Խայտառակ ամուսնալուծություն

Խայտառակ ամուսնալուծություն
Անհեթեթ ու ոչ քաղաքական կոնֆլիկտը «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միջեւ վերջապես հանգուցալուծվեց: Դեռ նախընտրական շրջանում ընթացող երկար-բարակ բանակցություններից եւ համամասնական ցուցակի կազմման շուրջ ընթացող թեժ վեճերից պարզ էր, որ այս դաշինքն այնքան ծանր երկունքով է ծնվում, որ երկար կյանք չի ունենալու: Բայց իրական հակասությունները սկսվեցին ընտրություններից ժամեր անց, երբ պարզ դարձավ, որ սպասված քվեները չեն ստացվել, եւ երկուստեք ակնկալիքները չեն իրականացել:



 



Խելամիտ մարդիկ, անշուշտ, կկարողանային կանխատեսել, որ հնարավոր է նաեւ այդ ելքը, բայց մեր քաղաքական դաշտը, ինչպես գիտեք, երբեք չի փայլել ինտելեկտի մեծ պաշարով: Եվ ընտրություններից հետո ծավալված իրադարձությունները ոչ միայն հաստատեցին դա, այլեւ ուրիշ արատներ էլ ի հայտ բերեցին: Օրինակ՝ բարոյականության, արժանապատվության, ինքնասիրության եւ այլ արժեքների դեֆիցիտ: Կոնֆլիկտները հարթելու ունակության իսպառ բացակայություն: Աներեսություն, անհանդուրժողականություն, անամոթություն: Մի կողմից «ցլիկը» տված Նաջարյանի նման փոշմանած «Ժառանգությունը» կյանքի գնով ամիսներ շարունակ փորձում էր ետ վերցնել այդ մանդատը՝ կարծես դրանից ինչ-որ մեկի կյանքն է կախված:



 



Մյուս կողմից՝ մանդատը հազիվ ձեռք գցած Քոքոբելյանն ատամներով պահում է այն: Ասում են՝ Րաֆֆին վիրավորված է վերջինիս պահվածքից եւ որոշել է պատժել նրան: Իսկ Խաչիկը մեծ փողեր է ծախսել ընտրություններում եւ չի պատրաստվում «քցվածի» դերում հայտնվել: Մի երկու մոտիվ էլ դուք ավելացրեք: Բայց խոստովանեք, որ այսպես կարող են իրենց պահել շուկայում կանաչի վաճառողները, այլ ոչ թե լուրջ քաղաքական գործիչները, ովքեր երկիրն առաջ տանելու, հասարակական խնդիրներ լուծելու առաքելություն ունեն: