Ոչ մի դավաճանություն էլ չկա. կա ռեալ պոլիտիկ եւ ժողովուրդ՝ հայտնված «в просак» վիճակում

Ոչ մի դավաճանություն էլ չկա. կա ռեալ պոլիտիկ եւ ժողովուրդ՝ հայտնված  «в просак» վիճակում

Քանի որ վերջին մի քանի ամիսներին մեզանում յուրաքանչյուր երեք բառից չորսը «դավաճան» բառն է (չհաշված 4-5-ը՝ «թուրք»), կարծում ենք, հանրային պահանջ է դարձել այդ բառով բնութագրվող երեւույթին անդրադառնալը: Նախ, խոսքը վերաբերում է պետական դավաճանության մասին, ինչը չափազանց ծանր, քրեորեն պատժելի հանցանք է: Մինչ օրս ոչ ոք, ում հասցեին ուղղված են եղել մեղադրանքները, պատասխանատվության չի կանչվել: Մյուս կողմից, եթե հանցակազմը բացակայում է, ապա դա համարվում է սուտ մատնություն, ինչը նույնպես քրեորեն պատժելի է: Ստացվում է, որ մեզանում դավաճանություն չի էլ եղել: Իսկ թե ինչու սուտ մատնողները պատասխանատվություն չեն կրել առայսօր, ապա կարելի է ենթադրել, որ մեր իրավապահ համակարգը չափազանց մարդասեր է, ընդհուպ օրենքը խախտելու աստիճան, ուղղակի պղտոր ջրում չի ցանկանում ձուկ բռնել, ինչը խոսում է այդ համակարգի արժանիքների, ազգային բարձր արժեքներ դավանելու մասին: Սա միայն հարգանքի արժանի վարքագիծ է:

Նախքան ապացուցելը, որը վերջին ժամանակաշրջանում զարգացումների հիմքում դավաճանությունը չէ, այլ ինչ-որ այլ բան, հարկ կլինի դիտարկել «просак» բառը, որ, կարծես, հայերենում համարժեք չունի, թեպետ դրանով նկարագրվող երեւույթը նույնականացվում է տարբեր լեզուներում: Ավելի տարածված է ռուսերենում: 

Իշխան Պյոտր Անդրեեւիչ Վյազեմսկու «Выдержка» բա­նաստեղծության (1827թ.) մեջ հանդիպում է հետեւյալ տողը. А глупость срежет на просак! Թղթախաղի օրինա­կով Վյազեմսկին, ասում է, որ հիմարությունը կվերածվի просак-ի, եւ նման խաղա­ցողն ամեն ինչ տանուլ տալով՝ դուրս կգա իսկական հիմար: Ա. Ի. Գերցենի «Былое и думы»-ում էլ է հանդիպում «просак»-ը. «Милый В-ский попадал в удиви­тельные просаки с английским языком». 

Իրականում «просак» անվանել են վաղ ժամանակներում մանածագործական խոշոր հաստոցը (նկարում), որն օգտագործվել է պարաններ եւ ճոպաններ հյուսելու համար: Հաստոցն իրենից ներկայացրել է մանող անիվից դեպի սահնակ ձգվող պարանների բարդ ցանց, որտեղ եւ դրանք ոլորվել են: Հաստոցի մեջ հագուստի, մազերի կամ մորուքի (այդ ժամանակներում ընդունված է եղել երկար մորուք ունենալը) ընկնելը կարող է հանգեցնել մարդու մահվան: Դե, իսկ չնկատել, թե ինչպես է քո առջեւ ոլորվում ճոպանը, կարող էր բավական անփույթ եւ անուշադիր մարդը: Հենց այդպիսիներն էլ ընկել են в просак… Այսպիսով, ժամանակակից լեզվում հայտնվել է «просак» արտահայտությունը, որը նշանակում է հայտնվել դժվար եւ անհարմար վիճակում: 
Ինչեւէ, իրականում մարդիկ ծայրահեղ լարված են նրանից, որ հայտնվել են «в просак» վիճակում: Շատերը կարծում էին, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանը կհայտնվի «в просак» իրավիճակում, մինչդեռ մի ամբողջ ժողովուրդ է հայտնվել դրանում:

Համաշխարհային պատմության մեջ հանդիպում են մի շարք այդպիսի դեպքեր: Այսպես, ժամանակին Հիտլերին առաջ քաշողները համոզված են եղել, որ նա կհայտնվի այդպիսի իրավիճակում՝ հաշվի առնելով նրա մտավոր ունակությունները եւ հիստերիկ խառնվածքը: Հետագայում Հիտլերն այսպես է արտահայտվել այդ մասին. «Շատերը կարծում էին, որ ես կհայտնվեմ «в просак» իրավիճակում, մինչդեռ իրենք հայտնվեցին դրանում»: Նիկիտա Խրուշչովի մասին էլ այդ կարծիքին են եղել, քանի որ նա Ստալինի մոտ իրեն պահել է խեղկատակի նման, չաստուշկաներ է երգել ու պարել: Լեոնիդ Բրեժնեւին, նույն նկատառումներով, «մոխրագույն կար­դինալներն» առաջադրել են Կենտկոմի քարտուղար՝ որպես անցողիկ ֆիգուր, բայց նա այդ պաշտոնին մնաց 17 տարի:

Հիմա, մի պահ պատկերացնենք, որ ճոպանի ոլորման արտադրական նշված գործընթացների նման՝ մեր երկրի շուրջ եւ դրանում տեղի ունեցող գործընթացները սպառնում են մարդկանց անվտանգությանը, կյանքին, ու դա տեսնում են բոլորը: Այդ դեպքում ինչպե՞ս կարող է չտեսնել վարչապետը: Գուցե այլ կերպ պետք է հասկանալ այս սրընթաց, հայ ժողովրդի համար ողբերգական զարգացումները. 30 տարի մարդիկ ստեղծված իրավիճակից ելքեր չեն տեսել, չեն հասկացել ու չեն ընդունել այն, որ թուրքական ճոպանների մեջ հայտնվելը մահացու չէ, այլ լայն հեռանկարներ է բացում զարգացման համար: Քանի որ Հայաստանում եւ Արցախում բնակվող հայերը չեն կարողացել կողմնորոշվել, հայտնվել է մեկը, ով ռեալ պոլիտիկի ոգով ու դուխով խիզախություն է դրսեւորել ու հանձն է առել փրկել հայ ժողովրդին: Մնացած «միաբջիջ հայերին» դա հասանելի ու հասկանալի չէ, ինչի պատճառով էլ, խոսքները մեկ արած, ասում են դավաճան, դավաճան…

Հիմա ո՞ւմ հավատալ. նրա՞նց, որ չեն կարողանում բարդագույն իրավիճակից ելք գտնել, թե՞ նրան, ով համոզված է ընտրված ճանապարհին այլընտրանք չունենալու մեջ: Ավելին, ոչ բարով հարեւան երկրի ղեկավարն էլ ասում է՝ մենք հայերին կպարտադրենք (իսկը Ճապոնիայի նման, երբ ԱՄՆ-ն պարտադրեց բացել սահմանները), որ նրանք համագործակցեն Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով հաղորդակցության ուղիների զարգացման գործում: Հետեւաբար, շուտով հայերիս կյանքը կտնօրինեն երկու թուրքական պետություններ, ինչը նշանակում է, որ աղայական կյանք է սպասվում մեզ:

Ոչինչ չենք արտադրելու, ոչ մի գործ չենք անելու, ուղղակի սպասարկելու ենք մեր նոր տերերին, բացի դրանից՝ բանակի վրա էլ ծախսեր չեն արվելու, քանի որ դրա անհրաժեշտությունն էլ է վերանում, եւ, հետեւաբար, վերանալու է բանակում ծառայելու անհրաժեշտությունը: Սա այն է, ինչ ցանկանում է ամբոխը:  

Այնպես որ, դավաճանության հատկանիշները բացակայում են:

ՀԳ․ Անիմաստ ու ցինիզմ եմ համարում այլեւս անվանս կից նշել «տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր», քանզի այդ տիտղոսները ոչ մի օգուտ չեն բերում մեր պետությանը ու ոչինչ չարժեն։

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ