Հայաստանում երկկուսակցական համակա՞րգ է ձևավորվում

Հայաստանում երկկուսակցական համակա՞րգ է ձևավորվում

Հակաբարեփոխականները, բարեփոխումներին ընդդիմանալու առանձնապես ուժեղ փաստարկներ չգտնելով, հիմա էլ աղմուկ են բարձրացրել, թե սահմանադրության քննարկվող նախագծի ընդունման դեպքում բազմակուսակցական համակարգի վերջը կգա: Այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ մտածում ես, թե բազմակուսակցական համակարգը Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ մի բան է, եւ սահմանադրական բարեփոխումներն էլ ձեռնարկվել են Հայաստանի օդերը փակելու համար: Ու մի շատ «հատկանշական» օրինակ են բերում, որից չգիտես լա՞ս, թե՞ խնդաս: Գրում են. «Դատելով ներկայացվող սահմանադրական փոփոխությունների նախագծից, որի շուրջ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություններ է անցկացնում կուսակցությունների հետ, նա պլանավորում է շատ մոտ ապագայում Հայաստանում թողնել ընդամենը երկու կուսակցություն»: Լսեցի՞ք, «պլանավորում է»:



Իրականում նման բան չկա, եւ սահմանադրական բարեփոխումներն էլ տանելու են ոչ թե քաղաքականության «կարմիր» գրքում հայտնված կուսակցությունների վերացման, այլ դրանց անհետացող պոպուլյացիայի աշխուժացման: Հակաբարեփոխական քաղաքական ուժերը պարզապես վախենում են, որ ապագայում, շատախոսելու փոխարեն, ստիպված են լինելու աշխատել, որովհետեւ նոր սահմանադրության ընդունումով կարեւորվելու է գաղափարախոսությունը եւ, ըստ գաղափարախոսությունների, կուսակցությունների վերադասավորումը քաղաքական դաշտում:



Մինչ օրս ընդունված է ասել՝ Գեղամյանի կուսակցություն, Խոսրովի կուսակցություն, Արթուր Բաղդասարյանի կուսակցություն, Ծառուկյանի կուսակցություն, Դեմիրճյանի կուսակցություն, Րաֆֆու կուսակցություն, իսկ նորերս՝ նաեւ Նիկոլի կուսակցություն։ Բայց այնպես չէ, որ այդ մարդկանց անկարելի է երկու, երեք կամ չորս գաղափարախոսական խմբերի մեջ հավաքելը: Թող մեկը, օրինակ, բացատրի, թե գաղափարապես ինչով են տարբերվում ՀՀՇ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Հանրապետությունը», ԲՀԿ-ն, Հանրապետականը, նրանց զանազան արբանյակները՝ Խոսրով Հարությունյան, Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան ու էլի լիքը մանրապճեղներ, որոնց անունները հիշել անգամ չի լինում: Նշված ու չնշված կուսակցությունների գաղափարական հիմքը ՀՀՇ-ի լիբերալ գաղափարախոսությունն է, որոշների դեպքում՝ փոքրիկ շեղումներով: Հանրապետականի պարագայում, օրինակ, դա նժդեհական-ազգային երանգն է, «Ժառանգության» պարագայում՝ Ղարաբաղի եւ Արեւմտյան Հայաստանի հարցերում դրսեւորած այլախոհությունը:



Իսկ ինչո՞ւ համագործակցություն չկա Հայաստանի քաղաքական կուսակցությունների միջեւ, մանավանդ, որ նրանց պարագայում առկա է որոշակի գաղափարախոսություն, ինչպես նաեւ այդ գաղափարախոսության տեսանկյունից գրված քաղաքագիտական մի ամբողջ ծանրակշիռ վերլուծություն:
Մեր համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ համագործակցության բացակայությունը պայմանավորված է մի շարք կարեւոր հանգամանքներով, որոնցից են, օրինակ, օտար ծագումն ու ուրիշ տեղերից ղեկավարվելը, լիդերների ամբիցիաները եւ, ամենակարեւորը՝ կենսատարածքն ու գործունեության դաշտը կորցնելու վախը: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը մի լավ չկարդացած, արդեն իսկ հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն ուզում է իրենց վերացնել: Մի լաց են դրել, թե ԱԺ ընտրությունների երկրորդ փուլում իշխող կուսակցությունը կհամագործակցի որեւէ մեկ ուժի հետ, եւ իրենք կմնան «բորտին»: Մինչդեռ ամեն ինչ ճիշտ իրենց մտածածի հակառակն է, եւ այս բարեփոխումները հենց նրա համար են, որ տվյալ գաղափարախոսությունը դավանող ուժը գաղափարակից մյուս ուժերին չստվերի, ավելին՝ զգա նրանց աջակցության կարիքը, եթե ընտրություններում չկարողանա ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը:



Սերժ Սարգսյանի հետին մտքերը շատ ճիշտ կարդացող մի լրատվամիջոց օրերս ավելի էր վախեցրել հակաբարեփոխականներին: Գրել էր, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրակեղծիքների շնորհիվ խորհրդարան մտցնել եւս մեկ յուրային ուժ, նրա հետ կազմել կայուն մեծամասնություն եւ իշխանափոխության պատրանք ստեղծելու համար հենց այդ ուժին փոխանցել իշխանությունը: Տրամաբանակա՞ն է: Իհարկե, տրամաբանական է: Բայց տրամաբանակա՞ն է, արդյոք, որ նախագահի այդ հնարավորություններից դժգոհ քաղաքական ուժերը պայքարում են նախագահի մենիշխանության ինստիտուտն անփոփոխ պահպանելու համար: Իսկ չե՞ն մտածում, որ նույն Սերժ Սարգսյանը կարող է ոչ միայն քաղաքական ուժ մեջտեղ բերել, այլեւ իրավահաջորդ՝ թագաժառանգ, եւ նրան փոխանցել իր թագավորությունը: Մենք այդպիսի իշխանափոխություններ ունեցել ենք, չէ՞… Լեւոնը բերեց Ռոբերտին, Ռոբերտը բերեց Սերժին…



Սահմանադրական բարեփոխումներից վախենալու եւ դրանք գերբնական ուժերի հետ կապելու փոխարեն, պարզապես պետք է մարմնաշարժություն կատարել եւ սեփական ներդրումն ունենալ նոր սահմանադրության մեջ, որպեսզի հետագայում կարողանաս իշխող կուսակցությանը դնել ծանր կացության մեջ եւ իշխանափոխություն իրականացնել: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ իշխող կուսակցությունը 51 տոկոս քվե չստանալու դեպքում դիմի հենց ձեզ՝ երկրորդ փուլում կայուն մեծամասնություն (կոալիցիա) ձեւավորելու նպատակով: Ահա այդ ժամանակ էլ հնարավոր է միավորվել եւ հաղթանակ տանել երկրորդ փուլում:
Սա է ամբողջը, իսկ դուք ասում էիք՝ նախագահականում կուսակցություններին մեկիկ-մեկիկ ընդունող Սերժ Սարգսյանը մտքին դրել է վերացնել կուսակցությունները: