Հայ-ռուսական արդարադատություն

Հայ-ռուսական արդարադատություն

Ուրեմն՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Պերմյակովը մի օր որոշեց վերադառնալ տուն, որովհետեւ այլեւս չէր ուզում ծառայել: Այդ որոշումն իրագործելու համար նրան, բնականաբար, ճանապարհի փող էր պետք, ինչը Գյումրիում կարելի էր ճարել բացառապես գիշերով եւ զենքի գործադրմամբ: Եվ ահա, մի գիշեր, երբ Պերմյակովը հերթապահում էր, զենքով լքում է ռազմաբազայի տարածքը եւ մի քանի կիլոմետր քայլելով Գյումրիի փողոցներով, անցնելով հարյուրավոր տների մոտով, աննկատ հասնում է Ավետիսյանների տուն:



Տեսնելով, որ դուռը փակ է (դե, մարդիկ գիշերները դուռը մեկ-մեկ փակում են), Պերմյակովը հանում է դռան ապակին, բացում դուռը եւ ներս է մտնում՝ իր ճանապարհածախսն ստանալու: Թե ինչ է տեղի ունենում դրանից հետո, ինչպես է նա Ռեմբոյի նման վարժ մի քանի վայրկյանում գնդակահարում տան բոլոր անդամներին, շորերն ու կոշիկները փոխում, վեցնում գտած 5 հազար դրամն ու զոհերի հեռախոսները եւ ճանապարհ ընկնում դեպի Բայանդուր (հայ-թուրքական սահմանի կողմը), առանձնապես չի մանրամասնվում: Հայտնի է միայն, որ նա իր ազգանունը կրող կոշիկները եւ իրեն ամրացված զենքը թողնում է Ավետիսյանների տանը, որպես երկաթյա ապացույցներ, որ այդ նախճիրը հենց ինքն է գործել:



Ինչեւէ, սպանության լուրն ստանալուն պես ՀՀ ոստիկանությունը, եթե չեմ սխալվում, 30-40 ոստիկանով շրջափակում է Գյումրու ողջ տարածաշրջանը, որ Պերմյակովը հանկարծ չփախչի: Մնացածը, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց էր, որ սիրահոժար թողնում են ռուս սահմանապահներին, ովքեր էլ սահմանի մոտ Պերմյակովին բռնում ու բարեհաջող հասցնում են ռազմաբազայի տարածք:



Հուսամ՝ շատ չեմ շեղվում իրականությունից:



Եվ ապա սկսվեցին քաշքշուկները, թե ով պետք է դատի Պերմյակովին, որտեղ պետք է նստի Պերմյակովը, ով պետք է քննությունն անցկացնի: Այդ ընթացքում ոմանք տղամարդու խոսք տվեցին, որ դա կանի հայկական կողմը, քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել ոչ թե ռուսական տարածքում, այլ ՀՀ երկրորդ քաղաքում եւ ՀՀ քաղաքացու տանը:
Խոսք տալը մի բան է, կատարելը՝ մեկ այլ բան: Արդյունքում՝ ռուսները Պերմյակովին մեկ վայրկյան անգամ միայնակ չեն թողնում հայ քննիչների հետ, նրան հարցաքննում են իրենց ուզածի պես, պատասխանները շարադրում ինչպես իրենց է հարմար ու գործը տանում ռուսական դատարան, որն էլ Պերմյակովին զենքով դասալքության մասով 10 տարի է տալիս: Չէինք ասի, թե խիստ պատիժ չէ, բայց երբ այն համեմատում ենք Հոռոմ գյուղի մոտ անզգուշաբար մարդկանց զոհվելու պատճառ դարձած «ԿամԱԶ»-ի վարորդին տված պատժի հետ, բավականին մեղմ է թվում, որովհետեւ Պերմյակովը մտածված է արել ամեն ինչ՝ ծրագրելով մարդկանց վախեցնելն ու անգամ սպանելը, եթե դիմադրեն ու չուզենան իրեն փող տալ:



Ամեն դեպքում՝ դատեցին գնաց, ու որոշեցին, որ նա իր պատիժը կկրի ռուսական բանտում:
Իսկ այժմ՝ գլխավորի մասին: ՀՀ իշխանություններն ու իրավապահները հավատո՞ւմ են վերը շարադրվածին: Կուզենայինք իմանալ՝ նրանք որեւէ պատճառ չունե՞ն չհավատալու իրենց ռուս գործընկերներին: Եթե անվերապահորեն հավատում են այս ամենին՝ խնդիր չկա: Իսկ եթե հարցեր ունեն, ապա ե՞րբ պետք է տան այդ հարցերը կամ ե՞րբ պետք է սպանության մասով դատավճիռ կայացնեն: Այսինքն՝ ե՞րբ է տղամարդկության հերթական նոպան վրա հասնելու:



Սպանության հենց առաջին օրվանից են հայկական ԶԼՄ-ները գրում այն մասին, որ սա հայ-ռուսական հարաբերություններում կնճիռ ստեղծելու ակնհայտ փորձ է: Այդ մասին դատավճռում որեւէ խոսք չկա, եւ ամեն ինչ կառուցված է այն բանի վրա, որ Պերմյակովին «վիզ» փող էր պետք տուն հասնելու համար: Սա, իհարկե, առաջին հերթին ձեռնտու է ռուսներին, որպեսզի հետո խոսակցություն չբացվի այն մասին, թե այդ ինչ ռազմաբազա է, ուր անարգել մուտք ունեն հայ եւ ռուս ժողովուրդներին թշնամացնողները, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ հրահրողները: Վաղն այդ նույն մարդիկ կարող են գիշերով բացել հայ-թուրքական սահմանը, առաջին իսկ կրակոցից թուրքի առաջ կապիտուլացնել ռազմաբազան: Եվ հիմա, երբ մեր իշխանություններն ու իրավապահները հալած յուղի տեղ են ընդունում Ավետիսյանների ընտանիքի սպանության ռուսական վերսիան, տպավորություն է ստեղծվում, որ իրենք էլ շահագրգռված չեն բացահայտելու ռազմավարական գործընկերոջ թափթփվածությունն ու կարգապահության հարցերում հանցավոր անտարբերությունը:



Պերմյակովը կարող էր փողոցում մի «պուզատիի» կամ մի շքեղ մեքենա «հոպ-ստոպ» անել ու փող պահանջել: Բայց ոչ, նա ընտրել է փող ճարելու ամենադժվար ճանապարը՝ քայլել մի քանի կիլոմետր, մտնել փակ դռնից եւ մի ողջ ընտանիք գնդակահարել, ընդ որում, չիմանալով՝ այդ տանը փող կա՞, թե՞ ոչ: Ոչ մեկին չի՞ թվում, արդյոք, որ այս ամենում հենց ընտանիք գնդակահարելն է եղել գլխավորը, որպեսզի անվրեպ գործի մյուս, ոչ պակաս հրեշավոր նպատակը, այն է՝ երկու ժողովուրդներին թշնամացնելը:
Բայց մենք, ինչպես պարզվում է, հարցեր չունենք տալու: Ամեն ինչ մեզ համար պարզ է ջրի նման… Պերմյակովին փող էր պետք տուն գնալու համար, եւ նա Ավետիսյանների ընտանիքն սպանելուց հետո ստացավ այդ փողը՝ ամբողջ 5 հազար դրամ:



Էդիկ ԱՆԴԵԱՍՅԱՆ