Պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալ շրջադարձի

Պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալ շրջադարձի

Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանի հետ



- Անցյալ տարի այս ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներն անմիջական հանդիպում ունեցան։ Հիմա Պուտինի միջոցով են շփվում։ Ո՞րն է, ըստ Ձեզ, ավելի նպաստավոր ԼՂՀ խնդրի կարգավորման իմաստով։



- Երկարաժամկետ կարգավորմանը հասնելու տեսանկյունից առավել արդյունավետը կլիներ Արցախ-Ադրբեջան բանակցային ձեւաչափը, քանի որ հենց այդ ձեւաչափը համարժեք կարտացոլեր հակամարտության բոլոր խնդիրների բազմազանությունը՝ քաղաքական, ռազմական, տարածքային, տնտեսական եւ մարդասիրական, դրանց լուծման համար կողմերի պատասխանատվության համամասնությունը:



- Ո՞րն է լինելու ՌԴ-ից Հայաստանի ստացած տնտեսական «բոնուսների» գինը․ 200 մլն․ դոլար՝ բանակին, ատոմակայանի մոդեռնիզացիայի ծրագրի շարունակություն, գազի էժանացում 25 դոլարով։



- Մենք պետք է լավ հասկանանք, որ առաջիկա տարիները Ռուսաստանի համար լինելու են ֆինանսների եւ այլ ռեսուրսների խնայման ժամանակաշրջան։ Հայաստանի համար որոշ առավելություններ կարող են նախատեսվել միայն գազի, նավթամթերքի եւ այլ բնական ռեսուրսների մատակարարման գների նվազեցման եւ, գուցե, ՌԴ-ից ներկրվող ապրանքների դիմաց ոչ դոլարային վճարման անցնելու միջոցով: Չեմ կարծում, որ բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների արդիականացման համար նախատեսված վարկը հենց 200 միլիոն դոլարի տեսքով է տրվելու Հայաստանին. այն, հավանաբար, իրականում ապրանքային է լինելու: Այսինքն՝ ՌԴ-ն Հայաստանին պարզապես սպառազինություններ կտա, որոնց դիմաց մեր վրա կգրանցի նշված գումարի չափով պարտք:



- Այս օրերին կարծիքներ հնչեցին, որ Պուտինն սկսել է ինքնուրույն խաղալ, չեզոքացնելով Մինսկի խումբը։ Ո՞ր տարբերակն է ավելի ընդունելի ԼՂՀ կարգավորման իմաստով, եւ հնարավո՞ր եք գտնում, որ Ղարաբաղը, որպես կողմ, երբեւէ հայտնվի բանակցությունների սեղանի շուրջ։



- Ռուսաստանի իշխանությունները միշտ էլ ունեցել են հակամարտության կարգավորման սեփական տեսլականը, որը հետեւողականորեն փորձել են կյանքի կոչել: Դրա էությունը եղել է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւը, որը նաեւ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածի մեջ է արտացոլված: Պաշտոնական Երեւանն էլ այդ տարբերակին իր հավանությունն է տվել: Իմ համոզմամբ, առայսօր առաջարկված մոտեցումներն ունակ չեն տեւական խաղաղություն ու իրական հաշտեցում ապահովել եւ իրականում նախատեսում են խաղաղության պահպանում երրորդ կողմի կամ կողմերի խաղաղապահ զորախմբի ջանքերով: Ռուսաստանն այդ երրորդ կողմը լինելու ակնհայտ հավակնություն ունի, ինչը նրան հնարավորություն կտա իր ազդեցության ոլորտում պահել ոչ միայն ՀՀ-ն ու ԼՂՀ-ն, այլ նաեւ Ադրբեջանը:



- Այս օրերին ՀՀ բնակչության շրջանում պատերազմի սպասում կա։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է հավանական պատերազմը։



- Թեեւ պատերազմի վերսկսման վտանգն այս տարի էապես աճել է, սակայն չեմ կարծում, որ առաջիկա 4-5 ամիսների ընթացքում տանկերի, ծանր հրետանու եւ ռազմական օդուժի կիրառմամբ լայնածավալ պատերազմական գործողությունները կվերսկսվեն:Այդուհանդերձ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալ շրջադարձի, քանի որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները հղի են նոր զինված հակամարտությունների ծավալման վտանգով եւ կարող են իրենց բացասական ազդեցությունն ունենալ նաեւ ԼՂ հակամարտությունը կրկին թեժացնելու տեսանկյունից:



- Ղրիմի նախագահ Սերգեյ Աքսյոնովն է գալիս Հայաստան՝ միջազգային ֆորումի մասնակցելու։ Ո՞րն է սրա իմաստը։ Մեզ համար նա լուսանցքայի՞ն գործիչ է, ինչպես Եվրոպայի, թե՞ հակառակը։ Ի՞նչ հետեւանքներ կունենա այս այցը։



- Սերգեյ Աքսյոնովի Հայաստան գալու իմաստն ի հայտ կգա, երբ պարզ դառնա, թե արդյոք նա Հայաստան է այցելում որպես մասնավո՞ր անձ, թե՞ նախատեսված են իր հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Ընդ որում, եթե նա հանդիպի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այդօրինակ հանդիպումն իրական քաղաքական հետեւանքներ դժվար թե ունենա:



- ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Աքսյոնովը պաշտոնական հրավեր չի ստացել։ Հիմա նա կարո՞ղ է հանդիպել պաշտոնյաների հետ, նման հանդիպումները կդիտարկվեն որպես անձնակա՞ն հանդիպումներ։



- Տեղական ինքնակառավարման մակարդակում՝ կարող է: Կարող է նաեւ ԱԺ պատգամավորների հետ հանդիպել, սակայն կառավարության կամ նախագահականի ներկայացուցիչների հետ հանդիպումները դժվար թե անհետեւանք մնան: