Նոր Հայաստանի աղմկոտ պաշտոնանկությունները

Նոր Հայաստանի աղմկոտ պաշտոնանկությունները

Երեկ տեղի ունեցավ Նոր Հայաստանի հերթական աղմկոտ պաշտոնանկությունը․ հեռացավ թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոնի եկած հերթական պաշտոնյան։ 2018-ին Երեւանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը պարտադրված հրաժեշտ տվեց պաշտոնին, բայց մինչ այդ հանդես եկավ տպավորիչ ելույթով՝ մի քանի դրվագով բացահայտելով իրեն հեռացնելու պատճառները, եւ պատասխանեց իրեն ուղղված մեղադրանքներին։ Մարությանը հայտարարեց, որ ոչ թե ինքն է շեղվել հեղափոխության արժեքներից, այլ հեղափոխության միջոցով պաշտոն ստացածները, որոնք եկան ու անմիջապես բարելավեցին իրենց կյանքը:

Ասաց. «Հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր, փոխնախարարները՝ 1-ական միլիոն դրամ, եւ այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք, անկախ ամեն ինչից, պրոֆեսիոնալներ են եւ իրենց աշխատանքի դիմաց պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած եւ հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի՝ բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրե՛նց կյանքը։ Այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 %-ի սահմաններում»։  

Ապա, հավանաբար, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին՝ շարունակեց․ «Աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցն ինչ-որ վատ քոմենթ ա գրել կամ վատ ստատուսի տակ լայք ա դրել, իրեն պետք է աշխատանքից հանել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունը, ախր, նաեւ դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, երկիրը Ֆեյսբուքով չեն կառավարում, ախր ամեն ինչ Ֆեյսբուքում չի սկսվում ու վերջանում, հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ էստեղ եկել, ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած՝ մերժում էի բոլոր նման առաջարկները։ Բայց սա դեռ ծաղիկներն են։ Հետո սկսեցին էլի տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել ու իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, սա էսքան հարկ ավել անենք, էս հողն ընդլայնենք եւ այլն։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը` քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում»։

Հայկ Մարությանը թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոնի եկածներից ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, կարծում ենք, կլինի վերջինը, որ պաշտոնից հեռանում է եւ հեռանում է աղմուկով։ Նոր Հայաստանում սովորական է դարձել այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի լուրը: Միայն այն փաստը, որ երեքուկես տարում ԱԱԾ 5 տնօրեն է փոխվել, վկայում է այն մասին, որ կա՛մ Փաշինյանը չափազանց անհեռատես է կադրային քաղաքականության հարցում, կա՛մ էլ իր հետ աշխատելն է անհնար։  

Հրաժարականների շքերթի մեկնարկը թերեւս տվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը․ նա մոտ մեկ տարի պաշտոնավարելուց հետո 2019-ի կեսերին ինքնակամ հեռացավ պաշտոնից՝ կառավարության ղեկավարին ուղղելով իր հայտնի «Կանգ առ»-ի կոչը, որտեղ փոքր-ինչ բացահայտում էր փաշինյանական կառավարման ոճն ու վտանգները։ Հրաժարականի տեքստում Վանեցյանը գրել էր, որ «պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում... Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։

Հեղափոխական թիմի վարկանիշի պիկին, իհարկե, շատերին այս կոչը մնաց անհասկանալի եւ անգամ վրդովեցրեց, Վանեցյանին սկսեցին մեղադրել դավաճանության մեջ: Իսկ այն իշխանականները, որոնք մինչ այդ Վանեցյանին իրենց կուռքն էին դարձրել, Փաշինյանի ցուցումով կեղտոտ արշավ սկսեցին նրա դեմ: Հետագայում, իհարկե, ավելի հասկանալի դարձավ, որ Արթուր Վանեցյանը ներսից գիտեր, թե ինչ է կատարվում իշխանության մեջ, եւ ահազանգում էր այն վտանգների մասին, որոնք մեզ պատելու էին շատ ավելի ուշ:

Եթե Արթուր Վանեցյանի հրաժարականի դեպքում առկա էին թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգներ, որոնց մասին նա թեթեւ ակնարկեց, ապա մի քանի օր անց ոստիկանապետի պաշտոնից ազատված Վալերի Օսիպյանը գերադասեց լռել, թեեւ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ազատման պատճառը Փաշինյանի հրամանը չկատարելն է․ Օսիպյանը հրաժարվել էր Ամուլսարի ճանապարհը փակած բնապահպանների եւ ակտիվիստների նկատմամբ  բիրտ ուժ կիրառել: Ավելի ուշ Վանեցյանը լրագրողներին պատմեց, որ իջեւանյան ծառահատումների հայտնի դեպքերի ժամանակ Փաշինյանը հանձնարարել է իրեն եւ Օսիպյանին՝ «սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել». «Մեկնեցինք այնտեղ, իմ ու Վալերի Օսիպյանի աշխատանքի արդյունքում, չտրվեցինք այդ ապօրինի հրամանին ու էմոցիաներին...»։ Օսիպյանն էլ չէր հերքել։

Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հինգ պակաս հրաժարական տվեց նաեւ պատերազմի կեսերին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար նշանակված Միքայել Համբարձումյանը, որը հետո բացեց փակագծերը՝ ասելով, թե իր համար տարակուսելի է եղել՝ ինչու Փաշինյանն ավելի վաղ չէր կանգնեցնում պատերազմը, երբ դեռեւս հոկտեմբերի կեսերից ԳՇ պետը նրան զեկուցում էր անասելի կորուստների մասին: Համբարձումյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանն իրենից գաղտնի է պահել Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը հոկտեմբերի 19-ին դադարեցնելու առաջարկը եւ այլն։ 

Մինչեւ պատերազմը պաշտոնից հեռացվեց նաեւ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, որը հեղափոխության սիմվոլներից էր, եւ որին Փաշինյանի իշխանությունը կասկածում էր կոռուպցիոն գործարքների մեջ։ Միայն վերջերս Սանասարյանը սկսեց քննադատել Փաշինյանին՝ դեռեւս 2018-ին իր ղեկավարած կառույցի կողմից ՊՆ-ում ստուգումները կասեցնելու եւ այլնի հետ կապված։
2019-ի հոկտեմբերին պաշտոնից հեռացավ նաեւ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, որովհետեւ համարձակվել էր ոլորտային խնդիրների վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնել, որը չէր համընկնում վարչախմբի կարծիքին։ Աշխատանքից ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ՝ լրագրողների հետ զրույցում՝ ողջ կյանքում ոստիկանական համակարգում աշխատած 45-ամյա Քոչարյանը դեմ էր արտահայտվել ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին։ 

2019-ին հրաժարական ներկայացրեց նաեւ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ հայտարարելով, որ «չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության ոլորտում»։

Հեռացավ կամ հեռացվեց ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը, որն ազատվեց պատերազմից մեկ տարի առաջ: Նա հայտնի վերելակային հանդիպման ժամանակ Փաշինյան-Ալիեւ «բանակցությունների» միակ վկան էր:
Անհայտ մնացին նաեւ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի, ավելի վաղ` Արսեն Խառատյանի հեռացման պատճառները:

Փաշինյանի հետ բնապահպանական ոլորտում ունեցած անհամաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրին նաեւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը եւ փոխնախարար Վարդան Մելիքյանը:

Տնտեսական քաղաքականության հարցերում Փաշինյանի հետ անհամաձայնության արդյունքում աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Վերջինս ժամանակ անց վերադարձավ կառավարություն:

Իսկ պատերազմից հետո պարզապես հրաժարականների շքերթ սկսվեց՝ պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրին արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, ապա՝ Արա Այվազյանը, ԱԳ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանը, Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը, ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ մի շարք բարձրաստիճան զինվորականների աղմկոտ հայտարարություններն էլ դեռ չեն մոռացվել, որոնք նույնպես հեռացվեցին համակարգից։

Մանդատը վայր դրեցին ԱԺ մի խումբ պատգամավորներ, Երեւանի ավագանու անդամներ:
2018 թվականին հեղափոխություն արած անձանցից շատերն են հեռացել, 3 տարում տասնյակների չափ հրաժարականներ են եղել, եւ այդ ամենը քաղաքական ճգնաժամի հստակ ապացույցներ են: Ճգնաժամ, որն անգամ ընտրություններով չի հանգուցալուծվում: