Երեկ վաղ էր, այսօր՝ ուշ

Երեկ վաղ էր, այսօր՝ ուշ

Մեր ժողովուրդը (ոչ ամբոխը) գլխի էլ չընկավ, թե ինչ կատարվեց նոյեմբեր 9-ի ուշ գիշերը և 10-ի վաղ առավոտյան ընկած ժամանակամիջոցում: Ի՞նչը ստիպեց եռա­կողմ հայ­տարարության տեսքով հանդես գալ ոչ թե կրակի դադարեցման մասին, ինչին մինչ այդ ուղղված են եղել երեք գերտերությունների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) ջանքերը:

Ակնհայտորեն՝ ադրբեջանա-թուրքական ռազմական ուժի գործոնը: Կարելի է չկասկածել, որ բացի ԼՂԻՄ-ի ողջ տարածքից, կգրավվեր նաև Սյունիքը: Թեպետ, դա, մեր ընկալմամբ, ֆանտաստիկայի ժանրից է. Ռուսաստան, ՀԱՊԿ, ՄԱԿ և այլն: Անշուշտ, սխալ է անընդհատ հնչեցնել, թե թուրքերը կգրավեն Տավուշը, Սյունիքը: Դրանով թշնամուն կամա թե ակամա ուղերձ է ուղարկվում, որ մենք չենք բացառում նաև նման տարբերակը, մինչդեռ հարկավոր էր հասկացնել, որ մենք բացառում ենք ու դա համարում ցնորամիտ գաղափար: Ճիշտ կլիներ նման բան հայտարարելիս կամ գրելիս, անմիջապես ազգովի խարակիրի անեինք:

Ինչևէ, հավանաբար, ճնշումն այնքան ուժգին է եղել, որ նման սցենարը հնարա­վոր չի եղել բացառել. Նախիջևանի՝ «մոլեռանդների այդ հայրենա­կալ­վածքի» «կա­մա­վորական ճգնավորների» (BBC-իի բնորոշմամբ) հետ ուղղակի ցամաքային կապ հաստատելու համար: Գուցե BBC-ն էլ այն ժամանակ գլխի չի ընկել, որ մասնակից է դարձել թուրք-ադրբեջանական պատերազմի սանձազերծման, ամիսներ առաջ մեկնարկած, տեղեկատվական նախապատրաստմանը: 

Բայց, դրա մասին չէ խոսքը: Ինչու՞ են օրվա իշխանությունները թշնամու ռազ­մական գործոնն ավելի կարևորում, քան հայկական ռազմական ուժինը: Հայտնի հայտարարության բոլոր կետերը սրբորեն ու ժամանակին կատարվեցին, բացի ռազ­մագերիներին վերաբերվող կետից: Կատարվեցին նույնիսկ, այսպես կոչված, բա­նավոր համաձայնությունները: Ասված էր չէ՞, որ կողմի զորքը որտեղ կանգնած է, այնտեղ էլ մնում է կանգնած: Բայց հետո տեսանք, որ հակառակորդի զորքերը հա­սան ու, ըստ էության, մտան Սյունիք, սկսեցին ափալ-թափալ դեմար­կացիա անել: 

Իշխանության կողմից ընդունված արժեհամակարգ. ադրբեջանական բանակի ասածը «մեզ համար օրենք է», իսկ հայկական բանակինը՝ «ռազմական հեղաշրջման փորձ»: 

Ավելին,«իմքայլականները» դեռ, այսքանից հետո, կարողանում են մարդկանց աչքերին նայելով, հայտնել արտահերթ ընտրությունների գնալու և դրանցում իրենց մասնակցության մասին: Թեպետ ՀՀԿ- ն շատ սխալներ է թույլ տվել, բայց, արդա­րության համար պետք է ասել, որ այդ կուսակցությունը հեռացավ արժա­նա­պատիվ ձևով: Լավ, նրանցում չկա՞ գեթ մեկը, ով հասկանա, թե ինչ են արել, ինչ փոր­ձանք են բերել այս երկրի գլխին: Չկա՛: Հետևաբար, նկատի ունենալով, այն, որ ի թիվ այլ անհավանական քայլերի, բարոյական մեծ հարված է հասցվել ՀՀ ԶՈՒ-ին, վերջինս պետք է մաքրվի իրեն հասցրած անարգանքից: Ինչպես: Նախ, ամենագլխավորը. ոչ մի զորաշարժի մասին խոսք լինել չի կարող: 

Նկատի ունենալով այն, որ ՀՀ վարչական դատարանի 17.03.2021 թ. որոշմամբ, ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման ակտի կատարումը կասեցվել է մինչեւ այդ գործով վերջնական դատական ակտի կայացումը, ապա նպա­տակահարմար է, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբը հանդես գա եռօրյա ժամկետում Վարչապետի հրա­ժարականի մասին հայտարարություն – պահանջով: Պետք է մի բան հասկանալ, որ ստեղծված իրավիճակում Փաշինյանը կթողներ զբաղեցրած պաշտոնը, մինչդեռ նրա շրջապատը կպայքարի մինչև վերջ, ընդհուպ քաղա­քա­ցիական պատերազմ սան­ձազերծելը: ՀՀ ՊՆ ԳՇ-ն պետք է օգնի Փաշինյանին ոչ միայն հրաժարական տալու հարցում, այլև երաշխավորի նրա անվտանգությունը՝ իր իսկ կողմնակիցների հնարավոր ոտնձգություններից:

Երեկ վաղ էր, այսօր՝ ուշ:

Գագիկ Վարդանյան