Ճշմարիտյանը նախընտրեց փիլիսոփայել

Ճշմարիտյանը նախընտրեց փիլիսոփայել

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչով էր պայմանավորված այն, որ կառավարությունն ու քաղաքապետարանը համատեղ որոշում կայացրին Աբովյան պուրակին հարակից տարածքում գտնվող ջրամբարների տարածքն ուղիղ վաճառել Սանկտ Պետերբուրգի կառավարությանը՝ հետագայում հյուրանոց կառուցելու նպատակով, ասենք՝ «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն անթույլատրելի է համարում ուղիղ վաճառքը եւ կարծում է, որ պետք է աճուրդով վաճառվեր: Ճշմարիտյանն ասաց, թե չի տիրապետում մանրամասներին, բայց խորհուրդ տվեց, որ այլ տեսանկյունից դիտարկենք ներդրումները. «Եթե որեւէ մեկը նախաձեռնում է մի բան կառուցել, պետք է դրան միայն աջակցել: Ես կարող եմ զուտ գաղափարի փիլիսոփայության մասով ասել, որովհետեւ իմ փորձից էլ է գալիս: Ունեցել ենք ընկերություններ, որ ունեցել են մինուսային արժեք, ու եթե որեւէ մեկը որոշել է էդտեղ ներդրում անել, այսինքն՝ 10 տարի ոչ մեկ չի մտածել, որ կարելի է մոտենալ, բայց հենց մեկը մոտենում է, որ ինչ-որ մի գործ անի, մեկ էլ միտք է ծագում՝ ինչո՞ւ աճուրդ չանենք: Ես չեմ ուզում դրա վրա կոնկրետանալ, ընդհանրական եմ ասում: Երեւի կհիշեք, որ մեկը դնում էր բենզալցակայան, մյուսներն էլ կողքը շարում էին, մեկը՝ վարսավիրանոց, կողքը հայտնվում էր: Էստեղ էթնիկ հոգեբանության պահ կա, հենց մեկը հայտնվում է, երկրորդը մտածում է՝ կարելի է ներդրում անել, բայց եթե մի բան տարիներ շարունակ ոչ մեկ ուշադրություն չի դարձրել, մենք պիտի խնդրենք, որ գան, ես մոտեցումն եմ ուզում բացատրեմ»: