական պաշտպանություն, մասնագիտական խորհուրդ, ընդդիմախոսներ, եւ եթե աշխատանքը վատն է, սա առնվազն նշանակում է, որ այս մարդկանց մեծ մասը չի սիրում իրենց մասնագիտությունը, նվիրված չէ գիտության իր ճյուղին, ապականում է այն։ Հիշեցնենք, որ Տեր-Ղեւոնդյանը չի նշանակվում Մատենադարանի տնօրեն, եւ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը չի կազմակերպվում հենց այս պատճառով՝ նա դեռեւս գիտությունների դոկտոր չէ։ Մատենադարանի կանոնադրությամբ՝ դա իմպերատիվ պահանջ է։
Իսկ 041 մասնագիտական խորհրդի նախագահը, որտեղ պաշտպանել է Արտաշես Բեգլարյանը, կառավարման ակադեմիայի նախկին ռեկտոր, նախկին օմբուդսմեն, ներկայում ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանն է։ Գիտական շրջանակներում կատակում են, որ նա պաշտոնյաների զավակների գլխավոր «քավորն» է, «ամեն սեսիայի մի շալակ պաշտոնյայի զավակ է բերում-անցկացնում»։ Ժամանակին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովի նախագահն էր, իր հերթին ամեն ինչ արեց, որ հենց Հարությունյանն առավելագույն միավորներ հավաքի եւ ՄԻԵԴ դատավոր դառնա։ Հիշեցնենք, որ մրցույթը դիտարկող «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն բազմաթիվ խախտումներ էր արձանագրել իր զեկույցում, նշել էր, որ մրցույթը ձեւական բնույթի է, կասկածներ էր հայտնել Գագիկ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովի անաչառության առումով։ Ա. Հարությունյանի մասին այդ զեկույցում գրված էր, որ նա չունի ՄԻԵԴ դատավորի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ իրավական գիտելիքներ, «վերլուծելու եւ վերաբերելի դատողություններ եւ պատճառաբանություններ արտաբերելու կարողություն»։ Մասնավորապես, քննության ժամանակ նա աչքի է ընկել ՄԻԵԴ-ի կառուցվածքի մասին տարրական գիտելիքների բացակայությամբ, «մակերեսային, չկապակցված եւ անորոշ, երբեմն նաեւ անհասկանալի պատասխաններով»։ Բացի այդ, նրա փաստաթղթերի փաթեթն ընդունման վերջնաժամկետից ուշ էր ներկայացվել եւ այլն։ Ինչ խոսք, մեր իրավական վերնախավը փոխշահավետության բարձր ընկալումներ ունի։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ