Ավելի արագ եւ ավելի հասանելի

Ավելի արագ եւ ավելի հասանելի
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության  հիմնադրած Տեղեկատվական տեխնոլոգիաների

ակադեմիային տրամադրել է օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների հիման վրա գործող 10 Մբիթ/վրկ. արագությամբ ինտերնետի կապուղի եւ Wi-Fi տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության երեք կետ` ակադեմիայի տարածքում անլար ցանցից օգտվելու նպատակով:



 



Ակադեմիային աջակցելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի որոշումը պայմանավորված է նորարարական կենտրոններին սատարելու եւ ուսանողներին ՏՏ ու հարակից ոլորտներում համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն առաջարկելու վճռականությամբ:



 



«Մենք սատարում ենք որակյալ կրթություն ստանալու եւ պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի հասնելու երիտասարդության ձգտումը` երկրի զարգացմանը նպաստելու համար: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աջակցում է Հայաստանի բուհական կրթությանը, որպեսզի տաղանդավոր երիտասարդների համար հայրենիքում արժանապատիվ ապրելու եւ արարելու ավելի մեծ հնարավորություններ երաշխավորվեն: Մենք ապրում ենք աշխատուժի ազատ տեղաշարժի դարաշրջանում, եւ որակյալ մասնագետների համար Հայաստանը գրավիչ դարձնելու միակ միջոցը ուսման, զարգացման եւ մրցունակ աշխատավարձ երաշխավորող միջավայրի ստեղծումն է: Սա է Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ի հետ մեր համագործակցության նպատակը»,- նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Մայքրոսոֆթ»-ի ակադեմիայի ստեղծման նպատակը մասնագիտական դասընթացների կազմակերպումն է, հատուկ քննությունների անցկացումը եւ լավագույններին «Մայքրոսոֆթ»-ի կողմից հավաստագրված մասնագետի կարգավիճակի շնորհումը: ՏՏ ակադեմիան կնպաստի համալսարանում LIVE@EDU համակարգի ներդրմանը նաեւ: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության եւ Հայաստանի պետական ճարտարագիտական  համալսարանի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն` ուսումնական հաստատությունն արտոնյալ պայմաններով կստանա «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային ապահովում եւ այլ ծառայություններ: Ակադեմիային կից կստեղծվի փորձարարական լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտահղացումները: Ակնկալվում է, որ ՏՏ ակադեմիայի շնորհիվ կամրապնդվի բուհի եւ շուկայում ներկայացված ձեռնարկությունների միջեւ կապը, ինչն իր հերթին Հայաստանում ապրող երիտասարդության համար նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի: