Ազդարարվել է «Ոսկե ծիրան» Երեվանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը

Ազդարարվել է «Ոսկե ծիրան» Երեվանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարարության, փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ մամլո ասուլիսով ազդարարել է փառատոնի 12-րդ մեկնարկը:
Ասուլիսի բանախոսներն են եղել ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:



«Արվեստն այն հզոր ուժն է, որն ի զորու է փոխել աշխարհը, մարդկանց գիտակցությունը, արժեհամակարգը: Արվեստը թերեւս ամենաազդեցիկ միջոցն է միմյանց ճանաչելու, հասկանալու, հարգելու, եւ, հետեւաբար, խաղաղ համագոյակցություն ապահովելու համար: Կինոն արվեստի հզորագույն ուղղություններից մեկն է` արտահայտչամիջոցների ավելի լայն հնարավորությունների եւ ավելի մեծ լսարանի շնորհիվ: Արդեն տասներկու տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հայ կինոսեր հասարակությունը հնարավորություն է ստանում զգալու ժամանակի շունչը, տեսնելու համաշխարհային արվեստի զարգացման միտումները եւ ուղղությունները, հաղորդակից դառնալու այլ երկրների մշակույթին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է մշակութային այս նշանակալի իրադարձության ստեղծման եւ զարգացման հարցում իր շարունակական ներդրումն ունենալու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Ոսկե ծիրանը» տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից է, որն անհնարին կլիներ առանց երեք սյուների` ՀՀ մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի, որոնք միշտ փառատոնի կողքին են: 12-րդ փառատոնը խոստանում է հետաքրքիր լինել` հարուստ ծրագրեր, աշխարհահռչակ հյուրեր, մրցանակակիր ֆիլմերի երեւանյան պրեմիերաներ եւ այլն»,-ասել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Փառատոնը մի իրադարձություն է, որին, իրավամբ, հայ եւ, ինչու չէ` միջազգային մշակութասեր հանրությունը սիրով է սպասում: Միջազգային մշակութային հարթակներում փառատոնն ամենաճանաչված, ամենահեղինակավոր ստուգատեսն է եւ յուրահատուկ այցեքարտ բոլորիս համար: Սա լավագույն օրինակն է` պետություն-մասնավոր հատված փոխհարաբերությունների եւ համատեղ աշխատանքի»,-ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:



Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը:
Լրագրողներին եւ հյուրերին ներկայացվել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագիրը, որի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝
• Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա)
• Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)
• «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)
• Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ՝ Ալեքսանդր Գրոզեւ (Բուլղարիա)
Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության եւ ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014թ.-ին 1500 հայտ՝ շուրջ 95 երկրից):



12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» եւ «Այլեւս երբեք»:
«Ոսկե ծիրան»-ի ավանդական դարձած Երեւանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ եւ Հարգանքի տուրք արտամրցութային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին եւ կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների հետ:
Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների եւ կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով:



Փառատոնի օրերին կկայանա նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, եւ որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը: