Գուրգեն Խանջյան. «Ենոքի աչքը»

Գուրգեն Խանջյան. «Ենոքի աչքը»
«-Ռոքը մեռնում է, ջազը մեռնում է, դասականը մեռնում է, փոփը խժռում է բոլորին, փոփն ամեն ինչ յուրացնում է, էժանացնում, վերածում աղբի ու տալիս զանգվածներին` առեք, կերեք, իսկ զանգվածները գոհ են, բավարարված են, երջանիկ են… Այս դարը վերջնականապես չոքեց, զզվում եմ այս դարից, դուխ չունի այս դարը, համատարած հարմարվողականություն է, փողի ստորաքարշ պաշտամունք, այս դարը պիտի փողի պաշտամունքի եկեղեցիներ հիմնի, փողի սրբապատկերներ կախի, մոմ վառեն տակը, աղոթեն` օ՜, սրբազան դոլար, գթա նվաստիս, այցելիր ինձ քո ամբողջ թափով, ես զոհեր կմատուցեմ` հայրենիքիս, մերձավորներիս, ծնողներիս, երեխաներիս, ում ուզես, միայն չլքես ինձ, աղերսում եմ: Ո՜նց եմ զզվում, ո՜նց եմ զզվում… Քեզնից էլ եմ զզվում, Գո՛ռ… Չէ, ստում եմ, տարօրինակ է, բայց քեզ սիրում եմ, դե, այնքան շատ չէ, բայց կա, կա… Բայց այնքան էլ մի հավատա, ես հիմա մի բան եմ զգում, մի ժամից` ուրիշ, ինձ բնորոշ է: Ինչո՞ւ ես լռում, Գոռ, միշտ համբերատար լռում ես, տանել չեմ կարողանում քո այդ համբերատարությունը, խոսի՛ր, ասա՛, ասա, որ ատում ես ինձ, ասա, որ իմ մռութն էլ հաճույքով կջարդեիր, ինչպես այն տղերքինը, ասա՛… Լավ, գոնե ասա, ո՞ր կողմ գնանք, որ շուտ հասնենք կայարան…»:



Սա հատված է անվանի արձակագիր, դրամատուրգ, էսսեիստ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» նոր վեպից, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ, «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում: Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից, «21-րդ դար» մատենաշարի շրջանակում: Շնորհանդեսին ներկա էին ընթերցողներ, գրականագետներ, թարգմանիչներ, գրողներ: Գրականագետ,  վեպի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացնելով Խանջյանի վեպը, նշեց ստեղծագործության առանձնահատկությունները, նորամուծություններն ու այն բոլոր խնդիրները, որոնց լուծումը տրվել է «Ենոքի աչքում»:



Գուրգեն Խանջյանն ինձ հետ զրույցում ասաց, որ «Ենոքի աչքն» իր համար դարձավ այն տարածությունը, որտեղ հստակեցվեցին երկար տարիների էսթետիկական որոնումներն ու գաղափարները: «Տեսակը մնացել է նույնը, բայց երանգները փոխվեցին, ես տեսա փոխված Խանջյանին, իսկ դա անելու համար իմ «ես»-ը դրսեւորեցի բոլոր կերպարներում: Կերպարների անունները սկսվում են իմ անվան ու ազգանվան տառերով: Վեպի գլխավոր հերոս երկու եղբայրները, թվում է, տարբեր աշխարհայացքներ ունեն, բայց, պարզվում է,  վեպի վերջում  գաղափարների նմանություն կա, եւ հարցերն առկախ են մնում, գուցե առկախ մնացած հարցերին անդրադառնամ նոր գրքում: Գրականության հմայքն ազատությունն է: Մեր օրերի զինանոցը մեծ է, եւ, չօգտագործելով այն ու նեղացնելով շրջանակը, տուրք տալով արհեստականությանը, մեծ սխալ կլինի: Եվ ինձ համար, եթե բացակա է էքզիստենցիալ մթնոլորտը, ուրեմն գրականություն գոյություն չունի»:



«Ենոքի աչքը» վեպը Խանջյանը նվիրել է իր մայրիկին: Գրքի վերջում գրառում կա. «ՀԳ - Վեպն ավարտում էի, մահացավ մայրս: Հոգեվարքի մեջ էր, կիսով` այնտեղ, կանչեցի` մամ, վեպն ավարտում եմ, քեզ եմ նվիրելու: Մեծ ճիգով իրեն ետ բերեց, ժպտաց…»: