Լիլիթ Մակունցը նկուղ ասելով, հավանաբար, նկատի ունի ֆոնդը

Լիլիթ Մակունցը նկուղ ասելով, հավանաբար, նկատի ունի ֆոնդը

Ներկայումս մշակութային արժեքներին վերաբերող քննադատությունների շրջափուլում գտնվող հարցերից մեկը թանգարաններից հայտնի կտավների տեղափոխումն է ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ՝ երեխաներին ցուցադրելու համար: Այս թեմային օրեր առաջ լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը, որը, չհամաձայնելով քննադատություններին, նշեց, որ թանգարանային ցուցանմուշների տեղափոխման հարցում վտանգ չի տեսնում, եթե եղանակային պայմանները բավարար լինեն, եւ ապահովվի տեղափոխման անվտանգությունը:

Այս տեսակետն ապշեցուցիչ է, հատկապես երբ այն արտահայտում է մշակույթի հետ անմիջական առնչություն ունեցող անձը։ Այսինքն, ըստ պատգամավորի, ավելի հեշտ է թանգարանային ցուցանմուշների տեղափոխումը դպրոց եւ ցուցադրության նախապատրաստումն ու իրականացումը, քան  երեխաներին պարբերաբար թանգարաններ տանելը՝ մշակութային արժեքներին ծանոթացնելու համար։ 

Նախ՝ թանգարանային ցուցանմուշների տեղափոխումը բարդ, պատասխանատու եւ ժամանակատար, ֆինանսներ պահանջող աշխատանք է։ Թանգարանային ցուցանմուշները թե՛ ֆոնդերում, թե՛ ցուցադրության ժամանակ գտնվում են հատուկ հսկողության տակ։ Խոսքը ոչ միայն անվտանգության մասին է, այլ նաեւ ջերմախոնավային, լուսային, կենսաբանական եւ մեխանիկական ռեժիմների պահպանման։ Իսկ դպրոցներում կազմակերպիչները կարո՞ղ են ապահովել այդ ամենը։ Ամենայն հավանականությամբ՝ ո՛չ։ Հետեւաբար, այս նախաձեռնությունն ավելի մեծ վտանգի կենթարկի թանգարանային արժեքավոր ցուցանմուշները։ 

Իսկ ինչ վերաբերում է ցուցանմուշները տեղափոխելուն, պատգամավորն օրինակ բերեց եւ այն համեմատեց ինկասացիայի մեքենաներով դրամ տեղափոխելու գործընթացի հետ՝ նշելով, որ ոստիկանության ուղեկցությամբ, անվտանգության հատուկ համակարգով, ինչպես բանկերն են գումար տեղափոխվում, կտավները կարող են տեղափոխվել ու վերադարձվել:

Այս պարագայում անվտանգության հարցը վերջին փուլում լուծվող հարցերից է։ Եթե գումար տեղափոխելիս ընդամենը անհրաժեշտ են պարկեր, ապա թանգարանային ցուցանմուշների համար՝ հատուկ շրջանակներ, տուփեր եւ պահանջվող այլ նյութեր։ Թանգարանային ցուցանմուշները նախ պետք է նախապատրաստել տեղափոխմանը, ապա իրականացնել դրանց փաթեթավորման եւ տուփերի մեջ տեղավորման աշխատանքները։

Թանգարանային արժեքավոր ցուցանմուշների տեղափոխման օրինակներից կարելի է բերել հետեւյալը․ 1983-84թթ․ ԱՄՆ-ի եւ Իտալիայի թանգարանները համատեղ կազմակերպեցին «Վատիկանի գանձերը» թեմայով ցուցադրություններ Նյու Յորքում, Չիկագոյում եւ Սան Ֆրանցիսկոյում։ Ցուցադրվել են 237 միավոր արվեստի գլուխգործոցներ՝ քանդակներ, նկարներ, բրոնզից ու կերամիկայից առարկաներ եւ այլ թանկարժեք ցուցանմուշներ։ Քանդակների տեղափոխման համար պատրաստվել էին հատուկ տուփեր, որոնցում ցուցանմուշները գտնվում էին անշարժ վիճակում։ Իսկ նկարները փաթեթավորել էին հատուկ թղթերով, որոնք կլանում էին խոնավությունը։ Փաթեթավորման աշխատանքները տեւել էին 4 ամիս։ 11 ավիաչվերթներով թանգարանային ցուցանմուշները բերվեցին ԱՄՆ, որտեղից էլ տարբեր ճանապարհներով եւ տարբեր մեքենաներով տեղափոխվեցին թանգարաններ։ Անիմաստ է նկարագրել ողջ թղթաբանական գործընթացը, որը կապված է եղել թանգարանային առարկաների տեղափոխման հետ։

Մակունցը նշեց նաեւ, որ շատ արժեքավոր կտավներ մնում են նկուղներում եւ ոչ լավ պայմաններում՝ հիմնավորելով, որ, եթե կարող է կտավը փչանալ մթնոլորտի հետ շփման արդյունքում, շատ կտավներ փակ դռների հետեւում վտանգված են:

Հավանաբար, Լիլիթ Մակունցը նկուղ ասելով՝ նկատի ունի ֆոնդը, որտեղ պահվում են չցուցադրվող ցուցանմուշները: Եվ եթե կան թանգարաններ, որոնց ֆոնդերում եւ ցուցասրահներում չեն իրականացվում ցուցանմուշների պահպանության աշխատանքներ, չկան համապատասխան պայմաններ կամ տարածք այդ աշխատանքների համար, ավելի լավ կլիներ ֆինանսավորել այդ աշխատանքները, գումար ներդնել, որպեսզի թանգարանների ֆոնդերում եւ ցուցասրահներում գտնվող առարկաներն այնտեղ պահպանվեին բացարձակապես անվտանգ պայմաններում, քան թե մտածել դրանք թանգարանից դուրս ցուցադրելու մասին՝ ոչ համապատասխան միջավայրում:

Երվանդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, մշակման բաժնի լաբորանտ-գիտաշխատող, թանգարանագետ