Պահանջնե՞ր, թե՞ երազանքներ

Պահանջնե՞ր, թե՞ երազանքներ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը տպավորիչ հանրահավաք ու երթ արեց Երեւանում: Եւ չնայած նախորդ օրերին ոստիկանությունը ջանք չէր խնայել, որ հնարավորինս քիչ մարդ մասնակցի այդ ակցիային, սակայն մի քանի տասնյակ հազար մարդ, այնուամենայնիվ, մասնակցում էր: Գարուն է, իսկ գարնանային զարթոնքը մեզանում, որպես կանոն, նույնացվում է հանրահավաքային շարժման ու նոր հույսերի արթնացման հետ: Մարդիկ փոփոխությունների կարոտ են եւ ցանկացած փոփոխություն նախընտրում են կայուն ու անխախտ ճահճից: Մանավանդ, համաշխարհային պրոցեսները նպաստում են դրան: Եթե այդ առումով դիտարկենք երեկվա հանրահավաքը, ապա հավաքված բազմության մի ստվար հատված պատրաստ էր հենց երեկ գնալ վճռական գործողությունների: Մարդիկ անգամ հումոր էին անում՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրին ի հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջ է քաշել «Գնացեք տուն» ծրագիրը: Շարքային մարդը, որը շղթաներից բացի ոչինչ չունի կորցնելու, ավելի մարտական է, ինչ-որ տեղ անպատասխանատու ու նաեւ անհամբեր: Նա հոգնել է սպասելուց: Հոգնել է կրկնվող ելույթներ լսելուց: Հերթական հանրահավաքը նրան որպես հերթական բաց թողնված հնարավորություն է թվում: «Հի-մա, հի-մա», ասում են մասսաները եւ լավ չեն ըմբռնում իրենց առաջնորդի զգուշավորությունը: Ինչպես լավ չեն հասկանում նրա առաջ քաշած պահանջների իմաստը. եթե դրանք պահանջներ են, ապա իրատեսական չեն: Ո՞վ չգիտի, որ մեր երկրի բյուջեն հնարավորություն չի տալիս նվազագույն աշխատավարձը 200 դոլար դարձնել, յուրաքանչյուրի զոհվածի ընտանիքին 1 մլն դոլար վճարել եւ այլն: Եթե դրանք ընդամենը «հռետորական» պահանջներ են, որոնց չկատարումն ավելի ձեռնտու է, քան կատարումը, ինչի՞ համար է 15-րդ կետում «երկխոսության» խոստումը՝ եթե դրանք ի կատար ածվեն: