Սա պարզապես անպատիժ թալան է

Սա պարզապես անպատիժ թալան է

Ի՞նչ իմաստ ունի Սակագները կարգավորող հանձնաժողովի կողմից ծառայությունների սակագների սահմանումը, եթե որ կազմակերպությունն ուզենա, կարող է այս սակագներին զուգահեռ լրացուցիչ վճարումներ՝ սպասարկման վճարներ սահմանել բնակչության համար: Խոսքը «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից սահմանված սպասարկման վճարների մասին է: Փորձեմ հիմնավորել այս պնդումը: 

Հայաստանում ծառայություն մատուցող եւ սպասարկում իրականացնող մի շարք կազմակերպություններ կան, սակայն դրանցից եւ ոչ մեկը սպասարկման գումար չի գանձում բնակչությունից, քանզի այդ կազմակերպություններում պարզ գիտակցում են, որ իրենց հիմնական գործառույթը հենց սպասարկման ծառայություն մատուցելն է, էլ ինչ լրացուցիչ սպասարկման գումարի մասին է խոսքը, երբ բնակչությունը լիարժեք վճարում է մատուցված ծառայության համար: Աբսուրդի է հասնում այն, երբ բնակիչը վճարում է իր ծախսած գազի գումարը, բայց եթե հանկարծ փորձի չվճարել այդ հորինովի՝ գազի սպասարկման ծառայության համար սահմանված գումարը, անմիջապես սպառնում են, որ կանջատեն գազը։ Անգամ հաշվի չեն առնում այն իրավիճակը, որն ստեղծվել է բնակչության մոտ հատկապես պատերազմի ավարտից հետո: Իսկ նույն բնակչությունը 5 հազարից ավելի զոհ, մոտ 10 հազար վիրավոր, անհետ կորածներ, գերիներ տվեց՝ նաեւ ապահովելով «Գազպրոմի» աշխատակիցների (գլխավոր տնօրենից մինչեւ հասարակ տեսուչներ) անվտանգությունը:

Այս հիմնարկում կարծես այնքան էլ լավ չեն պատկերացնում երկրում ստեղծված իրավիճակը եւ ահռելի թանկացումների ֆոնին ժողովրդի առջեւ ծառացած սարսափելի դժվարությունները։ Իրենց պահում են այնպես, կարծես ընդամենն արտասահմանյան մի մասնավոր ֆիրմա են, որին բացարձակապես չի հետաքրքրում երկրում ստեղծված բարդագույն իրավիճակը։ Կարծես ասում են՝ մեզ միայն մեր փողն է հետաքրքրում: Եթե ձեր մոտեցումն այդպիսին է, ապա էլ ի՞նչ լրացուցիչ սպասարկման գումարի մասին է խոսքը, որն արդեն տասնյակ տարիներ՝ առանց ոչինչ անելու, կամայականորեն գանձում եք այս խեղճ ու աղքատ ժողովրդից։ Եվ սա՝ այն դեպքում, երբ մի կերպ գոյատեւող ժողովրդի փողերով միլիոնների հասնող աշխատավարձեր եք ստանում: Այդ դեպքում բարի եղեք նշանակել այնպիսի աշխատավարձեր, ինչպիսին ստանում են հասարակ քաղաքացիները, քանզի որեւէ հիմքով դուք արտոնյալ չեք նրանցից եւ ոչ մի առավելություն չունեք հասարակ քաղաքացիների նկատմամբ: Ընդհակառակը. մեր ժողովրդի մեջ կան հազարավոր տաղանդավոր մարդիկ, որոնք բազմապիսի առավելություններ ունեն ձեր նկատմամբ: 

Կարո՞ղ եք բարձրաձայնել մեկ կամ մի քանի առավելություն, որ «Գազպրոմն» ունի, ասենք, Հայաստանի էլեկտրացանցերի կամ ջրմուղի նկատմամբ, հանուն որի դուք սպասարկման ծառայության համար լրացուցիչ վճար եք գանձում: Իսկ նրանք իրենց գործառույթները կատարում են առանց լրացուցիչ սպասարկման գումարի գանձման, եւ աշխատանքն էլ դրանից չի տուժում: Եթե մենք երկիր ու պետություն ենք, ապա նվազագույնը զարմանալ կարելի է, թե ինչպես է «սակագները կարգավորող հանձնաժողովն» այսքան տարիներ աչք փակում այս բացահայտ թալանի վրա, որեւէ քայլ չի ձեռնարկում։ Իսկ այդ սպասարկման գումարն ամսական ոչ ավել, ոչ պակաս՝ հարյուր միլիոնավոր դրամների է հասնում:

Ամբողջ ժողովրդի անունից դիմում եմ երկրի պատկան մարմիններին, որպեսզի անհապաղ այս բացահայտ անօրինականության դեմն առնեն՝ արգելեն, այսպես կոչված, սպասարկման վճարների գանձումը եւ ուսումնասիրություններ իրականացնեն, թե այս տարիներին գանձված գումարներն ուր են գնացել եւ ինչպես են ծախսվել։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ