Ո՞ր արժանիքների համար

Ո՞ր արժանիքների համար
Երեկ «Առցանց ազատականների ալյանսը», այլ կերպ ասած՝ Կարապետ Ռուբինյանի նախաձեռնությունը, մի հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի եւ թեկնածուի մասին: Բանն այն է, որ արդեն հայտնի է իշխանական թեկնածուի անունը. ինչպես եւ գրում էր մամուլը, նա Կարեն Անդրեասյանն է, որը չնայած բավականին երիտասարդ է, բայց հասցրել է ապացուցել կառավարող շրջանակներին իր հավատարմությունը: Եվ «3 Ա»-ն մարդու իրավունքների թվով երրորդ պաշտպանի պաշտոնում այլընտրանքային թեկնածուներ է առաջարկել, քանզի մեզ «ոչ թե խամաճիկի, այլ անկախ ու ինքնուրույն գործող մեկն է պետք այս պաշտոնում»: Ըստ այդմ, ներկայացվել են չորս անուններ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, որը հատկապես հայտնի է բանակում կատարվող դեպքերի ուսումնասիրություններով, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան, իրավապաշտպան, ԽՍՀՄ քաղբանտարկյալ Վարդան Հարությունյան եւ լրագրող Ժաննա Ալեքսանյան: Սրանք այն մարդիկ են, ովքեր աշխատանքի բերումով, նաեւ սեփական ընտրությամբ տարիներ շարունակ զբաղվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ: Գուցե նրանք անգլերենին այնպես կատարյալ չեն տիրապետում, ինչպես Կարեն Անդրեասյանը, սակայն նրանց երախտապարտ մարդկանց բազմություն կա, որոնց նրանք օգտակար են եղել իրենց խախտված իրավունքները վերականգնելիս: Օգնել են պայքարելու պետական այն կառույցների ու  պաշտոնյաների դեմ, որոնք ոտնահարել են նրանց իրավունքները: Իսկ ո՞ւմ իրավունքներն է պաշտպանել Կարեն Անդրեասյանը եւ ընդհանրապես՝ ո՞ր վաստակի համար է զբաղեցնելու այդ պատասխանատու պաշտոնը: Թեեւ՝ ՄԻՊ ինստիտուտն այնքան են արժեզրկել, որ այլեւս հանրությանը չի էլ հետաքրքրում, թե ով կզբաղեցնի այդ աթոռը: