Համեմատություններից, երբեմն, ճշմարտություններ են ծնվում

Համեմատություններից, երբեմն, ճշմարտություններ են ծնվում

Մեր ընթերցողին քաջ հայտնի Վահրամ Աթանեսյնը "Հրապարակի" օգոստոսի 20-ի համարում սևով սպիտակի վրա շատ կոնկրետ գրել է. "Էդիկ Անդրեասյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններն իրարից չեն տարբերվում":



Հարգելի Վահրամ, չէի ցանկանա ազնվության դասեր տալ, բայց պիտի ասեմ, որ մեղադրանքդ տեղին չէ: Իմ՝ "Եթե Ալիևը սահմանադրական բարեփոխումներ առաջարկեր…" հոդվածում (Հրապարակ, 19 օգոստոս, 2015) ես էլ քեզ նման կոնկրետ գրել եմ. "Եթե մի կողմ դնենք այն ձեւականությունները, որոնց առկայությամբ ՀՀ գործող Սահմանադրությունը, իբր, կիսանախագահական կառավարում է ապահովում Հայաստանում, ապա դժվար չի լինի նկատել, որ ՀՀ Սահմանադրությունը շատ էլ չի տարբերվում Ադրբեջանի սահմանադրությունից, որն այդ երկրում տոտալ բռնապետություն է ապահովում Ալիեւների կլանի համար": Հիմա դու ինչի՞ց ես հուզվել, բարեկամ:



Աթանեսյանին, ամենայն հավանականությամբ, դուր չի եկել "շատ էլ չի տարբերվում" արտահայտությունը և նա, որպես Ադրբեջանի սահմանադրության գիտակ, ինձ դաս է տալիս. "Ադրբեջանի սահմանադրությամբ ամրագրված է, որ ՙգործադիր իշխանությունը պատկանում է նախագահին: Նա նշանակում է ոչ միայն վարչապետին և նախարարներին, այլև Բաքվի և մյուս բոլոր քաղաքների և շրջանների գործադիր իշխանության ղեկավարներին… դատախազներին, Մարդու իրավունքների պաշտպանին… պետական բանկի նախագահին, զինված ուժերի, սահմանապահ զորքերի մաքսային ծառայության ղեկավարներին…":



Կարդում եմ կարդում ու գիտե՞ք ինչ եմ մտածում: Մտածում եմ, որ Վահրամ Աթանեսյանը կամ շատ կատակասերն է, կամ էլ այնքան միամիտ, որ նրան թվում է, թե Հայաստանում գործադիր իշխանությունը պատկանում է ոչ թե նախագահին, այլ, ենթադրենք՝ իմ հարևան Շմավոնին: Մեզ, իհարկե, չի թվում, որ հատկապես Ղարաբաղում տեղյակ չեն, թե ով է Հայաստանում գործադիր իշխանության տերուտնօրենը: Բայց արի ու տես, որ ղարաբաղցիները, զարմանում են, երբ կարդում են, որ ՀՀ և Ադրբեջանի մայր օրենքները էապես չեն տարբերվում միմյանցեց:



Եվ, այնուամենայնիվ, եթե լրջորեն համեմատելու լինենք այդ երկու փաստաթուղթը, ապա կարող ենք նույնիսկ փաստել, որ Ադրբեջանի սահմանադրությունն ավելի ազնիվ է, որովհետև այնտեղ գրված է, որ ՙգործադիր իշխանությունը պատկանում է նախագահին՚, իսկ մեր սահմանադրության մեջ ,մոռացել են՚ դա գրել, սակայն դե ֆակտո մեզ մոտ էլ գործադիր իշխանությունը նախագահի բռի մեջ է: Հուսամ՝ բոլորը գիտեն, որ ՀՀ վարչապետին, նախարարներին, Երևանի և մյուս քաղաքների քաղաքապետներին, նույնիսկ Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, ուժային կառույցների ղեկվարներին, նրանց տեղակալնրին, այդ կառույցների առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին և մնացած քիչ թե շատ կարևոր պաշտոնյաներին դե ֆակտո նշանակում է ՀՀ նախագահը: Իսկ գուցե ՀՀ գլխավոր դատախազի՞ն դե ֆակտո ՀՀ նախագահը չի նշանակում:



Այնպես որ, հարգելի Վահրամ, որպեսզի Էդիկ Անդրեասյանը այսուհետ ՙչկարծի՚, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունները իրարից չեն տարբերվում, պետք է կատարել հետևյալ երկու քայլերից մեկը՝ կամ ՀՀ սահմանադրությամբ ամրագրել, որ այդ ամենը պատկանում է ՀՀ նախագահին և կամ պետք է ՀՀ նախագահից սրբորեն հեռու պահել այն, ինչ իրեն չի պատկանում այս ՙկիսանախագահական՚ սահմանադրությամբ:



Ըստ Վահրամ Աթանեսյանի՝ Ադրբեջանի սահմանադրւթյունը վատն է, որովհետև գրանցված, բայց փոքր կուսակցությունների ներկայացուցիչներին թույլ չի տալիս պատգամավորության թեկնածու գրանցվել: ՀՀ սահմանադրության մեջ նման կետ, իհարկե չկա, և նույնիսկ մեր հարևան Շմավոնը կարող է պատգամավորության թեկնածու գրանցվել: Բայց դու մի ասա, որ մեր հարևան Շմավոնն այնքան խելք ունի, որ նման բան չի անում, որովհետև՝ ա) վստահ է, որ չի անցնի, բ) գրավը կկորցնի, գ) որևէ անկյունում իրեն կծեծեն և վերջապես՝ դ) ԱԺ-ն ձևավորվում է ոչ թե իր երազած տղաներով, այլ նախագահականից կատարված մասհանումներով ու նշանակումներով: Գուցե Ղարաբաղում դա մի փոքր այլ կերպ է կատարվում, բայց Հայաստանում, սիրելի Վահրամ, դա տեղի է ունենում գյուղական կարգով, այսինքն, համարյա՝ ադրբեջանավարի:



Մենք գրել էինք նաև, որ Ադրբեջանի սահմանադրությամբ Ալիևը և նրա կլանը կարող են վերարտադրվել ինչքան կամենա: Ռոբերտ Քոչարյանի ընդունած Սահմանադրության մեջ նման գրառում չկա, իհարկե, բայց ո՞ւմ համար է գաղտնիք, որ մեզանում ձևավորված հմակարգը, ի դեպ Արցախում ձևավորվածը նույնպես, արդեն 20 տարի է վերարտադրվում ու վերարտադրվում է, ճիշտ Ալիևի կլանի նման: 



Եվ ամփոփենք: Վահրամ Աթանեսյանը հուշում է. "Ադրբեջանի սահմանադրությամբ ամրագրված է, որ վերցամաքային մթնոլորտային օդը նույնպես նրա տարածքի անբաժանելի մասն է, ինչպես նաև գետերը, լճերը, արհեստական ջրամբարները և, իհարկե, Կասպից ծովի ադրբեջանական սեկտորը": Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ սա իմ և Վահրամի այս վեճի հետ բոլորովին կապ չունեցող հարց է և ՀՀ սահմանադրությամբ նման բան ամրագրելն ուղղակի անթույլատրելի է, որովհետև ՀՀ տարածքի անբաժանելի մաս են թե մեր՝ դեռևս չվերադարձված հողերը, թե այդ հողերի վերցամաքյա օդային տարածքները, թե այդ հողերում ծփացող կապուտաչ լճերը և թե այդ հողերով հոսող գետերը:



Էդիկ Անդրեասյան