100 պատճառ՝ սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու

100 պատճառ՝ սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում մի ծավալուն գրառում է թողել, որտեղ անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին՝ բերելով 10 պատճառ այդ բարեփոխումներին «ոչ» ասելու համար:



Եթե անկեղծ գնահատականս տամ պատկառելի փորձառությամբ այդ մարդու մոտեցումներին, ապա մեկ բառով պետք է ասեմ՝ հիասթափված եմ: Ես հասկացա, որ վերջին 7 տարիները՝ ընդհանրապես, իսկ ԲՀԿ-ական գործունեության ժամանակահատվածը՝ մասնավորապես, ոչինչ չեն տվել նրան՝ ժամանակին համահունչ մոտեցումներ որդեգրելու առումով: Մոտեցումներն էլ, մի կողմ՝ Օսկանյանն իր գրառումով ակամա բացահայտել է, որ հիշողության հետ կապված թեթեւակի խնդիր էլ ունի:
Չի բացառվում, իհարկե, որ Օսկանյանն այսկերպ քաղաքական պատվեր է կատարում՝ նախապատրաստելով իր մեկ այլ, առավել ծանրքաշային թիմակցի մուտքը քննարկումների ասպարեզ: Հասկանալի է, չէ՞, որ քաղաքական աշունը սարերի հետեւում չէ, եւ սահմանադրական բարեփոխումների փաթեթի շուրջ այն բավականին թեժ է լինելու: Հետեւաբար, չի կարելի բացառել, որ Օսկանյանի այս ելույթով արդեն իսկ հարթակ է ստեղծվում Ռոբերտ Քոչարյանի համար, ով խոստացել է խոսել սահմանադրական բարեփոխումների թեմայով, ասել է թե՝ վերջնականապես ներգրավվել ներքաղաքական գործընթացներին: Ձեռնպահ մնանք Քոչարյան-Օսկանյան կապի արծարծումներից ու անցնենք Օսկանյանի պատճառաբանություններին:



Հիասթափությունից բացի ուրիշ էլ ի՞նչ զգացում ունենաս, երբ նախագահի մատի մի շարժումով ցրիվ եկած քաղաքական ուժի ներկայացուցիչը գրում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների կարիք չկա, որովհետեւ սահմանադրական ճգնաժամ չկա: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին տեղը դրեց իր ֆիզիկական ուժի եւ ոչ թե Սահմանադրությամբ ունեցած լիազորությունների շնորհիվ:



Օսկանյանը նաեւ գրում է, որ այսօր սահմանադրական փոփոխությունների քաղաքական եւ հասարակական պահանջ չկա: Բնականաբար, համաձայն չենք: Քաղաքական պահանջ հաստատ կա: Պարզապես Օսկանյանը պետք է իր հիշողությունը ռեսթարթ անի եւ վերհիշի այն օրերը, երբ ՀՀ գլխավոր դատախազը մտել էր խորհրդարան եւ ուզում էր մանդատից զրկել ու հարցաքննության տանել իրեն: Բոլորը գիտեն, չէ՞, թե ում ցուցումով էր դատախազը դա անում: Պարոն Օսկանյան, բարեփոխված սահմանադրությամբ ՀՀ գլխավոր դատախազին ոչ թե նախագահն է պարտադրելու խորհրդարանին, այլ խորհրդարանն է ընտրելու: Սա պատճառ չէ՞, արդյոք, «այո» ասելու բարեփոխումներին:
Իսկ ինչ վերաբերում է հասարակական պահանջին, ապա պետք է նկատեմ, որ ոչ մի հասարակություն, լինի ազատախոհ, թե վախվորած, դեռեւս ինքնաբուխ կերպով սահմանադրական բարեփոխումներ չի պահանջել: Հասարակությունը գուցե երբեք էլ չնկատի, որ իր դժբախտությունների պատճառը երկրի մայր օրենքն է, եթե քաղաքական ուժերը նրա հետ չխոսեն ու չբացատրեն այդ ամենը, ցույց չտան մայր օրենքի սողանցքները, որոնք հնարավորություն են տալիս չգործադրել կամ ի չարս գործադրել ամենալավ օրենքն անգամ: Իսկ 2005 թվականին կա՞ր հասարակական պահանջ Սահմանադրությունը փոխելու: Չկար, իհարկե, եւ Օսկանյանն էլ խոստովանում է, որ այն ժամանակ դա արվեց, որովհետեւ Հայաստանը պետք է սահմանադրորեն ընդուներ Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորությունները:



Կարեւորելով 2005թ. սահմանադրական փոփոխությունները՝ Օսկանյանը գրել է. «Այնտեղ լուծվեց հայ ժողովրդի համար կարեւորագույն նշանակություն ունեցող երկքաղաքացիության հարցը: Եվ, վերջապես, նվազեցվեցին հանրապետության նախագահի բացարձակ լիազորությունները, դրանց մի մասը սահմանադրորեն անցավ խորհրդարանին եւ կառավարությանը»: Միանգամայն տեղին հաստատում է սա, բայց չենք կարծում, որ այսկերպ կարելի է հակադրել կամ համեմատել տարբեր ժամանակների բարեփոխումներն ու որոշել մեկի առավելությունը մյուսի նկատմամբ: Այսինքն՝ ի՞նչ, եթե 2005-ին լուծվել է երկքաղաքացիության կարեւոր հարցը, եւ նվազել են նախագահի լիազորությունները, ուրեմն նոր բարեփոխումներ պե՞տք չեն, այլեւս կարեւոր հարցեր չկա՞ն, նախագահի լիազորությունները կրճատելու տեղ այլեւս չկա՞:



«Այսօրվա հիբրիդային Սահմանադրությունը պատշաճ կիրառության եւ արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար ճիշտ տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից, պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կարող է երաշխավորել համարժեք արձագանքն արտաքին մարտահրավերներին»,- իդեալիզմն ու հավկուրությունն իրար խառնած՝ ասում է Օսկանյանը: Փորձենք իրականությանը համապատասխանեցնել այս նախադասությունը. «Այսօրվա հիբրիդային Սահմանադրությունը պատշաճ կիրառության եւ արդար ընտրությունների բացակայության պարագայում մեր պետության համար ճիշտ տարբերակը չէ: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, չի նպաստում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից, պարունակելով նախագահի լայն լիազորություններ, չի երաշխավորում համարժեք արձագանքն արտաքին մարտահրավերներին»: Կարծում ենք՝ սա է պետք ասել եւ ոչ թե ձոն նվիրել գործող Սահմանադրությանը, որի գոյության մասին չէինք էլ հիշի, եթե չլիներ այս ողջ խոսակցությունը:



Բարեփոխումներին «ոչ» ասելու 3-7-րդ պատճառների մեջ Օսկանյանը նշում է, որ չկա բավարար համախմբում այդ գաղափարի շուրջ, քաղաքական կուսակցությունները բավարար չափով կայացած չեն կառավարման գլխավոր եւ միակ խարիսխը դառնալու համար, իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա, բացարձակ վստահություն չկա քվեարկության համակարգի նկատմամբ: Այդ իսկ պատճառով հանրաքվեի արդյունքները, անկախ դրա ելքից, կասկածի տակ են դրվելու, եւ, վերջապես, ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար:



Այս ամենն Օսկանյանի անձնական կարծիքն է, իհարկե, եւ ոչ ոք իրավունք չունի բռնանալու նրա կարծիքի վրա: Սակայն շատ ավելի շահեկան կլիներ, եթե նա որեւէ բան առաջարկեր թվարկված ուղղություններով: Օրինակ, ի՞նչ անել, որ կուսակցությունները կայանան: Դիցուք՝ ԲՀԿ-ն: Պարոն Օսկանյան, ԲՀԿ ոտք դնելու օրվանից քանի՞ ելույթ եք ունեցել այն մասին, որ դա կայացած, ինքնուրույն ուժ է, իր ծրագրով, նպատակներով… եւ այլն, եւ այլն: Իսկ եռյակի չկայացած ուժերով այդ ի՞նչ էիք ուզում անել՝ էլ հանրահավաք, էլ բան… Չէ, ես չեմ ասում, որ ԲՀԿ-ն կամ եռյակը կայացած էին, եւ Օսկանյանը երիցս ճիշտ է հիմա, որ ասում է՝ կայացած չեն: Բայց պետք է ճիշտն ասել եւ գրել, որ սահմանադրական նոր բարեփոխումները ներուժ ունեցող կուսակցություններին կօգնեն կայանալ, իսկ չունեցողներին՝ հեռանալ ասպարեզից եւ անպատեհ ոտքի տակ չընկնել՝ իրենց գլխից մեծ գործեր բռնելով:



Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գաղափարի շուրջ համախմբման բացակայությանը, ապա դա մեր որոշ քաղաքական ուժերի հորթային պահվածքի հետեւանք է եւ ոչ թե բարեփոխումների գաղափարի վատը լինելու: Քաղաքական աշնանը, վստահ ենք, այդ պահվածքն աստիճանաբար կհաղթահարվի, ինչի վկայությունն են Օսկանյանի ֆեյսբուքյան այս ելույթը եւ մյուս հակաբարեփոխականների բազմաթիվ ելույթներ, որոնք, ըստ տրամաբանության, չպետք է լինեին, եթե հավատայինք դրանց հեղինակների ավելի վաղ արած հայտարարություններին, թե չեն պատրաստվում քննարկել բարեփոխումները:



Բարեփոխումները մերժելու մի կարեւոր պատճառն էլ, ըստ Օսկանյանի, բարեփոխումների փաթեթով առաջարկվող կառավարման համակարգի փոփոխությունն է, ինչը չի կարելի անել, որովհետեւ տարածաշրջանում խորհրդարանական կառավարմամբ երկիր չկա: Վրաստանը եւ Թուրքիան հիբրիդային համակարգ ունեն, մոտավորապես մեզ նման՝ գրում է Օսկանյանը: Այստեղ արդեն դիվանագետ Օսկանյանն է խոսում, այսինքն՝ կեղծում է իրավիճակը: Բանն այն է, որ Վրաստանում եւ Թուրքիայում կառավարման համակարգը «հիբրիդային-խորհրդարանական» է, իսկ Հայաստանում՝ «հիբրիդային-նախագահական», այն էլ՝ միայն թղթի վրա գրված, որովհետեւ ՀՀ նախագահն Ադրբեջանի նախագահից դե ֆակտո ավելի պակաս լիազորություններ չունի: 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը փաստ չէ՞, որ Հայաստանում նույնիսկ կառավարման հիբրիդային համակարգ գոյություն չունի: Այդ ո՞ւմ կարծիքը հարցրեց Սերժ Սարգսյանը, երբ հայտարարեց, որ գնում ենք ԵՏՄ:



Բոլորին, այդ թվում՝ նաեւ Օսկանյանին, մտահոգիչ է թվում Պնախարար Սեյրան Օհանյանի այն մտավախությունը, թե բարեփոխումներում հստակեցված չէ գերագույն գլխավոր հրամանատարի հարցը: Ենթադրենք: Բայց ինչո՞ւ մտահոգվել, եթե կարելի է քննարկել եւ լուծում տալ հարցին, ինչպես դա արել են խորհրդարանական համակարգ որդեգրած երկրները:



ՀԳ. Նրանք, ովքեր դեմ են սահմանադրական բարեփոխումներին, ուրեմն կողմ են, որ 2018 թվականին Սերժը նախագահի աթոռին նստեցնի հաջորդ Սերժին, որին կկարողանա ղեկավարել ոչ միայն Մելիք-Ադամյան փողոցից, այլեւ իր բնակարանից: