Հաշվետու են ու թափանցիկ

Հաշվետու են ու թափանցիկ
Զարմանալի բաներ են կատարվում մեզանում՝ Ազգային ժողովի պատգամավորը հասարակական ճնշման տակ վայր է դնում մանդատը, որի վրա առնվազն մի կես միլիոն դոլար է ծախսել, երկրի նախագահը հրապարակավ նախատում է իր սիրելի վարչապետին ու գլխավոր դատախազին, կառավարությունն առաջարկում է ընդդիմությանը՝ իր հետ միանալ ու պայքարել կոռուպցիայի դեմ:



 



Իսկ երեկ էլ Վարդան Օսկանյանի գործով քննչական խմբի ղեկավարը՝ ոչ ավել, ոչ պակաս, Հանրային հեռուստատեսություն էր գնացել, որ եթերից մանրամասներ ներկայացնի քրեական գործի ընթացքի մասին: Սա հատկապես արտառոց է այն առումով, որ երբ մի աննշան գողության գործով դիմում ենք քննիչներին, որ տեղեկություն ստանանք, անմիջապես մեջտեղ են բերում «նախաքննության գաղտնիք» հասկացությունը եւ օրենքի պահանջը, որ մինչեւ քրգործի ավարտը չի կարելի տեղեկություններ հրապարակել: Այս դեպքում, փաստորեն, նախաքննական գաղտնիք չեն ոչ Հանթսմանի ու Օսկանյանի գործողություններն ու կապերը, ոչ նրանց բանկային պատմությունը, ոչ գումարների շարժը եւ այլն, եւ այլն:



 



Ավելին՝ երբեւէ «արեւի երես» չտեսած ԱԱԾ աշխատակիցը հայտնվել է միլիոնանոց լսարանի առջեւ եւ հանգիստ նստած՝ Նվերին ու լսարանին զեկուցում է, թե ինչ են արել, որ բացահայտեն «չարամիտ հանցագործ» արտգործնախարարին, ով որդու ու տնօրենի հետ միասին գումարներ է պտտեցրել, կեղծ ու մութ գործարքներ իրականացրել եւ խաբել «խեղճ» բարերարին ու հայրենի իրավապահներին: Էհ, ինչե՜ր չես անի իշխանությունը պահելու համար: Անգամ քաղաքական հետապնդում անելիս փորձում են ստանալ հանրության աջակցությունն ու հավանությունը: Եվ դա լավ է: Հաջորդ քայլն արդեն լինելու է նման իրավիճակներում հայտնվելուց խուսափելը: Չէ՞ որ ակնհայտ է, որ ուզում են ամեն կերպ համոզել, որ իրենց գործն «արդար է»: