Անավարտ զրույցներ

Անավարտ զրույցներ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին

Իսկ այժմ ուզում եմ խոսել այն ժամանակահատվածի` 1989-1996թթ. մասին, որում ընթացավ քո կյանքի հաջորդ փուլը: Պայմանականորեն այն կարելի է կոչել վերելքի ու հերոսացման շրջան: Բնականաբար, ես խոսում եմ այն տեսանկյունից, որն ինձ է հասու եղել: 1989 թվի օգոստոսին այդ տարվա մեր վերջին հանդիպումը եղավ: Վեդու  երիտասարդական սրճարանում հավաքվել էին մեր ընկերները՝ ինձ ճանապարհելու: Մեկնելու էի Դոնի Ռոստով՝ ուսման, երկու տարով: Դու եկար մի քիչ ուշացած, ինչպես միշտ՝ ծաղիկներով, որին աղջիկները սրտատրոփ սպասում էին: Այդ օրը կարծես ծալում էինք անցյալի ինչ-որ էջ ու փորձում ծրագրել մեր նոր անելիքները: Դա այն միջավայրն էր, որն ինչ-որ առումով ծնել էր մեզ, ու որի առջեւ ամեն մեկս հաշվետու լինելու պարտավորվածություն ունեինք: Վերջում հավաքվածներդ հաջողություն մաղթեցիք ինձ: Իսկ ես, ամփոփելով օրվա խորհուրդը, դադարից հետո, երբ բոլորը լռեցին, մատնացույց անելով քեզ, հայտարարեցի, որ մեր ընկերների մեջ կա մի մարդ, ով շատ մեծ դերակատարություն է երբեւէ ունենալու, եւ մենք բոլորս պիտի ուժ տանք նրան: Այդ միտքը հոգուս մեջ այնպես ամուր էր խարսխված, որ ես այն արտահայտեցի ոչ թե իբրեւ ցանկություն, այլ խորը վստահություն ներշնչող համոզմունք: Դու ուշադիր նայեցիր ընկերներիդ: Մեր աչքերում կար հավատ ու վստահություն քո հանդեպ:

Մեր պատկերացումներում դու խտացնում էիր ոչ միայն հայրենասիրության, այլեւ ազնվության, արդարության ու օրինականության արժեքները: Կարծում եմ՝ դու դա երբեք չես մոռացել: Դա այն «նավահանգիստն» էր, որից մեկնելով՝ գիտեիր, սակայն, որ մի օր վերադառնալու ես, ու վերադարձիդ ամենաշատը այստեղ էին քեզ սպասելու: Եվ այդ վերադարձը քննության պես մի բան էր լինելու: Իրոք խորհրդանշական օր էր: Հաջորդ օրը ես մեկնեցի իմ ճանապարհով, իսկ դու բռնեցիր այն ուղին, որը շրջանի երիտասարդությունն արդեն կանխազգացել, նախանշել եւ ինչ-որ առումով ուրվագծել էր: Իսկ խումբը, որ ձեւավորվել էր տարիների ընթացքում, Սոնայի, Ռազմիկի, Հովիկի նախաձեռնությամբ ու Խոր վիրապի վանահայր Տեր Մխիթարի օրհնությամբ, վերածվեց եկեղեցուն կից երիտասարդաց միության:

Դոնի Ռոստովում ես մնացի երկու տարի: Ուսումնառության ավարտին ստացա քաղաքագետի որակավորում:  Այդ ընթացքում այնքան փոփոխություններ տեղի ունեցան մեր երկրում ու աշխարհում, որ հնարավոր չէ այն չկոչել դարակազմիկ: Հայաստան վերադառնալուց առաջ, ճակատագրի հեգնանքով, 1991 թվի օգոստոսի 18-20-ին գտնվում էի Մոսկվայում եւ ականատես եղա, թե ինչպես էր ԽՄԿԿ Կենտկոմը հոգեվարքի իր վերջին ճիչն արձակում: Կուսակցության վերնախավը փորձում էր փրկել Խորհրդային Միությունը փլուզումից: Մի խումբ կուսակցապետեր հռչակել էին Արտակարգ Իրավիճակի Պետական Կոմիտեի նպատակը: Բայց փրկել այն, ինչ հիմքից կառուցվել էր սխալ, եւ որն արդեն խարխլվել էր ժողովրդավարության շնչառությունից, անհնարին ու անպտուղ գործ էր: Տանկերն անգամ չէին կարող փրկել իրավիճակը: Կոմունիստական ժամանակաշրջանի ձեւապաշտությունից հոգնել ու զզվել էին մարդիկ: Ինչքա՜ն սուտ ու կեղծիք, արյուն ու չարություն էր թաքնված այդ երկրի պատմության մեջ, որ մինչ օրս էլ բացվում են նոր ու սահմռկեցուցիչ փաստեր: Հանուն այդ կարգերի՝ այլեւս ոչ ոք չէր ուզում անմեղ արյուն թափել: Իսկ աստիճանական վերափոխումների ժամանակը հսկա երկրի ապաշնորհ ղեկավարությունը վաղուց ձեռքից բաց էր թողել: Ասել, որ ամեն ինչն էր վատ այն պետության մեջ, սխալ կլիներ:

Մանավանդ, որ նրա գոյության 70 տարիների տարբեր փուլեր տարբեր գնահատականի են արժանի: Մենք շատ բան պիտի անենք, որ մեր անկախ հանրապետությունը սոցիալական խնդիրներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, մարդկանց հանգստի կազմակերպումը, ծերերի ու մանուկների նկատմամբ ուշադրությունը, ապահով վաղվա զգացումը հասցնենք այն մակարդակին, որը ստեղծել էր խորհրդային երկիրը: Ավելին, այդ 70 տարիները մերն են այնքան, որքան մերն է մեր պատմության համանման մյուս փուլերից յուրաքանչյուրը: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ մենք չէինք կարող շրջանցել այն այլընտրանքային հնարավորության բացակայության պատճառով: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ տարբեր ժողովուրդներ տարբեր չափով են շահել այդ ժամանակահատվածից: Մեր հարեւանները ավելի շուտ նկատեցին հյուսիսից եկող հեղեղի հզորությունն ու ավելի շուտ ողջունեցին այն, պարգեւատրում ստանալով հայկական պատմական տարածքները՝ հայ բնակչությամբ, ինչպես նաեւ ստվերելով տարածաշրջանի մյուս փոքրակազմ ազգերի՝ լեզգիների, թալիշների շահերը:

Ու մեր միջից որքան էլ որ ուզենան սեւացնել այդ տարիները, միեւնույն է, ճշմարտությունից հեռու չենք փախչի. մե՛ր ժողովրդի համար, բոլոր ելեւէջներով հանդերձ, դրանք եղել են արյունաքամ վերքերից ապաքինման, ուշքի գալու տարիներ: Մեդալի այս կողմը երբեք չի կարող խամրել, թեեւ մյուս կողմում անհնարին է չնկատել, որ հենց խորհրդային պետության ձեւավորման օրերին, հանուն պրոլետարական հեղափոխության ապագայի՝ մատաղի բաժին դարձրին հային ու Հայաստանը: Ու թեեւ թույլ տվեցին ֆիզիկապես ամրանալ ու շնչել, զուգահեռաբար փորձեցին բթացնել մեր զգոնությունը: Մեր ժողովրդի երկատումն ու պատմական տարածքների կորուստը աշխարհի մեծերին ու հրեշավոր գաղափարախոսություններին բաժին ընկած այն զոհողությունն էր, որի արդյունքն այս մի պտղունց հողի վրա ստեղծված անկախ պետությունն է: Այդուհանդերձ, նկատել է պետք, որ մենք ավելի պատրաստ դուրս եկանք երրորդ հանրապետությունը կերտելիս, քան մեր հարեւանները: Փառք ու պատիվ այն կերտողներին: Դու, Վազգեն, նրանց մեջ ունես քո հաստատուն տեղը:  
Քաղաքականությունը քամու պես բան է. ուր ասես չի մտնում, ու ոնց էլ լինի, մեկին պաղեցնում է, մյուսին քշում կամ առնվազն թռցնում գլխարկը: Անամոթաբար այն սողոսկում է ընկերների, անգամ եղբայրների արանքը:

Մենք էլ չխուսափեցինք այդ չարաբաստիկ հրեշից: Էլ չեմ ասում, որ գործնական կյանքում եղան այնպիսի խնդիրներ, որ առայսօր էլ չգիտեմ դրանց պատասխանը: Հիմա էլ նշմարում եմ մանրուքներ, որոնք ծնում են հարցականներ ու հարուցում բանավեճեր: 1990 թվին՝ Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններում, մենք հայտնվեցինք տարբեր ճակատներում: Դու արդեն ներկայացնում էիր քաղաքական այն նոր ուժը՝ ՀՀՇ-ն, որը պատրաստվում էր վերցնելու իշխանությունը: Իսկ ես ոչ մի կերպ չէի կամենում հարել այդ նոր հոսանքին: Միայն իմ պահպանողական լինելն ու այլ համոզմունքներ ունենալը    չէր պատճառը: Դրանից առաջ, արձակուրդներին, երբ եկա Երասխ՝ քեզ հանդիպելու, պաշտպանական ջոկատի պարկեշտ ու համեստ շատ տղաների կողքին տեսա նաեւ մարդկանց, ովքեր հրացաններն ուսերին, իմ տպավորությամբ,  ցուցադրական անցուդարձ էին անում,  ոմանք էլ՝ ինձ ծանոթ, նախկինում դատված տղաներ, քայլում էին՝ շրջապատի նկատմամբ անտարբեր ու արհամարհական, ասես աշխարհի տերն իրենք լինեին: Ես դա հասկանալ չէի կարող: Ինչ-որ վանող մեծամտություն կար նրանց պահվածքում:

Քսանհինգ տարի անց միայն, երբ որդիս մարտական առաջին հերթապահությունից հետո ցած իջավ դիրքերից, հենց այդպես էլ ասաց. «Պապ, ոնց որ աշխարհն իմը լինի: Ով դիրքեր չի բարձրացել, չգիտեմ ինչու, նրանց նայում եմ վերեւից»: Հիմա կարող եմ վստահ ասել, որ աշխարհի տիրոջ զգացողություն ունեցող զինվո՛րը կարող է միայն չերերալ, առյուծաբար կռվել ու հաղթել թշնամուն: Իսկ այն օրերին Երասխում տեսածս անհամատեղելի էր հայրենիքի պաշտպանի իմ գրքային պատկերացումների հետ: Ակնհայտ էր, որ ես ետ էի մնացել երամից ու հիմա չէի հասկանում այդ երամի լեզուն: Ես պարզապես մնացել էի անցյալում: Թեեւ փաստ էր եւ այն, որ ոմանց ագրեսիվ վարքագիծը գուցե օգտակար էր սահմանագծին, բայց հանրության շրջանում այն անընկալելի էր ու մերժելի: ՀՀՇ-ի շարքերում քիչ չէին այդպիսիները: Նրանց ներկայությունն ինձ ու էլի շատերին էր վանում: Ներքաղաքական կյանքում ես ինձ նրանց կողքին չէի պատկերացնում: Հիմա, տարիներ անց, ավելի տեսանելի է քո սխրանքը. այդքան տարբեր վարքուբարքի տեր մարդկանց մեկ նպատակի, դրոշի ու գաղափարի շուրջ հավաքելը, բռունցքելն արդեն հերոսություն էր:

Կարեւորն այն էր, որ բոլորը քեզ հավատում էին, իսկ դու՝ նրանց: Ինչ խոսք, այնպես չէր, որ նրանց չէիր ճանաչում: Գիտեի՜ր: Ուղղակի եղածն այդ էր: Համ էլ գուցե կարծում էիր, որ դեռ չի եկել մարդկանց չափավորելու ժամանակը: Իսկ ես, չեմ թաքցնում, երկար տարիներ համոզմունք եմ ունեցել, որ ոմանց անցանկալի վարքագիծը,  հատկապես ընտրությունների կազմակերպման շրջանում, արդյունք է այն բանի, որ չես ուզում սաստել կամ նեղացնել նրանց: Այնպես որ՝ ընտրություններում թեեւ դու նոր ուժի կրողն էիր, որը պիտի կերտեր անկախ պետություն, իսկ ես դեռեւս դիտվում էի հին ժամանակները ներկայացնող կոմունիստ, մեր դիրքորոշումների տարբերությունը, բնական լինելով հանդերձ,  ոչ այնքան գաղափարական էր, որքան՝ վարքագծային: 

Ինչեւէ, ընտրությունն այն տեղամասում, ուր առաջադրվել էի ես, անցավ կոռեկտ պայքարում: Սակայն ո՛չ ես, ո՛չ էլ քո պաշտպանած թեկնածուն չկարողացանք անցնել: Հաղթեց երրորդը: Մեկ այլ ընտրատարածքում ընտրությունը չկայացավ ընտրողների թերի մասնակցության պատճառով: Այս անգամ այնտեղ առաջադրվեցին վեց-յոթ թեկնածու, այդ թվում՝ դու եւ եւս երկուսը՝ մեր ընկերներից, որոնք հետո հանեցին իրենց թեկնածությունները: Դու ընտրվեցիր պատգամավոր, իսկ հետագայում՝ Գերագույն խորհրդի պաշտպանության ու ներքին գործերի հանձնաժողովի նախագահ:
1990 թվին եւս մեկ ընտրություն եղավ, որում մենք հակադիր կեցվածք ունեցանք: Ընտրվում էր Արարատի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ: Դու պաշտպանում էիր ՀՀՇ-ական թեկնածուին, իսկ ես՝ մեկ ուրիշի:

Նիստն ինքդ էիր վարում: Մի քանի ելույթից հետո ես ձայն խնդրեցի, դու նայեցիր ինձ, ապա խոսքը տվեցիր ուրիշի: Հասկացա, որ խուսափում ես ինձ ձայն տալ: Հետո հայտարարեցիր, որ անհրաժեշտ է հաշվի առնել մի հանգամանք, որ կենտրոնական ՀՀՇ-ական իշխանությունը չի աշխատի այն մարդու հետ, որն իր սրտով չէ: Ապա դարձյալ ուրիշին ձայն տվեցիր, ով կոչ արեց ընտրել ՀՀՇ-ական թեկնածուին՝ դա հիմնավորելով հենց քո բառերով, որ հակառակ դեպքում, միեւնույն է, չեն թողնի, որ մյուսն աշխատի: Այս մի ելույթն ինձ հունից լրիվ հանեց: Այս աստիճան քծնանք այդ մարդուց չէի սպասում: Հաջորդը ի՛նձ ձայն տվիր: Զայրույթս չէի կարողանում թաքցնել: Ամբիոնի մոտ ռումբի պես պայթեցի. նյարդային տոնով դատապարտեցի նախորդ հռետորի միտքը, որն ըստ էության քոնն էր: Ասացի, որ կենտրոնական իշխանությունը, եթե ինքը ժողովրդավարական է, իրավունք չունի չհարգելու ժողովրդի կամքը: Այն ժամանակ «լեգիտիմ» բառը դեռ տարածված չէր մեր բառապաշարում: Ուստի ասացի, որ կենտրոնական իշխանությունը պարտավո՛ր է ընդունել օրինական ընտրության արդյունքը: Բայց այդ օրը ընտրվեց ՀՀՇ-ական թեկնածուն, ու իմ մեջ տպավորություն մնաց, որ դա տեղի ունեցավ ճնշման արդյունքում:

Հետաքրքիր են մարդիկ, չէ՞.  հաճախ դիմացինի սխալները նկատում ու հիշում են ավելի մանրամասն, քան սեփական արարքները: Անկեղծ ասեմ․ հիմա վերհիշելով իմ ելույթը՝ խոստովանում եմ, որ այն բավականին ագրեսիվ էր: Դու՝ որպես նիստավար, կարող էիր, բայց որեւէ բառ չասացիր խոսքիս բարձրագոչ, գուցեեւ հոխորտալից տոնի համար: Մեծահոգությունդ հիշում եմ խանդաղատանքով ու բարությամբ, թեեւ տարիներ անց էլ չեմ կիսում քո դիրքորոշումը: Այդ օրը ես հասկացա, որ հասարակության զարգացման հարցերում մենք ունենք, մեղմ ասած, տարբեր կարծիքներ:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

Շարունակելի