Ֆարմանյանը խոսեց ընդդիմության քննադատությունների և Թուրքիայի մանիպուլացիաների մասին

Ֆարմանյանը խոսեց ընդդիմության քննադատությունների և Թուրքիայի մանիպուլացիաների մասին

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության համանախագահ Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով հարևան Թուրքիայի վարած քաղաքականությանը, նկատեց, որ Թուրքիան իր վարած քաղաքականությամբ միջազգային հանրությանը մանիպուլացնելու փորձեր է անում:  



Նա հիշեցրեց, որ 2008թ., երբ Հայաստանի Հանրապետության նախագահը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, որը միջազգային մամուլում և քաղաքական շրջանակներում ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, այդ ժամանակ միջազգային հանրությունը միաձայն աջակցում էր այդ գործընթացին:



«Բոլորս հիշում ենք, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, երբ ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, ներկա էին բարձրաստիճան ներկայացուցիչներ ԵՄ-ից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Այդ արձանագրությունները, ցավոք, այդպես էլ մնացին թղթի վրա՝ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության պատճառով»,- ասաց նա:



Պատգամավորի խոսքով՝ ցանկացած ոք, եթե ընթերցի հայ-թուրքական արձանագրությունների տեքստերը, կտեսնի, որ այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը և Թուրքիան՝ որպես միջազգային իրավունքի երկու սուբյեկտ, այդ արձանագրություններով պարտավորություն են ստանձնում հաստատել դիվանագիտական հարաբերություններ․ «Եվ այնտեղ որևէ խոսք չի եղել որևէ նախապայմանի վերաբերյալ: Ցավոք սրտի, եղավ այն ինչ եղավ: Հայաստանում քաղաքական ընդդիմությունը՝ ի դեմս ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների, սկսեց խիստ քննադատության ենթարկել իշխանություններին նման նախաձեռնության համար: Իսկ արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական կողմը առաջ քաշեց նախապայմաններ՝ Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: Մի բան, որ հակասում էր ձեռք բերված ողջ պայմանավորվածություններին»։ 



Ֆարմանյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ ԱՄն պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները միանշանակ ասել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ պայմանավորելը նշանակում է ոչ թե օգնել մեկին կամ մյուսին, այլ խանգարել բոլոր կողմերին: Ըստ նրա՝ Թուրքիան, սակայն, չհարգեց իր ստորագրությունը, առաջ քաշեց նախապայմաններ, որի արդյունքում այդ արձանագրություններն այդպես էլ չվավերացվեին, և միակողմանիորեն ապօրինի փակված սահմանը շարունակում է փակ մնալ, իսկ հայ-թուրքական հարաբերություններում նորմալացման հեռանկարներ չկան։ 



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ