Միջուկային աղետը չափազանց մոտ է․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 

Միջուկային աղետը չափազանց մոտ է․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի առաջ՝ նախազգուշացնելով, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության մակարդակը թուլացել է, ինչը նշանակում է, որ միջուկային աղետը չափազանց մոտեցել է։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Մենք ինքներս մեզ չպետք է հանգստացնենք ու թույլ տանք, որպեսզի միայն գուշակություններով կարողանանք հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենա վաղը»,- ասել է նա։ Ըստ նրա, այն, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի վեցերորդ էներգաբլոկի գմբեթը վնասվել է, արդեն իսկ լրջագույն վտանգներ է առաջացրել։ Բացի այդ, ստեղծվել է անթույլատրելի նախադեպ, երբ թիրախավորվում է ռեակտորի պաշտպանիչ շերտը։ Այս ամենը նկատի ունենալով, նա կոչ է արել անհապաղ դադարեցնել ԶԱԷԿ-ի թիրախավորումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ուկրաինական անօդաչուները թիրախավորել էին ԶԱԷԿ-ի վեցերորդ էներգաբլոկի գմբեթը։ Միանգամից երեք վնասվածք էր առաջացել, թեեւ գմբեթը կարողացել էր դիմակայել հարձակմանը։ ԶԱԷԿ երեք աշխատակիցներ վիրավորվել էին այդ հարձակման հետեւանքով։ Դրա հաջորդ օրը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ահազանգել էր, որ 22 թվականի նոյեմբերից ի վեր, նման անթույլատրելի հարձակում ԶԱԷԿ-ի վրա չէր իրականացվել։