Անավարտ զրույցներ

Անավարտ զրույցներ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին

Սկիզբը՝ նախորդ համարներում

1991 թվի նոյեմբերի 2-ին իմ հարսանիքն էր: Մի քանի օր առաջ գնացի ձեր տուն՝ հրավիրատոմսը ձերոնց փոխանցելու: Լուսահոգի մայրդ՝ տիկին Գրետան, ղավուրմա էր եփում, հայրդ օգնում էր: Լուրն անչափ ուրախացրեց նրանց: Գիտեի, որ շատ ես զբաղված, գուցե նաեւ փոխադարձաբար նեղացած, ու գալ չես կարողանա, ուստի խնդրեցի, որ ծնողներդ մասնակցեն: Մայրդ ասաց՝ Վազգենն անպայման կգա, հետո ավելացրեց. «Ո՛ւր է, քեզ աչք տա, ինքն էլ պսակվի»: Հարսանիքիս հրավիրված էին մեր բոլոր ընդհանուր ընկերները: Ու երբ դու եկար, հին օրերի մի կարոտ պարուրեց բոլորին: Ձեռնապարի ժամանակ մեղվի պես հավաքվեցին  շուրջդ: Վերջերս Սոնան էր եկել Ամերիկայից: Երկար տարիների ընդմիջումից հետո կրկին դիտեցինք տեսաժապավենը: Է՜յ գիտի ժամանակներ: Բանաստեղծը երեւի այդպիսի օրերի համար է ասել. «Ջահել եմ ես, ու ձիս ջահել…»: Ընկանք հիշողությունների գիրկը:

Ժամանակի հեռվից ավելի հեշտ է գնահատականներ տալը: Մտաբերեցինք, որ այն օրերին ընկերներից ոմանց թվում էր, թե «պալատական փափուկ կյանքը» կոշտացրել է հոգիդ: Առանձնապես չէինք խորանում, որ դու ուրիշ մի հարթակում ստանձնել էիր բացառիկ պատասխանատվություն: Եթե որեւէ մեկն ուզում է իմանալ, թե որն է հայրենիքի հանդեպ քո առաջին մեծ ծառայությունը, ապա դա միանշանակ ինքնաբուխ ձեւավորված տարբեր ջոկատների ու զինված խմբերի համախմբումն էր մեկ միասնական միավորի մեջ: Ճիշտ է, դու արդեն այդ փորձն ունեիր քո հայրենի շրջանի օրինակով, բայց Հայաստանի մասշտաբով դա կազմակերպելը շատ բարդ ու ծանր գործ էր: Իր բոլոր դժվարություններով հանդերձ, դա ստացվեց: Մենք ունեցանք մեկ կենտրոնից ղեկավարվող այն կորիզը, որը փառքով անցավ պարտադրված պատերազմի ճանապարհն ու շահեց անչափ թանկ ժամանակ, որի ընթացքում ձեւավորվեց հայկական կանոնավոր բանակը: 

1991 թվի դեկտեմբերին դու նշանակվեցիր երկրի պաշտպանության նախարար: Հաջորդ տարվա աշնանը քո նախկին տեղամասում պատգամավոր ընտրվեց մեր ընկերը՝ Ռազմիկ Մարտիրոսյանը, որը տարիներ անց զբաղեցրեց սոցապնախարարի պաշտոնը: Նրա, հետագայում բազմիցս ԱԺ պատգամավոր ընտրված Լեռնիկ Ալեքսանյանի եւ մեր մյուս ընկերների հետ շրջանում այն օրերին փորձում էինք ձեւավորել նոր մթնոլորտ՝ շեշտադրումները քաղաքական հարթությունից տեղափոխելով բարոյական հարթություն:

Շրջանում մի նոր համախմբում էր ընթանում:

1993 թվի հունվարին քո օգնությամբ Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահը նշանակվեց պարենի եւ հացամթերումների նախարար: Տղաները եկան մեր տուն ու ասացին, որ շրջխորհրդի պատգամավորների զգալի մասն ինձ է տեսնում շրջանի ապագա ղեկավարի պաշտոնում: Ում հետ որ հասցրեցինք զրուցել, բոլորը նույն բանն էին ասում՝ միայն թե ՀՀՇ-ական չլինի: ՀՀՇ-ի հեղինակությունը խիստ ընկած էր: Ամենուր կար դժգոհություն: Դժգոհություն էր առաջացել նաեւ կռվող տղաների շրջանում. նրանք գտնում էին, որ անհրաժեշտ ուշադրությունից դուրս են մնացել։ Իրենց բերած իշխանության նկատմամբ պահանջատիրությունը պատշաճ հագեցում չէր ստանում: Շատ մարդիկ իրենց զոհված կամ վիրավոր հարազատների համար մեղադրում էին հրամանատարներին, այդ թվում եւ քեզ:

Այսպիսին էր մթնոլորտն Արարատի շրջանում 1993 թվի փետրվարի 26-ին, երբ քննարկվում էր շրջխորհրդի գործկոմի նախագահի ընտրության հարցը: Թեեւ դու եւ ՀՀՇ-ն ունեիք ձեր նախընտրելի թեկնածուն, բայց պատգամավորները ձայների ճնշող  մեծամասնությամբ նախապատվությունը տվեցին ինձ: Մինչ այդ շատերը մոտենում ու հարցնում էին ինձ, թե նիստին կարո՞ղ է Վազգենը գա ու փորձի ՀՀՇ-ական թեկնածուին «անցկացնել»: Քո չգալը ես ընդունեցի պարզ ուղերձ, որ չես խանգարելու ընտրության բնականոն ընթացքին՝ հոգուդ խորքում համոզված լինելով, որ ճիշտը դա է: Օրեր անց դու զանգեցիր ու շնորհավորեցիր՝ ասելով. «Բարոյականությունը հաղթեց»: Այսպես հալվեց մեր մեջ առկա վերջին սառցաբեկորը:

Իսկ հիմա պատմեմ մի քանի դրվագներ կատարած աշխատանքներից: Նախ հայտարարեցի, որ իմ կողքին տեսնում եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աշխատելու մաքուր եւ օրենքներին համապատասխան:

Բացի երկու տեղակալներից ու գործկոմի քարտուղարից, մնացյալ բոլոր կադրերին թողեցի իրենց տեղերում: Առաջ անցնելով ասեմ, որ բոլորը չէ, որ դիմացան օրինական աշխատելու փորձությանը. ոմանք գայթակղվեցին ու բացահայտվելուց հետո ինքնակամ հեռացան զբաղեցրած պաշտոններից: Եղան եւ այնպիսիները, ովքեր ենթարկվեցին քրեական պատասխանատվության: Առաջին առանցքային գործը շրջանի առաջնահերթ հիմնախնդիրների հաշվառումն էր: Դրա համար, առանց մեծամտանալու, լսեցի տարբեր սերունդների ու շերտերի, այդ թվում՝ ազատամարտիկների կարծիքները: Արդյունավետ ստարտի հարցում շատ մեծ էր քո աջակցությունը:

Ընտրվելուցս երկու-երեք շաբաթ անց քո ուղեկցությամբ ես ներկայացա հանրապետության նախագահին ու վարչապետին: Քո հուշումով վերջինիս հրավիրեցի շրջան: Վարչապետ Հրանտ Բագրատյանը մի քանի օր հետո եկավ Արարատ, եղանք մի շարք բնակավայրերում, ապա՝ Արմաշում, ուր խոստացավ օգնել գյուղի զոհվածներից մեկի ընտանիքին՝ բնակարան կառուցելու, ինչպես նաեւ ռմբակոծությունից տուժած Արմաշի հիվանդանոցի վերանորոգմանը: Երկու օր անց զանգահարեցին ու պահանջեցին նախահաշիվները: Կառավարության այս արագ արձագանքն ու շրջանին չորս հարյուր մլն ռուբլու վարկի տրամադրումը բարձրացրին գործկոմի հեղինակությունը: Շուրջ երեք հարյուր մարդ օգտվեց դրանից, իսկ դրամափոխությունից հետո մարդիկ կարողացան մանրադրամներով փակել այդ վարկերը: Ըստ էության, դա նվեր եղավ առավել նախաձեռնողական անհատներին ու գյուղացիական տնտեսություններին:

Քեզ հետ խորհրդակցելուց հետո ձեռնարկվեցին քայլեր Երասխի գոտում հաճախակի դարձած կրակը դադարեցնելու ուղղությամբ: Դա թույլ էր տալու վտանգավոր գոտում մնացած երեք-չորս հարյուր հա  գյուղատնտեսական հողերի գոնե մի մասը մշակել, այլապես եկամտի այլ աղբյուր չունեցող Երասխի ու Սեւակավանի բնակիչները կարող էին լքել իրենց բնակավայրերը: Կրակի դադարեցմանը նպաստեց  գծային հեռախոսակապի անցկացումը, որն իրար էր միացնում իմ եւ  հարեւան Նախիջեւանի Իլյիչովսկի շրջգործկոմի նախագահի  աշխատասենյակները: Մեզ հաջողվեց գարունը դիմավորել առանց կրակի:

Հետագայում, երբ ազատամարտիկներին փոխարինեցին նոր ձեւավորված բանակի մարտիկները, իրավիճակն ամբողջությամբ դարձավ վերահսկելի: Սահմանամերձ գյուղերի համար մասամբ լուծվեցին ոռոգման եւ խմելու ջրի հարցերը: 

Նախորդ տարիներին շրջկենտրոնը չէր ջեռուցվել: Դրա կազմակերպումն այն ցուրտ ու մութ տարիներին անչափ մեծ ձեռքբերում էր: Զոհվածների, վիրավորների, ինչպես նաեւ ուսուցիչների ու սոցիալական ծանր վիճակում գտնվողների  էլեկտրաէներգիայի ու ջեռուցման ծախսերը գործադիր կոմիտեն վերցրեց իր վրա: Կարողացանք շրջան ներկրել եւ կոշտ վառելիք տրամադրել շրջանի սոցիալական նշանակության հիմնարկներին ու զոհվածների ընտանիքներին:

Այն օրերին ձեւավորվեց մի հետաքրքիր ավանդույթ. յուրաքանչյուր հինգշաբթի շրջանի ղեկավար կազմով այցելում էինք որեւէ գյուղ եւ բնակչությանը լսելով՝ վեր հանում անելիքները, հենց տեղում տալով հանձնարարականներ համապատասխան ծառայություններին: Այն օրերի ընթացիկ խնդիրներից էին բնակավայրերին ժամային գրաֆիկով էլեկտրաէներգիայի, ոռոգման ու խմելու ջրի տրամադրումը, գարնանացանի համար վառելիքի, պարարտանյութի ձեռքբերումը, տեխնիկայի կարգաբերումը եւ այլն: 

Այդ տարիներին նախկին հասարակարգի շատ երեւույթներ էին արժեզրկվել, մի մասը՝ հանիրավի. բանը հասել էր այնտեղ, որ ֆաշիզմի դեմ պայքարած սերնդին ասում էին՝ ձեզ ո՞վ էր խնդրել գնայիք կռվելու: Պատերազմի վետերանները նման վերաբերմունքից շատ էին վիրավորված: Նախորդ տարիների բացթողումներից հետո, մայիսի 9-ին մենք կազմակերպեցինք շրջանային միջոցառում, ուր մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի մասնակիցները: Դա շատ լավ արձագանք գտավ: Իհարկե, եղան մարդիկ էլ, որ մեզ մեղադրեցին կոմունիստական տոները վերակենդանացնելու մեջ:

Հատուկ ընդունելության օրեր չկային: Եթե ազատ էի լինում, ընդունում էի յուրաքանչյուրին: Երբեմն մարդիկ ուղղակի հեռախոսով էին իրենց հարցերը լուծում: Ուշ ժամերին ինքս էի հեռախոսը վերցնում: Ձեռնարկված քայլերը փոխեցին մթնոլորտը շրջանում: Գործադիր կոմիտեն պատշաճորեն էր կատարում թիկունքային իր պարտավորությունները: Մեկ անգամ չէ, որ սննդով բարձված մեքենան տեղակալներիցս մեկի գլխավորությամբ հասնում էր առաջին գիծ: Մշտական ուշադրության կենտրոնում էին Երասխից մինչեւ Զանգակատուն դիրքերը: Ստեղծվել էր մարդկային ըմբռնելի հարաբերություն զոհվածների ընտանիքների ու ազատամարտիկների հետ: Որեւէ մեկի զոհվելու դեպքում անպայման այցելում էինք տուն, կանգնում ընտանիքի կողքին, փորձում օգնել հուղարկավորության ու այլ հարցերում:

Ծանր փուլ էր 1993-94թթ․ ձմեռը: 3 ամիսների ընթացքում ունեցանք 40-ից ավելի զոհ Հակոբ-Կամարիում, Հորադիզում, Օմարում ու Երասխում: Երբեմն հուղարկավորում էինք միանգամից մի քանիսին: Լինել ամեն մեկի օջախում, տեղեկանալ  յուրաքանչյուրի մահվան պատմությանը, սրտի խոսք ասել շիրմատանը, մասնակցել կամ սատարել հետագա միջոցառումներին՝ ամենօրյա «աշխատանք» էր դարձել: Վեդիում որոշեցինք կառուցել զոհվածների պանթեոն: Հարազատների հետ պայմանավորվեցինք, որ շիրմաքարերը լինեն համեստ ու նույնական: Ավանային խորհուրդը լուծեց խաչքարի, իսկ գործկոմը՝ քարերի հարցը: Ամեն անգամ Վեդի գնալիս, առիթի դեպքում, այցելում եմ գերեզմանատուն ու մտովի զրուցում նրանց հետ: Գագիկ Մարգարյանը՝ Վեդու գումարտակի հրամանատարը, նախքան իր ջոկատով Հակոբ-Կամարի մեկնելը, եկավ հրաժեշտ տալու: Ես համոզում էի, որ մնա շրջանում, մասնակցի Երասխի գոտու պաշտպանությանը: «Պատերազմի ելքը վճռվում է Արցախում: Եթե ես չգնամ, նա չգնա, ո՞վ է մեր տեղը կռվելու»,- ասաց նա:

Վիճեցինք: Իմ մեջ, հավանաբար, խոսում էր զգուշավոր չինովնիկը. կարծում էի, որ դա լրացուցիչ հոգս է լինելու շրջանի ու գործկոմի համար: Բայց նա անհողդողդ էր: Նա այն տղաներից էր, որ ոչ միայն հրամաններ էր տալիս, այլեւ գնում էր առջեւից: Հիմա ես ամաչում եմ իմ պահվածքի համար: Ու մեղքս քավում եմ հայտարարելով, որ իմ առջեւ կանգնած էր մի մարդ, ով ինձ գերազանցում էր իր հայրենասիրությամբ: Նրա խփվելուց հետո Վեդու գումարտակի հրամանատարությունը ստանձնել էր ընկերը՝ Լեւոն Մուսիկյանը, որը հետո զոհվեց: Հրամանատար Մանվել Գրիգորյանից հետագայում իմացա նրա մահվան հանգամանքները. ռումբի պայթյունից բացվել էր Լեւոնի որովայնը:

Հրամանատարը դաշտային հեռախոսով ասել էր՝ դիմացիր, հիմա մարդ եմ ուղարկում քեզ այդտեղից հանելու: Նրա վերջին խոսքերն էին եղել. «Ինձ մոտ մարդ մի՛ ուղարկեք: Միեւնույն է, չեմ փրկվի: Տղաների՛ն օգնեք»: Այդ տարիներին հարյուրավոր ազատամարտիկների հետ շփվեցի: Նրանցից շատերի հերոսականությունը մնացել է անհայտ: Մի անգամ զանգահարեց մի կին՝ զոհվածի մայր, եւ իր ու ամուսնու անունից խնդրեց, որ, որպես հարգանքի նշան, այցելեմ իրենց: Շաբաթ օր էր: Գնացի ու մնացի մինչ երեկո: Պարզվեց՝ իրենց միակ որդին էր զոհվածը: Հայրն անընդհատ լուռ էր:

Մայրը պահել էր որդու դպրոցական տետրերը: Նա դրանք այնպես էր թերթում, ասես որդու մատները շոշափելիս լիներ: Նա անվերջ պատմեց ու պատմեց: Ես տեսա, թե ինչպես փոքրիկ տղան գնաց մանկապարտեզ, ապա՝ դպրոց, զգացի, թե ինչպես էին նրան սիրում դասընկերները, ինչպես ծնողները ճանապարհեցին բանակ: Ես լռելյայն ու համբերությամբ լսում էի մորը: Ավելի ճիշտ՝ ոչ թե լսում, այլ նրա հետ ապրում ու վերապրում էի որդու կորստի ցավը: Ասես դրա մի մասը վերցնում էի ինձ վրա: Այդ օ՛րը միայն հասկացա «Ցավդ տանեմ» արտահայտության իրական իմաստն ու նշանակությունը: Օրվա վերջին տուն գնացի մտատանջ, ու առաջին անգամ սիրտս բժշկի կարիք զգաց: Քեզ զարմացնելու համար չպատմեցի սա, Վազգեն: Ընդհակառակը՝ զարմա՛նքս արտահայտելու. քանի՜-քանի ընկեր ու զինվոր ես կորցրել, եւ անցե՞լ է որեւէ մեկի մտքով՝ չափել ցավի այն բեռը, որ անտրտունջ ու աննկատ ամբարել ես հոգուդ մեջ տարիներ շարունակ:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

Շարունակելի