Դիահերձարանն ու ծննդատունը` դեմ-դիմաց

Դիահերձարանն ու ծննդատունը` դեմ-դիմաց

Վանաձորում վաղուց արդեն բնակիչները դժգոհում են այն բանից, որ քաղաքի միակ ծննդատունն ու դիահերձարանը գործում են նույն տեղում, բառացիորեն դեմ-դիմաց, մի քանի մետրի տարբերությամբ: Ծննդատան դիմաց «լավ լուրի» սպասող մարդիկ գրեթե ամեն օր, օրը մի քանի անգամ ուրախության խնջույքներ են կազմակերպում հենց բակում, դրանք ուղեկցվում են ծափ-ծիծաղով ու գոռում-գոչյուններով, երբեմն անգամ` հրավառություններով: Իսկ հարեւանությամբ դիահերձարանն է, որի դիմաց, ճիշտ նույնքան մարդկանցով, սպասում են մահացածների հարազատները` մռայլ դեմքերով ու ծանր տրամադրությամբ:



Այսպես, տարիներ ի վեր այս 2 կառույցների պատուհաններն իրար են նայում` գորշ ու պայծառ գույների հակադրությամբ: Թե ծննդատան, թե դիահերձարանի մասնաշենքերն ավելի քան 100 տարվա վաղեմություն ունեն, կառուցվել են միաժամանակ, ու հիմա արդեն շենքերը կառուցող որեւէ ողջ մարդու  դժվար թե հնարավոր լինի գտնել` ինչ-որ բացատրություն ստանալու համար:



Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մարգարյանը նշում է, որ դժգոհություններ, իհարկե, եղել են ու կան, սակայն այժմ արդեն դժվար է գտնել բացատրություն, թե ինչու է նախագծվել դիահերձարանն ու ծննդատունը դեմ-դիմաց կառուցել: Նշենք, որ Վանաձորում արդեն սկսվել են նոր բժշկական կենտրոնի շինաշխատանքները, կկառուցվի նաեւ կենտրոնի մի մասը կազմող նոր ծննդատունը, իսկ վերջինս, հավաստում է Մհեր Մարգարյանը, արդեն բավականին հեռու է գտնվում դիահերձարանից: Հիվանդանոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2 տարի անց, եւ այդ  տարիներին Վանաձորում դեռ կշարունակվեն մահերն ու ծնունդները քայլել կողք կողքի:



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



Լոռու մարզ