Ուզում եմ ֆիլմ նկարել

Ուզում եմ ֆիլմ նկարել

Մաշա, 27 տարեկան



Ես ուզում եմ խոսել կոնկրետ մեր ոլորտի՝ կինոաշխարհի խնդիրների մասին: Ես բարձրագույն կրթություն եմ ստացել, մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ, բայց ոչ մի լուրջ ֆիլմ դեռեւս չեմ նկարել, ոչ էլ հույս ունեմ, թե կարող եմ նկարել: Ու հարցն այն չէ, որ ես վատ մասնագետ եմ, ես լավ եմ տիրապետում իմ մասնագիտությանը, ուսմանս ընթացքում բարձր առաջադիմության համար ուսման վարձս տարեցտարի զեղչվում էր: Ուզում եմ ասել, որ ես իմ սերնդի լավագույն ուսանողներից մեկն եմ եղել: Դասախոսներս իմ գրած սցենարները միշտ գովում էին, ասում էին, որ ես կարող եմ լավ ֆիլմեր ստեղծել, բայց Հայաստանում դա գրեթե անհնար է: Այսինքն՝ հնարավոր է միայն շատ փող կամ լավ կապեր ունենալու դեպքում: Հիմա ազատություն կա, Սովետական Միության մեջ չենք ապրում, որ միայն պետական թույլտվությամբ նկարահանվեին ֆիլմեր, բայց էդ ազատությունը դու չես կարող ռեալիզացնել: Եթե ուզում ես պետական ֆինանսավորում ստանալ, խնդիրներ են ծագում հեղինակային իրավունքների հետ կապված. մեր ուսանողներից մեկը Կինոկենտրոնի օգնությամբ ֆիլմ նկարեց, հետո թույլ չէին տվել միջազգային մրցույթի ուղարկել: Իսկ եթե ուզում ես դու լինես քո ստեղծածի լիարժեք տերը, պիտի շատ փող ծախսես: Որպեսզի պարզ լինի, թե ինչ թվերի մասին է խոսքը, բերեմ ընդամենը մեկ օրինակ. որակյալ տեսախցիկ վարձակալելու համար օրական 40 հազար դրամ է պետք: Պատկերացրեք, եթե ինձ պետք է մեկ ամիս նկարահանել, ես որտեղի՞ց գտնեմ այդքան փող: Եվ դա միայն տեսախցիկի ծախսը: Ստացվում է, որ ֆիլմ կարող են նկարահանել միայն շատ հարուստ մարդիկ: Իսկ ես երիտասարդների շրջանում նման մարդկանց չեմ ճանաչում, Հայաստանում գրեթե անհնար է, որ 23-30 տարեկանում կարողանաս 10 միլիոն դրամ խնայողություն ունենաս սեփական վաստակով: Ես բարձրագույն կրթությամբ այսօր գանձապահ եմ աշխատում... Իհարկե, կարող ես նաեւ վարկով գումար վերցնել եւ մեծ ռիսկի գնալով՝ նկարել ուզածդ ֆիլմը: Բայց էս դեպքում էլ մեր շուկան այնքան փոքր ու աղքատիկ է, որ գրեթե 99 տոկոսով կարող եմ ասել, որ  զուտ վաճառքից չես կարող հանել անգամ ծախսիդ կեսը: Նման պայմաններում ո՞վ կուզի կինո նկարել: Պիտի ուրիշ գործ անես, փորձես տարիների ընթացքում հարստանալ եւ միայն 50-ից հետո նկարահանես լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը կհամապատասխանի այսօրվա որակական չափանիշներին: Արդյունքում, հայաստանյան կինոարտադրությունում չկա երիտասարդական ձեռագիր, «երիտասարդական» ասելով՝ նկատի ունեմ լիարժեք ազատ ու ինքնուրույն ստեղծագործական միտք` առանց որեւէ միջամտության: Իհարկե, հիմա տեխնիկական միջոցները շատ հասանելի են, ու յուրաքանչյուրս կարող է ֆիլմ նկարահանել անգամ բջջային հեռախոսի տեսախցիկով, բայց մի՞թե դա է այն որակը, որին մենք ձգտում ենք, մի՞թե ես 5 տարի դրա համար եմ ուսուցանել իմ մասնագիտությունը: