Ինչո՞ւ են Հայաստանի հավաքականի պարտությունները հատկապես հիմա ցավալի ընկալվում

Ինչո՞ւ են Հայաստանի հավաքականի պարտությունները հատկապես հիմա ցավալի ընկալվում

Մտորումներ ֆուտբոլային (եւ ոչ միայն) թեմաներով



Մի երկար ժամանակահատված` մեր անկախացումից եւ, համապատասխանաբար, ազգային ֆուտբոլ ստեղծելուց (ինչն էլ ենթադրում է ազգային առաջնություն եւ ազգային հավաքական/ներ ունենալ) հետո մի այնպիսի իրավիճակ ստեղծվեց, ինչը հակիրճ կարող էր ձեւակերպվել հետեւյալ հարցադրմամբ․ «Ի՞նչ երկիր ունես, որ ֆուտբոլդ էլ ինչ լինի»: Մեր անուրախ, դժգույն եւ անհեռանկար իրականության մեջ (երբ, երեւի թե, ազգաբնակչության մեծամասնության համար կյանքի հիմնական հետաքրքրությունը հարեւանի անհաջողությունն էր) մեր հավաքականի ցուցադրած խաղն էլ նույն համատեքստում էր ընկալվում, եւ հիմնականում տնային խաղերին երկրպագուները մարզադաշտ էին գնում ոչ թե (կամ, ավելի մեղմ` ոչ այնքան) մեր հավաքականից լավ խաղ ու հաղթանակ ակնկալելով եւ սրտացավ երկրպագելով, այլ ավելի շուտ ֆուտբոլային աստղերի` Նիստելռոյներին, Ռաուլներին, Կլինսմաններին եւ Զիդաններին «կենդանի» տեսնելու:



Պատահական չէ, որ տողերիս հեղինակը 2000-ականների սկզբին մեր ֆուտբոլի երախտավորներից մեկի` Արկադի Անդրեասյանի հետ հարցազրույցի ժամանակ հարց տվեց, թե ինչպես է եղել, որ այսքան տարի չի գլխավորել մեր ազգային հավաքականը, այն դեպքում, երբ խորհրդային տարիներին մի քանի անգամ արդարացված ձեւով «Արարատի» համար «փրկօղակ» եղավ, ինչին պարոն Անդրեասյանը պատասխանեց, թե «մեր թիմում հաղթողի հագեբանություն երբեք չի եղել, ես էլ չեմ կարող աշխատել պարտվողական մթնոլորտում»: Իհարկե, վիճելի միտք է, քանի որ գլխավոր մարզիչն ինքն էլ այն մարդն է, որ, շատ բաների հետ մեկտեղ, հենց հաղթողի ոգի պետք է ներարկի, սակայն Անդրեասյանի ժամանակին ասված մտքերը չեն մեր այսօրվա մտորումների խնդրո առարկան:



Մեր ֆուտբոլում իրավիճակը կտրուկ, եթե չասենք անգամ` անսպասելի փոխվեց 2010-ի աշնանը, երբ մեր աչքի առաջ «կերպարանափոխված» մեր հավաքականը մեկ էլ հանկարծ սկսեց գրագետ, դիտարժան, արդյունավետ ու, որ ամենակարեւորն է` հաղթանակի միտված խաղ ցուցադրել: Կարճ ժամանակում` մինչեւ 2012-ի նախընտրական փուլի ավարտը, ասել է թե` 2011-ի աշնանը, երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծվեց, թե կարծես վաղուց եւ անվերադարձ իրեն ազգաբնակչությունից «արգելափակած» իշխանական վերնախավն այդ նույն ազգաբնակչության հետ ընդհանուր եւ միասնական մի փափագով է ապրում` տեսնել մեր հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Մեր ֆուտբոլը շատերիս համար մի տեսակ նեղ պատուհանից թափանցող արեւի լույս դարձավ, բերանիդ դառնահամը կոտրող մի համեղ բան, բոլորս, կարծես, իրար էինք նայում ու հարցնում` ո՞նց, ինչի մեր կյանքո՞ւմ էլ ուրախություն ու հաղթանակներ են հնարավոր»:
Հասկանալի էր, թե նման հոգեւոր էյֆորիայից հետո ինչ դժվար կլինի հաշտվելն այն մտքի հետ, որ դա ընդամենը պատրանքային երեւույթ էր, իսկ այդքան սպասված հաղթանակներն էլ` ժամանակավոր:
Եվ այս մրցաշրջանի մեր հավաքականի անհաջողություններն ու իրար հաջորդող պարտություններն ընկալվում են հենց այդ պատրանքների փլուզման ցավոտ համատեքստում, ուստիեւ հոգեբանորեն շատ «դժվարամարսելի են» (մի կողմ թողնենք այդ պարտությունների օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, դա խոսելու առանձին առարկա է):
Մի ուշագրավ փաստ էլ: Եթե ֆուտբոլում կա «կամային հաղթանակ» տերմինը, ապա զուտ մեր հավաքականի ելույթների կապակցությամբ արժե համաշխարհային ֆուտբոլի տեսության մեջ մտցնել «կամազուրկ պարտություն» տերմինը: Այս մրցաշրջանում անցկացրած հինգ խաղերից չորսում մեր տղաներն առաջինն են հաջողության հասել, սակայն արդյունքում չեն հաղթել, ընդ որում` երեքում պարտվել են:
Արդյոք այս կամազուրկ դրսեւորումն էլ մեր կամազուրկ իրականության յուրատեսակ խորհրդանիշը չէ՞: Երբ կամազուրկ կեցվածքը հանգեցնում է իշխանությունների հավերժ վերարտադրությանը եւ հետագա (ու տրամաբանական) «բեսպրեդելին», երբ հակադրվելու կամ քաղաքացիական անհանդուրժողականության դրսեւորման միակ կամ ամենաակտիվ ձեւը դառնում է երկրից հեռանալը, երբ երկիրը դեգրադացնելու համակարգված այս գործընթացում ամենաառանցքային պահերից մեկը կարող է դառնալ անճաշակ ու այդ համակարգային դեգրադացման նպատակով հատուկ ստեղծված «Եվրատեսիլում» քո ազգի ներկայացուցչի հաղթել-չհաղթելու փաստը (իմաստ չունի այս թվարկումը շարունակելը, քանի որ «երբ»-երն անսահման կլինեն), մեր հավաքականի կամազուրկ խաղին էլ պետք է, եթե ոչ ուրիշ կերպ, ապա գոնե ներողամիտ մոտենալ: Ի վերջո` «ի՞նչ երկիր ունես, որ ֆուտբոլդ էլ ինչ լինի»…



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ