Համաշխարհային կինոարվեստի շունչը քաղաքամայր Երեւանում

Համաշխարհային կինոարվեստի շունչը քաղաքամայր Երեւանում
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կրկին ստանձնել է աշխարհի լավագույն փառատոնների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային փառատոնի գլխավոր հովանավորությունը: Այն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:



Թարմություն, նոր խոսք, կինոարվեստի լեզուն բացահայտելու դասընթացներ եւ հաճելի ժամանց…. «Ոսկե ծիրանը» կինոերկրպագուներին դարձյալ նոր ասելիքով է ներկայանում: Մասնակից երկրների աշխարհագրությունը եւ մշակույթների բազմազանություն խոստացող փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայանում 9-րդ անգամ:



Խորհրդանշական է, որ Երեւանի միջազգային կինոփառատոնի բացումն ազդարարվում է  Համո Բեկնազարյանի «Շոր եւ Շորշոր» կատակերգությամբ, որը հանդիսատեսին առաջարկվում է գրական ստեղծագործության էկրանավորմամբ: Ցուցադրությունը կընթանա Վահագն Հայրապետյանի եւ նրա խմբի կենդանի ջազային ձեւավորմամբ, ինչը մշակվել է հատուկ այս առիթով: Կինոփառատոնը պահպանել է արդեն ավանդույթ դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այդ շարքում  նորություն է «Գիրք եւ կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: Նախատեսված է նաեւ ԱՊՀ երկրների կինոծրագիրը:



«Կինոն դեպի անծայրածիր տիեզերքը բացվող պատուհան է եւ մարդկային ճակատագրերի խառնարան: Արվեստի այս ճյուղն աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու եւ դրա հանդեպ անսահման սեր սերմանելու մեծ առաքելություն ունի: Համոզված եմ` միջմշակութային հարթության մեջ հայկական կինեմատոգրաֆն ունի իր կարեւոր խոսքը պատվով հրամցնելու եւ մեր երկրի վարկանիշն արժանի հարթակում ներկայացնելու դերը»,-ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Կինոփառատոնն ամփոփվելու է Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» («Amour») ֆիլմի մեկ բացառիկ ցուցադրությամբ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի համատեղ արտադրությամբ նկարահանված ֆիլմը կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր է: Հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո եւ հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեւորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուել Ռիվայի եւ Իզաբել Յուպերի խաղով:



Փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը խրախուսում է կինոարվեստն իր ամբողջ գեղեցկությամբ երիտասարդությանը փոխանցելու կազմակերպիչների ջանքերը: